
Քաղաքապետարանի «մտքի» թռիչքը` ի շահ Մայրապետյանի
Պուշկինի 38 հասցեում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն բազմահարկ շենք է կառուցում: Տարածքը 4 կողմից շրջապատված է բնակելի շենքերով, եւ դրանցից մեկի` Պուշկինի 40 շենքի բնակիչ Անահիտ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետին խնդրել է տրամադրել շենքի կառուցման համար ՍՊԸ-ին տրված ճարտարապետաշինարարական նախագիծը:
Քաղաքապետարանը, սակայն, փայլել է մտքի թռիչքով: Ճարտարապետության եւ շինարարության վարչության պետ Քասարյանը գրավոր պատասխանել է, թե նախագիծը համարվում է հեղինակային իրավունքի օբյեկտ, ուստի դրա տրամադրումը կարող է դառնալ հեղինակային իրավունքի խախտում:
«Սա ուղղակի անհիմն պատճառաբանություն է: Ես` որպես բնակիչ, իրավունք ունեմ տեղեկություններ ստանալ իմ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, հրապարակված քաղաքաշինական ծրագրերին եւ նախագծերին»,- ասում է մասնագիտությամբ փաստաբան Անահիտ Բեգլարյանը:
Այս ամենը կրկին հիշեցնելով քաղաքապետ Կարեն Կարապետյանին` երկրորդ դիմումով Անահիտ Բեգլարյանը շեշտել է, որ վերջինս, իբրեւ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, պարտավոր է ապահովել բնակչության տեղեկացվածության իրավունքի իրացումը: Ավելին, մինչ «Լոկալ Դիվելոփըրզին» շինարարության թույլտվություն տալը` քաղաքապետարանը, համաձայն ՀՀ Սահմանադրության, ճարտարապետաշինարարական նախագիծը պետք է ներկայացներ հարակից շենքերի բնակիչների քննարկմանը:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն այս տարվա մայիսին քաղաքապետարանին դատի է տվել, ինչպես ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն է ասում՝ ամեն ինչ գաղտնի, հասարակությունից թաքուն պահելու եւ նմանօրինակ խայտառակ պատասխաններ տալու համար: ՀԿ-ն իր հերթին դիմել էր քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել Կառավարության որոշումներով «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքները, այդ թվում՝ Պուշկինի 38-ն իրացնելու նպատակով կառուցապատողին («Լոկալ Դիվելոփըրզին») տրված ճարտարապետաշինարարական առաջադրանքի նախագծի պատճենը: Վարչական դատարանը գործն արդեն ընդունել է վարույթ:
«Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն 25 հազարական դրամով հիմնադրել են ամուսիններ Սամվել Մայրապետյանը, որն ավելի շատ հայտնի է իբրեւ «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, եւ Գոհար Քյալյանը` Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը:
Ընկերության իրավաբանական հասցեն Տերյան 71-ն է, սակայն այստեղ նման ընկերություն ոչ եղել է, ոչ էլ կա: Այս խոշոր ընկերությունը գրանցված չէ տեղեկատվական ծառայություններում, չի լինում նաեւ 300 խոշոր հարկատուների ցանկում: Չնայած սրան` այս անհասցե ընկերությունով Սամվել Մայրապետյանն իրականացրել եւ իրականացնում է լայնածավալ շինարարական գործունեություն:
ՍՊԸ-ն Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից է, վերակառուցելու է Կոզեռն թաղամասը, Կենտրոն համայնքում շահագործել է մի շարք նորակառույցներ, հիմա էլ պետք է օտարի Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող նախկին «Պիոներ» կինոթատրոնի հատվածը, իրացնի Լալայանց, Կողբացի եւ Տերյան փողոցներով պարփակված տարածքը` Պուշկինի 38-ում կառուցելով բազմաբնակարան շենք:
Այս ամենը, բնականաբար, Մայրապետյանին վերապահվել է կառավարության «էլիտար» որոշումներով: Քաղաքի կենտրոնում վերը նշված հատվածի օտարումը եւ Պուշկինի 38-ում բազմահարկի կառուցման իրավունքը վերջինիս տրվել է 2007 թ. մարտին` 347-Ն որոշմամբ, որով սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2009 թ. հունվարի 1-ը: Ու քանի որ այդ ընթացքում Մայրապետյանը «գործը» գլուխ չի բերել, Կառավարությունը 2009 թ. փետրվարին ընդունել է նոր որոշում` 168-Ն, եւ վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2011թ.: Մայրապետյանն այս անգամ Պուշկինի 38-ի շինարարությունը սկսել է` փորել է մեծ փոս եւ անցել շենքի հիմքի աշխատանքներին:
«ԾԻԳ-ի նախկին տնօրենը ժամանակին գրավոր տեղեկացրել է, որ նորակառույցը լինելու է 10 հարկանի: Հիմա 12 հարկանի շենքի մակետ են փակցրել, վաղն էլ կկառուցեն 16 հարկ, ու ինչ ուզում, անում են,- ասում է Անահիտ Բեգլարյանը,- բայց եթե նույնիսկ 10 հարկ կառուցվի, 4 կողմից շրջապատող շենքերը, որ ավելի ցածր են, զրկվելու են արեւի լույսից ու մաքուր օդից: Իսկ նախկինում դա մեր բակն էր` կանաչապատ տարածք, երեխաների խաղահրապարակ»:
Հարակից շենքերի բնակիչները 229 ստորագրությամբ վավերացված դիմում-բողոք են ուղարկել բոլոր պատկան մարմիններին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք մանրամասնել են, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի սահմանած գերակա շահի նպատակներից եւ ոչ մեկն այս պարագայում առկա չէ:
Հակառակը, «շենքի կառուցման դեպքում կոտնահարվեն հանրության շահերը, անհնարին կդառնա շրջակա միջավայրի պահպանությունը, հակահրդեհային տեխնիկայի մուտքը Լալայանց 37, Կողբացի 42 եւ Պուշկին 40, Տերյան 19, 23, 25 շենքերի բակ: Կքայքայվի բնակիչների առողջությունը, քանի որ շինարարական աշխատանքները սկսվելուց հետո հատկապես Կողբացի 42 եւ Պուշկին 40 շենքերին հարող մասում խոնավություն է առաջացել, նույն մասում վթարի է ենթարկվել կոյուղին, մի քանի անգամ շինարարական նպատակներով ցանկապատված պատի փլուզումներ են եղել»:
Երկրի նախագահին հասցեագրված նամակով բնակիչները տեղեկացրել են նաեւ, որ «Լոկալ Դիվելոփըրզը» իրենց բակում հատել է մի շարք ծառեր, «իսկ մի քանի ծառ թեպետ չեն հատվել, սակայն հեռացված է վերջիններիս աճի համար անհրաժեշտ հողը, եւ դրանք բնական ճանապարհով կչորանան»:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի ստորագրությամբ «Լոկալ Դիվելոփըրզին» տրված շինարարության թույլտվության մեջ նշված է, որ այն տալուց առաջ անցկացվել է պարզ փորձաքննություն: Քաղաքաշինության նախարարն էլ, անդրադառնալով հարցին, թե ինչու է անցկացվել միայն պարզ փորձաքննություն, նշել է, որ «Հյուսիսային պողոտայի կառուցապատման չափորոշիչները հաստատվել են դեռեւս Կառավարության 2000 թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ եւ հետագայում ամրագրվել փորձաքննություն անցած (այդ թվում նաեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասով) եւ Կառավարության կողմից 2005 թ. հաստատված Երեւանի գլխավոր հատակագծում»: Ուստի, խնդրո առարկա շենքերի համար կրկին փորձաքննության կարիք չի առաջացել:
Անահիտ Բեգլարյանն ասում է, որ իրականում իրենց շենքերը Հյուսիսային պողոտայի ծրագրում ներառված չեն եղել: Հետեւաբար, շինարարության թույլտվության համար անհրաժեշտ, այն էլ պարտադիր փորձաքննություններ չէին կարող անցկացվել: Իսկ եթե այդպիսիք չեն անցկացվել, ուրեմն «Լոկալ Դիվելոփըրզին» քաղաքապետի տված շինթույլտվության իրավունքն ուղղակի ապօրինի է:
Շենքերի մեջտեղում` Պուշկինի 38-ում, կառուցվելիք բազմաբնակարանը, բնականաբար, գրավիչ չի լինելու գնորդների համար, քանի որ, զրկելով հարակից շենքերին բակից ու կանաչ տարածքից, ինքն էլ է զրկված լինելու դրանցից: Ուրեմն ինչո՞ւ է Մայրապետյանը հենց այս հատվածն ընտրել, երբ, կարծես թե, նա որեւէ պրոբլեմ չունի, ու Կառավարությունը, հանուն նրա, կարող է «գերակա շահ» ճանաչել քաղաքի գրեթե ցանկացած հատված: Պուշկինի 38-ը գտնվում է օտարման տակ ընկած եւ «Լոկալ Դիվելոփըրզին» տրված Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի հարեւանությամբ: Մայրապետյանը, ըստ էության, որոշել է կառուցվելիք բազմաբնակարանում բնակեցնել հիշյալ շենքերի բնակիչներին:
Դեռ 2008 թ. ԾԻԳ-ի այն ժամանակվա տնօրեն Ռոբերտ Հարությունյանը այս երեք շենքերի բնակիչներին հայտնել է, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն պատրաստ է նրանց ունեցած բնակարանի մակերեսով բնակարաններ տրամադրել Պուշկինի 38-ում կառուցվելիք շենքում:
«Մայրապետյան Սամվելը մարդկանց այնպիսի գին է առաջարկում, որ նրանք ստիպված ընտրեն չարյաց փոքրագույնը եւ համաձայնվեն տեղափոխվել այդ նոր կառուցվող շենք: Այսինքն` նա կրկնակի, քառակի շահում է»,- ասում է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը: Նրա 81 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարանի դիմաց «Լոկալ Դիվելոփըրզն» առաջարկել է մոտ 70 հազար ԱՄՆ դոլար: Սա, ըստ Գերավետյանի, ուղղակի ծիծաղելի գին է` բնակարանի շուկայական արժեքից մոտ 4 անգամ քիչ: Անշարժ գույքի գործակալություններն էլ, Գերավետյանի փոխանցմամբ, երբ իմանում են, որ խոսքը գերակա հանրային շահ ճանաչված շենքերի մասին է, ուղղակի հրաժարվում են որեւէ գնահատում կատարել: Մայրապետյանն ինչպե՞ս է վարվելու Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի հետ, դեռ ոչ ոք չգիտի: Բայց Վարդան Գերավետյանը վստահ է, որ դրանք չեն քանդվելու:
«Որովհետեւ շենքերից ոչ մեկը վթարային չէ: Այսօրվա չափանիշներով` դրանք իսկական էլիտար բնակարաններով շենքեր են` կառուցված Ստալինի ժամանակ: Առաստաղի բարձրությունը 3,3 մետր է, եւ, բնականաբար, Մայրապետյանը նորը չի կառուցելու, ուղղակի այդ 4 հարկանիների տանիքը կքանդի, վրան հարկեր կավելացնի, բնակարաններն էլ շուկայական գներով կվաճառի: Վերջ, սա է գերակա հանրային շահը»,- ասում է Գերավետյանը:
Սակայն «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահն էլ ասում է, որ 4 հարկը վերակառուցելով Մայրապետյանը չի կարող վրան շատ հարկեր ավելացնել: Իսկ քանի որ «բիզնես տեսանկյունից շենքը որքան բարձր, այնքան լավ, գերակա շահն էլ իրականում բիզնես պրոյեկտ է, Մայրապետյանը պարտադիր այդ շենքերը կքանդի եւ կկառուցի շատ բարձրահարկ շենքեր»: Իր ասածները փաստարկելու համար Սեդրակ Բաղդասարյանը հիշեցնում է Կառավարության 774 որոշումը, որով արգելվել է Հյուսիսային պողոտայում Օպերայի երկրորդ հարկից բարձր շենք կառուցել. «Բայց հետո ապօրինաբար, առանց համապատասխան որոշման, Հյուսիսային պողոտան կառուցեցին այնպես, որ ամենացածր շենքի բարձրությունը 30 մետր է»:
Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերնի բնակիչների մեծամասնության հետ «Լոկալ Դիվելոփըրզ» պայմանագրեր դեռ չի կնքել, իսկ կնքողների մի մասը դա արել է այս տարի: Մինչդեռ կառավարության` տարածքը գերակա շահ ճանաչող 2-րդ` 168-Ն որոշմամբ սահմանված ժամկետն այս տարվա հունվարի 1-ին լրացել է: Ստացվում է, որ նշյալ 3 շենքերն այլեւս օտարման տարածքում չեն: Բայց սա, ըստ Գերավետյանի, ոչինչ չի նշանակում, որովհետեւ Կառավարությունը, ի շահ Սամվել Մայրապետյանի, կարող է ընդունել 3-րդ, անհրաժեշտության դեպքում` 4-րդ որոշումը` ժամկետներն անընդհատ երկարաձգելով:
«Ու մեզ պետությունը, ավելի ճիշտ` մի խումբ անձինք, պահում են պատանդի կարգավիճակում: Ով իմանում է` գերակա շահի տակ ենք, ձեռքերը լվանում է: Ոչ կարողանում ենք բնակարանները վաճառել, ոչ բանկն է դրանք գրավ վերցնում` վարկ տալու համար, ոչ էլ նույնիսկ կարողանում ենք մեր տունը վարձով տալ, որովհետեւ հիմնականում մարդիկ ուզում են 1 տարով պայմանագիր կնքել»,- շարունակում է Վարդան Գերավետյանը: Երեք շենքի բնակիչներից 22-ը կառավարության 347-Ն որոշումը միասնական հայցով ներպետական ատյաններում անարդյունք վիճարկել է: Հիմա գործը Եվրադատարանում է, եւ վերցվել է դիտարկման: Վերջիններս ներպետական ատյաններում վիճարկում են նաեւ կառավարության մյուս` 168-Ն որոշումը` պահանջելով այն անվավեր ճանաչել:
Իսկ Պուշկինի 38 հասցեի հարակից շենքերի բնակիչների դիմումով` խնդրով սկսել է զբաղվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Բնակիչները հույս ունեն, որ օմբուդսմենի աջակցությամբ կհասնեն շինարարության դադարեցմանը, եւ «Լոկալ Դիվելոփըրզը» կվերականգնի իրենց կանաչապատ բակը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել