Է. Նալբանդյանը ելույթը եւ պատասխանները ԵԽ-ում ՀՀ նախագահության վերաբերյալ հարցերին
Երկու շաբաթից մենք Ստրասբուրգում կներկայացնենք Եվրախորհրդում մեր նախագահության գերակայությունները և մանրամասն ծրագիրը և դուք կստանաք ձեր բարձրացրած հարցերի պատասխանները:
Լսումների ընթացքում հնչած որոշ հարցերին ես մանրամասն չանդրադարձա, տվեցի ընդհանուր պատասխաններ: Բացատրեմ ինչու: Oրինակ, ատոմակայանի փակման վերաբերյալ. այն պնդումները, որ Հայաստանի առջև «ուլտիմատում» է դրված, սխալ ձևակերպում է։ Որպես արտգործնախարար կարող եմ ասել, որ «ուլտիմատումներով» մեր հետ ոչ ոք չի խոսում։ Երկրորդը, ատոմակայանի խնդիրը Եվրախորհրդի օրակարգի հարց չէ:
Ինչո՞ւ ենք որոշել «Սպարտակ» բալետը ներկայացնել Ստրասբուրգում:
Ասեմ ինչու։ Գիտեք, որ 20-րդ դարի ամենահայտնի դասական երաժշտական գործերը Ռավելի «Բոլերո»-ն է և Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարը»: Արամ Խաչատրյանը համաշխարհային հեղինակություն է։ Իհարկե, այդպիսի կոմպոզիտոր ունենալ, ով մեր այցեքարտը կարող է համարվել և նրա ստեղծագործությունը մեր նախագահության շրջանակներում Ստրասբուրգում ներկայացնելը մեծ պատիվ է և մենք չէինք կարող բաց թողնել նման հնարավորությունը: Բայց եթե այլ նախաձեռնություններ լինեն, ապա մշակույթի նախարարության հետ համատեղ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առնչությամբ ինչ-որ թվեր հնչեցին: Ես չցանկացա պոլեմիկայի մեջ մտնել: Կան երկրներ, որոնց դեմ տասնապատիկ ավել հայցեր են ներկայացված... Բնական է, մենք միացել ենք համապատասխան կոնվենցիաների, ԵԽ գործող համակարգի մաս ենք կազմում, ուրեմն երբ որ լինում են բողոքներ, համապատասխան որոշումներ, պետք է հարգանքով և ըմբռնումով վերաբերվել դրանց:
Այսօր մենք տեսանք, որ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բաց և անկաշկանդ ձևով բավական սուր հարցադրումներ են հնչում, և որևէ մեկն իրենց չի ասում՝ ինչո՞ւ եք այդ հարցերը դնում։ Եվ դա անկախ նրանից այդ հարցերը հիմնավորված են, թե ոչ։ Ինքնին դա արդեն ցույց է տալիս, որ մենք շատ մեծ ճանապարհ ենք անցել:
Երբ մենք ստանձնում ենք նախագահությունը, որևէ մեկը Եվրախորհրդից չի ասում թե դուք ունեք խնդիրներ։ Դա Հայաստանում իրականացված բարեփոխումների արդյունք է։ Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը երբ այցելեց Հայաստան, չասաց, որ Հայաստանը որևիցե խնդիր ունի նախագահություն ստանձնելու իմաստով։ Հակառակը, նշվեց այն բարձր մակարդակի համագործակցության մասին, որը հաստատվել է Եվրախորհրդի և Հայաստանի միջև:
Չմտնելով Հայաստան – Ադրբեջան հակադրության մեջ, բայց եթե ասում ենք, որ մեր հարևան երկիրը կարող է նույնպես ստանձնել ԵԽ նախագահությունը, ապա կարող ենք ավելացնել, որ հենց իրենք խնդիրներ ունեն։
Ասել, որ մենք ինչ-որ հատուկ մոնիտորինգի տակ ենք ԵԽ առջև մեր պարտականությունների իրականացման առումով, դա այդքան էլ այդպես չէ: Արդեն համապատասխան ենթահանձնաժողովը որոշում է կայացրել, որ Հայաստանը փոխադրվում է ընդհանուր մոնիտորինգի հարթություն, ինչպես այլ անդամ երկրներ:
Մենք բավական ջանքեր ենք գործադրել և գործադրում բարեփոխումներ իրականացնելու առումով: Հարցադրումներին, որոնք բարձրացվել էին ԵԽԽՎ զեկուցողների կողմից մենք ամբողջ լրջությամբ ենք մոտեցել և համապատասխան աշխատանք է տարվել, որը դրական գնահատականի է արժանացել:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՀՀ ԱԺ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ
Հարգելի Ազգային ժողովի նախագահ,
Հարգելի Սահմանադրական դատարանի նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Ողջունելի է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը:
Եվրոպայի Խորհուրդը համաեվրոպական ճարտարապետության մեջ կարևոր դերակատարություն ունի: Այն առաջին հերթին քաղաքական երկխոսության հարթակ է: Եվրոպայի Խորհուրդն այն ատյանն է, որտեղ քննարկվում են համաեվրոպական արդիական հարցեր, սա կարևոր առանձնահատկություն է, քանի որ Եվրոպայի Խորհրդի աշխարհագրական տարածքում տեղի ունեցող իրադարձությունները դիտվում և համապատասխան արձագանք են ստանում հենց համաեվրոպական չափանիշների տեսանկյունից:
Իր փորձագիտական կարողություններով, չափորոշիչների և նորմերի տարածման և անդամ երկրներում դրանց ներդրմանը հետևող մոնիտորինգային մարմինների գործունեության միջոցով, Եվրոպայի Խորհուրդը նպաստում է կայուն և ժողովրդավար հասարակությունների զարգացման գործընթացներին: Եվրոպայի Խորհրդի այս առաքելությունը ճանաչված է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առնվազն վերջին 10-15 տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներում Եվրոպայի Խորհուրդն իր կարևոր ներդրումն է ունեցել:
Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում՝ իրականացնելով խորքային բարեփոխումներ: Արդյունքները տեսանելի են և անշրջելի: Գործընթացը շարունակվում է և այս առումով կցանկանայի հատուկ կարևորել Հայաստան/Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը մեր երկրի տարբեր գերատեսչությունների և Եվրոպայի Խորհրդի քարտուղարության համատեղ աշխատանքի արդյունք է և արտացոլում է բարեփոխումների մեր գերակայությունները:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի ակտիվ անդամներից է և իր ներդրումն է բերում կազմակերպությունում բոլոր ուղղություններով օրակարգային հարցերին և գործընթացներին:
Հակիրճ անդրադառնամ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը, բայց նախ՝ մի քանի խոսքով Նախարարների կոմիտեի մասին:
Եվրոպայի Խորհուրդն ունի երկու կանոնադրային մարմին: Դրանցից Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի ղեկավար և որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից:
Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:
Եվրոպայի Խորհրդի մյուս կանոնադրային մարմինը՝ Խորհրդարանական վեհաժողովը, խորհրդատվական մարմին է: Վեհաժողովում առաջ են քաշվում և քննարկվում են եվրոպական հասարակությունների համար մարտահրավեր հանդիսացող կարևորագույն հարցեր:
Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունից անցել է 12 տարի և, առաջին անգամ, մայիսի 16-ին Հայաստանը ստանձնելու է Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա շատ կարևոր և պատվավոր առաքելություն է Հայաստանի համար, բայց նաև մեծ պատասխանատվություն է:
Ընդունված կարգի համաձայն, մայիսի 16-ին Ստրասբուրգում նախագահությունը ստանձնելիս, մենք պետք է հրապարակենք մեր նախագահության գերակայությունները, այսինքն այն ոլորտները, որոնք մենք կարևորում ենք կազմակերպության առաջիկա 6 ամսվա աշխատանքների տեսանկյունից:
Հայաստանի գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Դրանք քննարկվեցին Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ՝ ապրիլի 16-17-ին Հայաստան կատարած այցի ընթացքում:
Հայաստանի նախագահության գերակայություններով մենք շեշտել և կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք հենասյուները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն, յուրաքանչյուրից ընտրելով այն ուղղությունները, որոնք Հայաստանի կարծիքով արդի ժամանակահատվածում կարևոր են:
Մարդու իրավունքների ոլորտում կարևորագույն հարցերից է անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ պայքարը: Սա համաեվրոպական, խիստ արդիական խնդիր է, որը նոր սրությամբ է արտահայտվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների հասանելիության պայմաններում:
Դրա մասին են վկայում Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի (ECRI), Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցները, ինչպես նաև այս տարվա մարտին պաշտոնապես մեկնարկած «Ո՛չ համացանցում ատելություն սերմանող հրապարակային ելույթներին» համաեվրոպական երիտասարդական արշավը:
Այս ուղղությամբ մեր ներդրումը բերելու համար Հայաստանում կկազմակերպվի անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանս, Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը, որը վերջին տարիներին հատուկ կարևորություն և մեծ հնչեղություն է ձեռք բերել, ինչպես նաև կմիանա և կսատարի ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ երիտասարդական արշավին:
Եվրոպայի Խորհրդի մյուս հենասյունը օրենքի գերակայության ոլորտն է: Այս ուղղությամբ մեր ներդրումը կլինի «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովը, որը նախաձեռնել է Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական դատարանի հետ համագործակցաբար: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը սիրով համաձայնել է ավելի մանրամասն ներկայացնել նախագահության այս առանցքային միջոցառումը:
Այս ոլորտի հետ կապված է նաև Եվրոպայի Խորհրդի օրակարգում ընդգրկված կարևոր մեկ այլ հարց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազգային մակարդակով արդյունավետ կիրառման հարցը: Այս ուղղությամբ Ստրասբուրգում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնցում Հայաստանն իր ներդրումն է բերելու:
Եվրոպայի Խորհրդի երրորդ հենասյունը՝ ժողովրդավարությունը, լայն ընդգրկում ունի: Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ նախատեսված են համապատասխան միջոցառումներ, որոնք կկարևորեն տեղական մակարդակով մասնակցային ժողովրդավարության խնդիրները:
Տեղական ժողովրդավարության առումով բոլոր երկրների կյանքում կենտրոնական դեր ունեն մայրաքաղաքները: Այս կոնտեքստում Հայաստանն իր նախագահության ընթացքում մտադիր է կազմակերպել Եվրոպայի Խորհրդի մայրաքաղաքների քաղաքապետերի համաժողով, որի կապակցությամբ Հայաստան կհրավիրվեն 46 երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր:
Հայաստանը պատշաճ ուշադրություն կհատկացնի մշակութային ժառանգության, բարձրագույն կրթության և երիտասարդության քաղաքականության ոլորտներին: Համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցաբար Երևանում կկազմակերպվեն Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական մեկնարկի արարողությունը, Բարձրագույն կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը և Երիտասարդական քաղաքականության եվրոպական սիմպոզիումը:
Նախատեսված են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը և ամառային նստաշրջանի կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահի այցը:
Մշակութային միջոցառումներից առանցքայինը Ստրասբուրգում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացումն է լինելու:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է կազմակերպության համար շատ կարևոր ժամանակահատվածում: Գլխավոր քարտուղարը նախաձեռնել է կազմակերպության խորքային բարեփոխումներ, որոնց նպատակը Եվրոպայի Խորհրդի արդյունավետության և դերի բարձրացումն է: Հայաստանը որպես նախագահող երկիր ակտիվորեն ներգրավվելու է այդ բարեփոխումների գործընթացում:
Մեր նախագահության ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու է կազմակերպության 2014-2015թթ. բյուջեն և գործողությունների ծրագիրը:
Վերջին շրջանում ԵԽ-ում լուրջ քննարկումներ են ծավալվել մոնիտորինգային ընթացակարգերի, դրանց օպտիմալացման և համակարգման վերաբերյալ: ԵԽԽՎ 2013թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Գլխավոր քարտուղարն առաջարկել է մշակել «ժողովրդավարության մատրիքս»՝ բոլոր անդամ երկրների համար՝ բացահայտելու տվյալ երկրում առկա խնդիրները, ինչպես նաև եվրոպական մակարդակով առկա ընդհանուր և գերիշխող միտումները: Ըստ Գլխավոր քարտուղարի, նման մատրիքսը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ և նպատակաուղղված օգտագործել Եվրոպայի Խորհրդի սահմանափակ ռեսուրսները:
Գլխավոր քարտուղարի այս առաջարկությունը սկիզբ դրեց բավական լուրջ քննարկումների, որոնք շարունակվելու են մայիսի 16-ին կայանալիք նախարարական նստաշրջանին և հետագա ամիսների ընթացքում:
Արաբական երկրներում սկիզբ առած զարգացումներից հետո, Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ, Եվրոպայի Խորհուրդը սկսել է այդ տարածաշրջանի նկատմամբ այսպես կոչված «հարևանության քաղաքականության» մշակման գործընթացը, որը ևս Նախարարների կոմիտեի օրակարգային հարցերից կլինի առաջիկա ամիսներին:
Նախագահության ընթացքում մենք շարունակելու ենք խրախուսել և առաջ մղել Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ` մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական Միության և Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետ Նախարարների կոմիտեի համագործակցության առնչությամբ հարկ է նշել, որ մայիսի 31-ին Երևանում կայանալիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվելու են Հայաստանի նախագահության գերակայությունները: Խորհրդարանական Վեհաժողովի ամառային և աշնանային նստաշրջանների ընթացքում, Նախարարների կոմիտեի նախագահողը պետք է հանդես գա ելույթներով՝ ներկայացնելով Կոմիտեի աշխատանքները:
Եզրափակելով, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը՝ Արտաքին գործերի նախարարության հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար: Մենք մեծապես կարևորում ենք այդ փոխգործակցությունը և հուսով ենք, որ այն լավագույնս կնպաստի Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության անցկացմանը:
Շնորհակալություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել