HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչի՞ հաշվին է ՕԵԿ-ը Երեւանի բյուջեն ավելացնելու

Երկու օրից Երեւանի ավագանու ընտրություններն են: Մասնակցող 6 կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» դաշինքն իրենց նախընտրական ծրագրերում այնպիսի խոստումներ են շռայլում, որոնց իրագործման համար անհրաժեշտ են շատ լուրջ ֆինանսական միջոցներ: Իսկ որտեղի՞ց են այդ գումարները գտնվելու:

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը: Քաղաքական այս ուժն իր ընտրությամբ մայրաքաղաքի բնակիչներին առաջարկում է «առաջիկա 4 տարիների ընթացքում Երևանը դարձնել մրցակցայնության, գիտատար տնտեսության, մշակութային ժառանգության, սոցիալական ապահովության և մարդկային զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներով միջազգային չափանիշներին համապատասխանող բարեկեցիկ մայրաքաղաք»:

Բնակելի առանձնատների հոծ կառուցապատման տարածքներում ՕԵԿ-ն ընտրություններում հաղթելու դեպքում կկառուցի դպրոցներ, մանկապարտեզներ և պոլիկլինիկաներ, կվերանորոգի և կկահավորի քաղաքային ենթակայության թանգարանները, գրադարանները, երաժշտական դպրոցները, կբարձրացնի դրանց աշխատակիցների աշխատավարձերը:

Կրթության, առողջապահության, գիտության նոր տեխնոլոգիաների բնագավառներում Երևանը տարածաշրջանում կդարձնի առաջատարից մեկը: Երիտասարդ ընտանիքների համար կստեղծի երկարաժամկետ ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային վարկեր տրամադրող հիմնադրամներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին կտրամադրի ուսման երկարաժամկետ և ցածր տոկոսադրույթներով վարկեր՝ ներառելով հարակից ծախսերը` սնունդ, կեցություն, տրանսպորտ, ուսումնական պարագաներ :

Կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծումից, մինչեւ քաղաքային նոր այգիների, զբոսանքի վայրերի եւ պաշտպանիչ անտառաշերտերի հիմնում: Ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցումից, մինչեւ վթարային և քանդման ենթակա բազմաբնակարանային շենքերի հիմնախնդիրների անհապաղ լուծում. ՕԵԿ խոստումները բազմազան են ու ծախսատար, եւ կուսակցությունը առկա խնդիրները կլուծի «վճռորոշ և հիմնավորված, այլ ոչ թե իմիտացիոն ու կոսմետիկ բնույթի քայլերով»:

Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկրի» նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է նախկին ՀՀԿ-ական եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Շահինյանը: Նա շեշտում է, որ մայրաքաղաքի այսօրվա բյուջեն իրատեսական չէ, եւ այն կարելի է առնվազն եռապատկել՝ հասցնելով տարեկան 450-ից 500 միլիոն ԱՄՆ դոլարի: Ավելին՝ Շահինյանը կիսում է ընդդիմադիրների այն կարծիքը, որ Երեւանի այսօրվա բյուջեում ուռճացված ծախսերը շատ են, եւ գումարներն արդյունավետ չեն օգտագործվում:

«Եթե քաղաքացին տեսնում է, որ տվյալ ոլորտում աշխատանք է կատարվում, ուրեմն ճիշտ են: Այլ բան է, որ մենք ուղղակի կարող ենք հաշվարկներ անել: Բայց եթե թվերը կան, իսկ գործը չի տեսնում քաղաքացին, ուրեմն մենք չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք մեր քաղաքացու ոչ միայն վստահությունը, այլ նաեւ թափանցիկությունն ապահովենք մեր աշխատանքի»,- ասում է Հովհաննես Շահինյանը եւ հավելում, որ եթե քաղաքապետարանի գործունեությունը թափանցիկ լիներ, քննարկման առարկան ոլորտների զարգացումը կլիներ. «Իսկ մենք այսօր քննարկում ենք, թե այդ ոլորտներն ինչպես բերել իրավական դաշտ»:

Իսկ ինչի՞ հաշվին է ՕԵԿ-ը Երեւանի բյուջեն եռապատկելու: Շահինյանը մանրամասնում է, որ տարբեր հարկատեսակներից պարզապես մայրաքաղաքի բյուջեի համար մասնահանումներ են արվելու, օրինակ՝ Երեւանի տարածքում գրանցված ռեձնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների շահութահարկից եւ եկամտահարկից:

Այսինքն՝ գումարների մի մասը պետբյուջեի փոխարեն այսուհետ կուղղվեն քաղաքայի՞ն բյուջե: Հարցին ի պատասխան՝ Շահինյանը նշում է, որ այո, այդ ընկերություններչը գրանցված են Երեւանի տարածքում եւ պետք է հատկացումներ անեն քաղաքին:

«Քաղաքային տրանսպորտն ամբողջությամբ պետք է բերվի քաղաքային ենթակայության տակ: Բացի դրանից՝ մայրաքաղաքի տարածքում գտնվող տեսախցիկներից պետք է կոնկրետ տոկոսային հարաբերակցությամբ գումար մտնի քաղաքային բյուջե: Ժառանգականության, կադաստրում գրանցման հետ կապված ծախսերից, եթե դրանք բոլորը քաղաքի տարածքումշ են, իհարկե, պետք է մասնաբաժին բերվի քաղաքի բյուջե: Արդյունքում քաղաքն ինքը կարող է հավելյալ լրացնել մանկավարժների աշխատավարձը եւ կյանքի կոչել տարբեր սոցիալական ծրագրեր»,- ասում է ՕԵԿ-ական Շահինյանը:

Նրա խոսքերով՝ Երեւանի բյուջեն եռապատկելու իրենց խոստումը համեստ հաշվարկների արդյունք է, քանի որ իրականում թվարկված քայլերով առաջիկա 4 տարիներին այն կարելի է դարձնել 700 ԱՄՆ դոլարից ոչ պակաս:

«Ցավոք, 2009թ. ընտրություններում «Օրինաց երկիրը» չի հաղթահարել անցողիկության շեմը: Բայց ես կարծում եմ, որ այսօրվա թիմը, որով մենք ներկայացված ենք՝ ի դեմս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, մրցունակ է: Մեր ցուցակում մարդիկ են ընդգրկված, որոնք համակարգեր են կայացնում: Հենց Արմեն Երիցյանի ղեկավարած նախարարությունը կոնկրետ օրինակ է, թե ինչպես կարելի է 3 տարվա ընթացքում ստեղծել մի համակարգ, որը աշխարհի լավագույն 50-ի մեջ է»,- եզրափակում է Հովհաննես Շահինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter