
«Անասուն» անվանելու համար նախկին դասախոսը հայց է ներկայացրել ընդդեմ ռեկտորի
2011 թ. հուլիսիցի վեր, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի` Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ նույն բուհի` աշխատանքից ազատված դասախոս Լուսինե Աշուղյանի` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Որպես երրորդ անձինք ներգրավված են ATV հեռուստաընկերությունն ու «Հետքը»:
Այժմ էլ Լուսինե Աշուղյանն է հայց ներկայացրել ընդդեմ ռեկտորի` աշխատողի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Սույն թվականի ապրիլի 30-ին ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի գործով թվով երրորդ դատավոր Ս. Երիցյանը, քննարկելով Լ. Աշուղյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը, նույն օրն էլ որոշում է կայացրել ընդունել այն վարույթ և այն քննության առնել սկզբնական հայցի հետ համատեղ: Հիմնավորելով իր որոշումը` վկայակոչել է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 96 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը` նշելով, որ հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Դատավոր Երիցյանը միաժամանակ որոշում է կայացրել Աշուղյանին ազատել պետտուրքից` հաշվի առնելով, որ նա միայնակ մայր է, գործազուրկ, խնամքին են գտնվում հաշմանդամ որդին ու առաջին կարգի հաշմանդամ քույրը, ընտանիքն անապահով է և նպաստառու:
Աշուղյանն իր հայցադիմումում նշել է, որ աշխատել է նշված ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում` որպես դասախոս: Ռեկտոր Խաչատրյանի օրենսդրական խախտումների պատճառով ազատվել է աշխատանքից, որոնց մասին բազմաթիվ դիմում-բողոքներ է ուղղել ՀՀ վերադաս մարմիններին: Դրանց հետքերով ԿԳ նախարարության հանձնաժողովը եկել է ինստիտուտ` տեղում ստուգելու իր ներկայացրած փաստարկները: Հանձնաժողովի հեռանալուց հետո ռեկտորն իրեն հրավիրել է աշխատասենյակ ու սպառնացել, որ եթե շարունակի բողոքել, վարչական պատասխանատվության կենթարկի, անգամ դատական գործ կսկսի իր դեմ:
Այդ սպառնալիքների մասին նույնպես ինքը բարձրաձայնել է վերադաս մարմիններին: Դրանից հետո բուհի երկու դասախոսներ` մայր և աղջիկ Լուսինե և Լիզա Սարգսյանները ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել Աշուղյանի դեմ, որ իբր նա սպանության սպառնալիքներ է տարածում Լուսին Սարգսյանի հասցեին, ով ռեկտոր Խաչատրյանի հայցորդն էր:
Վերջինիս ատենախոսության վերաբերյալ Աշուղյանի կարծիքն ընդունելով իբրև անձնական վիրավորանք` ռեկտորը գոռգռալով դուրս է արել նրան իր աշխատասենյակից` «անասուն» անվանելով: Այս հանգամանքը հաստատել է նաև ռեկտոր Խաչատրյանը ոստիկանությունում տված իր գրավոր բացատրության մեջ` նշելով. «Քանի որ վիրավորանքս, իրոք, հնարավոր չէր զսպել, ես նրան դուրս հրավիրեցի` անասուն անվանելով»: Լ. Աշուղյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել ռեկտորին հրապարակավ ներողություն խնդրել վիրավորական արտահայտության համար և որպես փոխհատուցում նրանից բռնագանձել 1 մլն դրամ:
Մեկնաբանել