HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչի՞ հաշվին է «Առաքելությունը» Երեւանի բյուջեն ավելացնելու

Երկու օրից Երեւանի ավագանու ընտրություններն են: Մասնակցող 6 կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» դաշինքն իրենց նախընտրական ծրագրերում այնպիսի խոստումներ են շռայլում, որոնց իրագործման համար անհրաժեշտ են շատ լուրջ ֆինանսական միջոցներ: Իսկ որտեղի՞ց են այդ գումարները գտնվելու:

«Առաքելություն» կուսակցությունը Երեւանը պատկերացնում է այնպիսին, որի այցեքարտը կլինեն հարմարավետությունը և մաքրությունը, որի բնակիչները կունենան բարեկեցիկ եւ անվտանգ կյանք: Նախընտրական ծրագրում կուսակցությունը խոստանում է նաեւ Երեւանի բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինել նորերով, կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր եւ աստիճանաբար ընդլայնել մետրոպոլիտենի ցանց՝ նոր կայարաններ կառուցելով Աջափնյակում, 15-16-րդ թաղամասերում, ՀԱԹ-ում, Կենտրոնական ավտոկայանում, Կոմիտասի պողոտայում, Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում եւ Հյուսիսային ավտոկայանում:

Իր առաջին առաքելությունը սկսած կուսակցության 29 հոգանոց ցուցակը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը: Նա ընդունում է, որ իրենց բարձրացրած խնդիրների լուծման համար շատ մեծ գումարներ են պետք, թե կոնկրետ ինչքա՞ն, կուսակցությունում չեն հաշվել: Բայց Առաքելյանը վստահեցնում է, որ Երեւանն ունի մեծ ռեսուրսներ եւ արդյունավետ կառավարման դեպքում իրենց խոստումները կիրականանան:

«Եթե գումարները չվատնվեն, ծախսերի մասը, որ այսօր կազմում է 66 մլրդ դրամ, մենք համոզված ենք, որ այդ գումարով կարելի է ստանալ ավելի մեծ արդյունք,- ասում է Մեսրոպ Առաքելյանը,- կոռուպցիան շատ մեծ է, քանի որ երբ նայում ենք քաղաքապետարանի ծախսերի կառուցվածքին, այն մակարդակի չէ, ինչ-որ պետք է, եւ կուզենայինք, որ լիներ»:

Առաքելյանը հատուկ ընդգծում է, իրենք դեմ են որոշ քաղաքական ուժերի այն մոտեցմանը, ըստ որի՝ անհրաժեշտ է ինչ-ինչ հարկատեսակներից մասնաբաժին հանվել նաեւ քաղաքի բյուջեի համար. «Եթե պետական բյուջեից փոփոխության արդյունքում գումարների մի մասը մտնի մայրաքաղաքի բյուջե, ուղղակի գումարելիների տեղերն ենք փոխում. արդյունքում ոչ մի բան չի փոխվում: Իսկ մենք ներկայացնում ենք մի ծրագիր, որը հնարավորություն կտա Երեւանի բյուջեն տարեկան 20 մլրդ դրամով ավելացնել»:

Մեսրոպ Առաքելյանը նշում է այն աղբյուրները, որոնք կարող են մայրաքաղաքի բյուջեի համար նշված գումարների հոսքն ապահովել: Նախ՝ տրանսպորտի կառավարումն ամբողջությամբ տնօրինում է հենց քաղաքապետարանը, ինչը հնարավորություն կտա Երեւանի բյուջեն տարեկան ավելացնել 9-ից 10 մլրդ դրամով:

«Սրա շնորհիվ 1 տարվա ընթացքում կբարեփոխենք ամբողջ տրանսպորտային համակարգը, ընդ որում՝ մենք միտված ենք ոչ թե մեծածավալ չինական կամ կորեական ոչ այնքան որակյալ ավտոբուսներ ունենալ մեր քաղաքում, այլ ունենալ նաեւ միկրոավտոբուսներ, քանի որ այդ մեծածավալ ավտոբուսներն ավելի մեծ խնդիրներ են առաջացնում. ընդամենը 1-2 ավտոբուսը կարող է կաթվածահար անել մի ամբողջ պողոտայի երթեւեկությունը»,- նշում է «Առաքելության» քաղխորհրդի անդամը Մ. Առաքելյանը: Այս կերպ, ըստ նրա, ընդամենը 1 տարի հետո կունենանք տրանսպորտային բարեփոխված համակարգ, իսկ հետագա տարիներին այն կդառնա ինքնաֆինանսավորվող: Ուստի՝ 9-ից 10 մլրդ դրամն արդեն կուղղվի մետրոպոլիտենի զարգացմանը:

Բյուջեն էականորեն ավելացնելու երկրորդ աղբյուրը, «Առաքելության» կուսակցության համոզմամբ, կարող է դառնալ համատիրության համակարգի վերացումը, քանի որ քաղաքում գործող մոտ 500 համատիրությունները հսկայական գումարներ են հավաքագրում, բայց ծախսում են ոչ արդյունավետ. հավաքագրված փողի միայն 30 տոկոսով իրենց գրասենյակային ծախսերն են հոգում եւ իրենք իրենց աշխատավարձ վճարում:

«Բազմաբնակարանները բոլորն ունեն նույն խնդիրները, եւ մենք առաջարկում ենք կենտրոնացված ձեւով առավել արդյունավետ եւ ավելի քիչ ծախսերով կատարել բարեփոխումները՝ եւ վերելակների փոխարինումը, եւ շենքերի արտաքին լուսավորումը եւ մնացած հարցերը»,- հավելում է Առաքելյանը:

Երեւանի բյուջեն համալրելու երրորդ ռեսուրսը, ըստ նրա, մայրաքաղաքում անտերության մատնված անշարժ գույքը որոշակի ներդրումներով կոնկրետ նպատակի ծառայեցնելն է, օրինակ՝ վերանորոգումից հետո «անտերության մատնված» շատ շինություններ կվերածվեն առեւտրային կենտրոնների եւ շուկաների:

«Թեկուզ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումը, որ վաճառեցին եւ հիմա վերանորոգվում է: Քանի որ դա արտադրություն չէ, շատ ավելի լավ կլիներ, որ նույն բանն աներ հենց քաղաքապետարանը եւ շահագործումից քաղաքի համար ապահովեր ավելի մեծ եկամուտներ»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը:

Լուսանկարը՝ armradio.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter