HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաջիկ գիտնական Շավքաթ Կասիմովն ու Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը

Վերջերս շատ է խոսվում Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը ցեղասպանագիտության հողի վրա դնելու անհրաժեշտության, նույնիսկ հրատապության մասին։ Զուգահեռներ է անցկացվում հրեաների Հոլոքոստի հետ, որը պատերազմից անմիջապես հետո ճանաչվեց՝ որպես ցեղասպանություն, և Գերմանիան մինչև այսօր դեռ չի կարողանում ազատվել բարոյական և նյութական պատասխանատվությունից։ Դա իհարկե տեղի ունեցավ հրեա ժողովրդի ճիշտ քաղաքականության արդյունքում։

Զուգահեռաբար՝ մոտենում ենք Հայաց ցեղասպանության 100 ամյակին, բայց Հայոց ցեղասպանությունը մենք դեռ աշխարհին փորձում ենք ներկայացնել ու համոզել՝ համարյա առանց գիտական փաստարկների։ Հոլքոստի ուսումնասիրման հարյուրավոր կենտրոններ բացվեցին ու գրվեցին հազարավոր հոդվածներ, իսկ մենք ամբողջ աշխարհում ունենք 2–3 գիտական կենտրոն և այսօր աշխարհում գոյություն ունեցող ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային երեք պարբերականներից (Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies եւ Genocide Studies and Prevention) և ոչ մեկում հայաստանյան գիտնականների կողմից գրված և ոչ մի հոդված չունենք։

Մենք իհարկե ունենք արդարացումներ՝ առաջին, որ 15 թվին մենք չունեինք գիտություն, հետևաբար՝ չէինք կարող հարցին ցուցաբերել գիտական մոտեցում։ Այնուհետև՝ խանգարիչ հանգամանք հանդիսացավ ԽՍՀՄ–ի վարած քաղաքականությունը, բայց անկախացման քսան և ավելի տարիներն արդեն չունեն ոչ մի արդարացում։ Այս հարցն արդեն դուրս է եկել բացատրելի բոլոր սահմաններից ու պահանջում է լուրջ ու համակարգված մոտեցում։ Հայտնվեցին անհատ–բարերարներ, որոնք փորձում են խթանիչ դեր խաղալ՝ ի նպաստ Հայաստանում ցեղասպանգիտության զարգացման։

Եվ ահա «Տաշիր» հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության համատեղ ջանքերով, ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, կազմակերպվեց մրցանակաբաշխություն՝ ինդեքսավորվող կամ ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար։

Մրցույթին մասնակցելու համար, բացի Վահրամ Այվազյանից (Զորյան Ինստիտուտի Ցեղասպանգիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ) և Տիգրան Սարուխանյանից (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոնստանցի համալսարանի այցելու գիտաշխատող), դիմել է նաև ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը (Shavkat Kasymov, Նոտր Դամ  համալսարան, Ինդիանա, ԱՄՆ)՝ իր  «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատությամբ։ Զրուցեցինք Շավքաթի հետ։

Շավքաթ, վերջերս Դուք «Հասարակական ինքնություններ» պարբերականում հրատարակել եք «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» հոդվածը։ Կարո՞ղ եք ասել, թե ինչու եք հոդված գրել Հայոց ցեղասպանության մասին:

Այս հոդվածը որոշեցի գրել, քանի որ կարծում էի, որ կարիք կա հարգելու այդ դժբախտ իրադարձությունների զոհերի հիշատակը՝ հաշվի առնելով դրա հարյուրամյա տարելիցը 2015 թվականին: Հայոց ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ մեկուկես միլիոն մարդկային զոհերի: Ես կարծում եմ, որ մենք կրկին պետք է բարձրացնենք մեղքի և պատասխանատվության հարցը, քանի որ բազմաթիվ վերլուծությունների հիման վրա, դրանց թվում նաև՝ իմ, Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության նպատակային մտադրությունն էր: Ի թիվս այլ նպատակների՝ այն նպատակ ուներ ոչնչացնել առկա քրիստոնյա ժողովուրդներին, գլխավորապես՝ հայերին, հույներին, ասորիներին:

Կարող ե՞ք հակիրճ բացատրել Ձեր հոդվածի գլխավոր պնդումները և նպատակը:

Հոդվածն ընդգրկում է ցեղասպանագիտության մեջ առկա երկու տեսական մոտեցումներ և քննարկում է` թե ինչու մեկ տեսակետը ավելի գերակա է մյուսի նկատմամբ՝ հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության օրինակը:

Մի տեսակետն առաջարկում է այն դրույթը, համաձայն որի` ցեղասպանությունը արդյունք է նշանակալի համակարգային փոփոխությունների, ինչպիսիք են՝ պատերազմները, հեղափոխությունները, տնտեսական, քաղաքական ճգնաժամերը:  Թեև այն կարևոր ներդրում է հանդիսանում ցեղասպանագիտության ոլորտում, այն չի բացահայտում զանգվածային սպանության գլխավոր շարժիչ ուժը: Մյուս տեսակետը ենթադրում է, որ ցեղասպանությունը սկիզբ է առնում իշխող էլիտայի քաղաքականությունից:

Իմ հոդվածն առաջադրում է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունը արդյունք էր քաղաքական և ռազմավարական այն նպատակների, որոնցով առաջնորդվում էր օսմանյան քաղաքական վերնախավը՝ դիտելով Օսմանյան կայսրությունը միատար ազգային միավորում ստեղծելու գլխավոր ուղին՝ որպես վերջնական որոշում՝ հայերին բռնագաղթի ենթարկելու և նրանց ոչնչացնելու մեջ:

Հայոցկական փոքրամասնությունը երիտթուրքերի կողմից դիտարկվեց՝ որպես խոչընդոտ պանթուրքիզմի, այն պանթուրքիզմի, որն ի վերջո հանգեցրեց ժամանակակից Թուրքիայի ստեղծմանը: Իմ փաստարկները հիմնավորելու համար ես հիմք եմ ընդունել էմպիրիկ ապացույցները, երկրորդային աղբյուրները և տեսությունները:

Պլանավորո՞ւմ եք ապագայում գրելու նոր հոդվածներ այս խնդրի վերաբերյալ:

Այո, ցանկություն ունեմ գրելու լրացուցիչ հոդվածներ հայոց ցեղասպանության վերաբերյալ, հատկապես` երբ կարողանամ գտնել առաջնակարգ սկզբնաղբյուրներ և էմպիրիկ ապացույցներ:  Ընդհանրապես, կարծում եմ, որ չպետք է ցեղասպանության խնդրին անդրադառնալ միայն պատմագիտական տեսանկյունից, այլև՝ ցեղասպանագիտության, որպեսզի հնարավոր լինի վերլուծություններն իրականացնել ավելի բարձր մակարդակով։ Գիտության այս ճյուղի հեռահար նպատակը պետք է լինի` մշակել ու ապա իրագործել այնպիսի քաղաքականություն, որը կբացառի ապագայում նմանատիպ վայրագությունների իրականացումը:

Այսպիսով, ինչպես նշում է ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը, ոչ միայն պետք է զարմանալ, այլ նաև ուրախանալ այն փաստի վրա, որ Հայոց ցեղասպանության ոլորտում միջազգային պարբերականում հրատարակված հոդվածը մրցանակի է ներկայացրել ազգությամբ տաջիկ գիտնական: Նա հեղինակի, վերջերս Լոնդոնում լույս տեսած, վերը նշված հոդվածը շատ դրական է գնահատում:

Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության ոլորտը միշտ գտնվել է ՀՀ նախագահի ուշադրության ներքո: Վերջին տարիներին ոլորտի ֆինանսավորումը եռապատկվել է: Կան նաև անհատ-բարերարներ, որոնք խոստանում են՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահել ոլորտի խնդիրները և խթանել հաջողությունները։ Եվ եթե տաջիկ գիտնականը, այն էլ՝ երիտասարդ և գիտական անստիճան չունեցող, կարող է հանդես գալ մեր ազգի համար այդքան կարևորություն ունեցող խնդրի մասին հոդվածի հրատարակումով, ապա հայազգի գիտնականի համար դա պիտի որ դժվարություն չներկայացնի։

Մնում է՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ծրագիրի մնացած 2 տարիներն օգտագործել ավելի ռացիոնալ և Հայոց ցեղասպանության 100–ամյակին աշխարհին ներկայացնել գիտական նկատելի արդյունք։

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
«Զուգահեռաբար՝ մոտենում ենք Հայաց ցեղասպանության 100 ամյակին, բայց Հայոց ցեղասպանությունը մենք դեռ աշխարհին փորձում ենք ներկայացնել ու համոզել՝ համարյա առանց գիտական փաստարկների։» Որոշ չափով ոչ հստակ պնդում: Հեղինակը ի՞նչ նկատի ունի՝ Հայաստան, կամ Սփիւռք կամ միջազգային գետնի վրայ: Ինձ թւում է որ մի գուցէ այդքան ել «ծանոթ» չի տարած գիտական աշխատանքի ծաւալներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter