Արմեն Գևորգյանն ու Տիգրան Մուկուչյանն ընդունել են ԵԽ կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է` հետեւելու մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին:
Ա. Գեւորգյանը նախ շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերի ընդունման եւ դիտորդական առաքելության իրականացման համար: Նա հյուրերին տեղեկություններ է ներկայացրել ընտրական գործընթացի մասին` նշելով, որ Երեւանի ավագանու ընտրությունները եւս, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները, անցկացվում են նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, որն անհրաժեշտ պայմաններ է ապահովում ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար:
Ա. Գեւորգյանը նշել է, որ Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվում են բավականին ուժեղ մրցակցային պայմաններում: Առաջադրվել է յոթ քաղաքական ուժ, որոնք ակտիվ քարոզարշավ են իրականացնում, այդ թվում` հեռարձակվող լրատվամիջոցներով: Բոլոր ուժերը հավասարապես ունեցել են սահմանված հնարավորությունները` ինչպես առաջադրվելու, գրանցվելու, այնպես էլ քարոզչություն իրականացնելու առումով:
Ընտրական հանձնաժողովներում եւս ոչ իշխանական քաղաքական ուժերը բավականին մեծ ներկայացվածություն ունեն, ինչը թույլ կտա լուրջ վերահսկողություն իրականացնել ինչպես հանձնաժողովների աշխատանքի, այնպես էլ ընտրական գործընթացի նկատմամբ:
Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ եւ, ըստ Ա. Գեւորգյանի, Երեւանի ՏԻ մարմինների ձեւավորման մոդելը կայանում է ու հետագայում հնարավոր է կիրառվի հանրապետության մյուս խոշոր քաղաքների դեպքում եւս:
Ա. Գեւորգյանը պատասխանեց նաեւ պատավիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
ԿԸՀ մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակաությունն ընտրական գործընթացներում:
Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով ԿԸՀ նախագահը ներկայացրել է տեղեկատվություն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվել են նաև ընտրական հանձնաժողովների կազմավորման, ընտրողների ցուցակների վարման և կազմման սկզբունքներին առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել