HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչի՞ հաշվին է «Բարև Երեւան» դաշինքը Երեւանի բյուջեն ավելացնելու

Երկու օրից Երեւանի ավագանու ընտրություններն են: Մասնակցող 6 կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» դաշինքն իրենց նախընտրական ծրագրերում այնպիսի խոստումներ են շռայլում, որոնց իրագործման համար անհրաժեշտ են շատ լուրջ ֆինանսական միջոցներ: Իսկ որտեղի՞ց են այդ գումարները գտնվելու:

Կանաչ Երեւան՝ քարակերտ անապատի փոխարեն, մարդավայել կոմունալ սպասարկում եւ որակյալ հանրային ծառայություններ` նվաստացուցիչ կենսապայմանների փոխարեն, բարեկարգ, լուսավոր փողոցներ, բակեր եւ բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհներ: Առաջիկա 4 տարիների ընթացքում մետրոպոլիտենի առնվազն 3 նոր կայարանների և գործող 3 կայարանների համար նոր մուտքերի բացում, հասարակական տրանսպորտը հաշմանդամների ազատ տեղաշարժմանը հարմարեցում, յուրաքանչյուր բնակարան մատչելի եւ որակյալ Wi-Fi ինտերնետային կապով ապահում եւ այլ: Սա «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական խոստումներից մի փոքր քաղվածք էր:  

Երեւանի ավագանու ընտրություններում դաշինքի նախընտրական ցուցակի 17-րդ տեղը զբաղեցնող Ռշտուն Մարտիրոսյանը նշում է, որ իրենց ծրագրի իրագործումն միանշանակ իրատեսական է, եւ շատ դրությներ կարելի է կյանքի կոչել այսօրվա բյուջեի պայմաններում, եթե ծախսերն արդյունավետ արվեն:

«Օրինա՝կ մետրոպոլիտենի Աջափնյակ գնացող ուղղությունը միանշանակ կարելի է իրականացնել: Հաշվարկները ցույց են տալիս, որ 1 կմ գինը 100 մլն դոլար, ապա խոսքը գնում է 1,5-ից 1,8 կմ հեռավորության մասին, որի մեծ մասը՝ թունելային հատվածը, դեռ 90-ականներից փորված եւ ամրացված է: Այսօր քաղաքապետարանը եւ կառավարությունը մետրոյի համար մեծ գումարներ են վարկ վերցնում՝ Համաշխարհային, Եվրոպական զարգացման եւ Ասիական բանկերից, բայց նպատակին չի ծառայում: Ի՞նչ է նշանակում գործող կայարանների արդիականացում, երբ մտնում ենք այդ կայարաններն ու տեսնում, թե «արդիականացում» ասվածն ինչպես է կատարվել»,- նշում է Ռ. Մարտիրոսյանը:

«Բարեւ Երեւանի» նախընտրական ծրագրում նույնիսկ հարց է հնչում, թե ուր են գնում Երեւանի կտրվածքով հավաքագրվող միլիարդավոր դրամները, որի պատասխանը, սակայն, շարադրված է նույն այդ ծրագրում. «Անհարկի պաճուճանքների, ճոխությունների, խնջույքների ու արարողությունների վրա վատնվել, մսխվել է մայրաքաղաքի բյուջեն: Երեւանի ապաշնորհ կառավարիչները դա արել են հանրության աչքից հեռու կայացվող անօրինական որոշումներով, կոռուպցիոն գործարքներով… Նրանք, փաստորեն, մասնակից են դարձել պետական միջոցների թալանին՝ փայաբաժին ստանալով «ատկատներից» եւ իրենց ընտանիքներին ու մերձավորներին պատկանող կազմակերպություններին «շնորհելով» քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս կամ այն հաստատության կարիքների համար ապրանքներ, հանրային ծառայություններ մատուցելու իրավունքը: Քաղաքապետարանի գործունեությունից կամ Ավագանու նիստերից հանրությանը մատուցվել են «ընտրովի» դրվագներ, բացակայել են բյուջեի միջոցները ծախսելու վերաբերյալ հաշվետվությունները»: 

Ռշտուն Մարտիրոսյանն ասում է, որ իրենց ասածների ճշմարտացիությունը ստուգելու համար բավական է նայել այն կազմակերպությունների անունները, որոնց հետ քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել այս կամ այն ծառայության համար. «Տեսեք, թե ովքեր են դրանց տերերը եւ ինչ գումարներ են հատկացվել: Շուկայականից առնվազն 50-80 տոկոսով ավելի բարձր գներ են ներկայացված: Նույն շների վերացման հարցը. մեկ շան համար 200 հազար դրամ են հատկացրել, ինչը երկու անգամ ավելի է, քան անտառում գայլ որսալը»:

Ըստ նրա՝ քաղաքապետարանը չհիմնավորված գումարներ է ծախսում նաեւ շենքերի արտաքին լուսավորության, իսկ տոն օրերին՝ ողջ քաղաքով մեկ տեղադրվող կենդանակերպ դեկորացիաների վրա: Մինչդեռ խելամիտ ծախսերի պարագայում խնայված միջոցներով բազմաբնակարանների վերելակների գոնե կեսը կարելի էր վերանորոգել:

«Մենք ականատես ենք լինում համատիրություններում եւ թաղապետարաններում որոշակի վարձավճարների գանձմանը: Ու եթե դա համադրենք, քաղաքապետարանի բյուջեի հետ միասնական համակարգ լինի, կտեսնենք, որ լուրջ գումարներ են, եւ դրանցով կարելի է շատ լուրջ ծրագրեր իրականացնել: Այսինքն՝ հենց այդ նիջոցներով ներկայիս բյուջեն միանշանակ կավելանա»,- ասում է Ռշտուն Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter