
Ալավերդու պղնձաձուլարանի արդիականացման համար նախապայմաններ չկան
Հարցազրույց «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հետ
«Վալլեքս» խմբի ըկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը 2011թ. հուլիսի 17-ին Ալավերդիում լրագրողներին տված իր հարցազրույցում հայտնել է ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու իր ծրագրի մասին: Անցել է գրեթե 2 տարի, սակայն գործարանի արդիականացման աշխատանքերը չեն սկսվում: Ո՞րն է պատճառը:
Այն պայմաններում, ինչ պայմաններում այսօր աշխատում է Ալավերդու պղնձաձուլարանը, գաղտնիք չկա, որ գործարանը կենսունակ չէ: Եթե մենք ունենանք պղնձաձուլարանի հզորությունների ավելացում, ապա երկարաժամկետ հեռանկարում դա կարող է լինել միայն պղնձաձուլարանի արդիականացման պայմանով: Դրա համար բազմաթիվ նախապայմաններ կան, որոնցից մեկը պղնձի բավարար հումքի առկայությունն է: Միջազգային ասպարեզում պղնձաձուլարաններ կամ չեն կառուցում, կամ կառուցում են այն դեպքերում, երբ առկա հումքի քանակությունը բավարարում է առնվազն 200,000 տոննա պղինձ արտադրելու համար: Մենք չունենք շատ խորը վերլուծություն, որ ես Ձեզ հիմա ճշգրիտ թիվ ասեմ`թե այ պետք է ունենանք 68 հազար տոննա պղինձ, որպեսզի կարողանանք նորմալ ձուլարան ունենալ, բայց ամեն դեպքում խոսքը 100,000-ին մոտ ծավալների մասին: Բացի դա, միջազգային շուկայում միտումներն ամենևին նպաստավոր չեն ձուլարանների համար: Հատկապես մինչև վերջին մի քանի ամիսները բավականին նպաստավոր էին լեռնահանքային ձեռնարկությունների համար: Բացառված չէ, որ Հայաստանում մենք ունենանք 100-150 հազար տոննա պղնձի ծավալ վերամշակելու հնարավորություն: Այնուամենայնիվ, Ալավերդու պղնձաձաձուլարանում որևէ արդարացում չկա հսկայածավալ ներդրումներ իրականացնելու համար: Ես կարող եմ ավելի կոպիտ ասել՝ 1տոննա հզորության համար ձուլարանում 3-3,5 հազար դոլար ծախս է կատարվում: Եթե մենք խոսում ենք 100,000 տոննա արտադրողականություն ունեցող ձեռնարկության մասին, այստեղ արդեն 300 մլն դոլար ներդրման մասին պետք է խոսք լինի, որպեսզի Ալավերդիում ունենանք ժամանակակից գործարան: Երրորդ խնդիրն էլ կա՝ ծծմբաթթվի խնդիրը: Այսօր Հայաստանում գործնականում բացակայում է ծծմբաթթվի շուկան` սպառումը: Մենք մինչև չկարողանանք այս խնդիրների լուծումները գտնել, չենք կարող խոսել Ալավերդիում ժամանակակից պղնձաձուլարան ունենալու մասին: Ես չեմ բացառում, որ, օրինակ, 1-2 տարի հետո, երբ մեր տարածաշրջանում կլինի 28 հազար տոննա պղինձ խտանյութի առկայություն, մենք որևէ այլ, էլի միջանկյալ, ոչ երկարաժամկետ հեռանկարում կենսունակ նյութ կկարողանանք գնել, որը թույլ կտա գուցե գործարանի հզորությունը կրկնապատկել, բայց արտանետումների ծավալները պարտադիր չավելացնելու պայմանով: Մենք հասկանում ենք, որ չունենք այն բարոյական մանդատը, որը մեզ թույլ կտա խոսել այսօր արտանետումների ծավալը ավելացնելու մասին:
Թեղուտի հանքավայրի շահագործումը 7 սարի հետևում չէ, այդ դեպքում որտե՞ղ եք մշակելու հանքավայրի խտանյութը:
Ավելի կոնկրետ կարող եմ ասել, որ մենք հույս ունենք, որ 2014թ. կեսերին արդեն Թեղուտում կունենանք պղնձի խտանյութի արտադրություն: Դա չի նշանակում, որ այդ խտանյութն ամբողջությամբ կամ թեկուզ մասնակիորեն պետք է մշակվի Ալավերդիում: Թեղուտի խտանյութը Ալավերդիում կվերամշակվի այն ժամանակ, երբ Ալավերդու պղնձաձուլարանը կարողանա առաջարկել Թեղուտի խտանյութի գնման ավելի լավ պայմաններ, քան մյուս հնարավոր գնորդները: Թեղուտը որքան էլ «Վալլեքս» խմբի կազմում գործող ձեռնարկություն է, բայց առանձին ձեռնարկություն է, ամբողջությամբ ֆինանսավորվում է ՎՏԲ բանկի կողմից, և եթե ոչ մենք, ապա առնվազն բանկը թույլ չի տա, որպեսզի մի ձեռնարկությունը սուբսիդավորի մյուսին: Կա լրջագույն վերահսկողություն բանկի կողմից:Եթե նման բան տեղի ունենա, ապա Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանը կաշխատի այնպես, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է աշխատում, այնպես, ինչպես աշխարհի հանքերի 5/6-րդ մասն է աշխատում:
Եվ ի՞նչ է դա նշանակում:
Դա նշանակում է, որ իր խտանյութը կվաճառվի, ոչ թե կվերամշակվի տեղում:
Այդ դեպքում ազգային հարստություն է մեր երկրից դուրս գալիս, այդ թվում՝ ոսկի և այլ թանկարժեք մետաղներ:
Ձեր կարծիքով՝ այլընտրանքը ո՞րն է: Եթե մենք չենք ուզում ազգային հարստություն դուրս գա մեր երկրից, ուրեմն պետք է ասենք՝ եկեք տիեզերանավեր արտադրենք, որ մեր պղինձը չգնա Ամերիկայում դառնա տիեզերանավ: Եկեք էստեղ տեղում արտադրենք, ես համաձայն եմ դրան: Եկեք մտածենք՝ ոնց արտադրենք, դուք մտածեք, մնացածը մտածեն: Բայց խոսենք իրատեսական հարցերի մասին, մոռանանք, որ եղել է Խորհրդային Միություն: Հիմա դժբախտաբար, թե բարեբախտաբար գործում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում, ցանկացած ծրագրի մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, եթե հիմնավորվում է այդ ծրագրի տնտեսական նպատակահարմարությունը: Մնացած բոլորը կարևոր նախապայմաններ են, բայց պարտադիր պայմաններ չեն:
Մեկնաբանել