HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՀԱԿ անդամն ասում է, որ 5/27-ում մարդկանց բերում են քվեարկության, ԲՀԿ-ական նախագահն ու ՀՀԿ-ական քարտուղարը չեն համաձայնում

Ստեփան Զորյանի անվան համար 56 դպրոցում տեղակայված 5/27 ընտրատարածքի հանձանաժողովի անդամ, ՀԱԿ-ական Անահիտ Մեսրոպյանի խոսքով՝ ի տարբերություն փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների՝ այսօր 5/27 ընտրատեղամասում մթնոլորտը շատ լարված է:

«Նույն վստահված անձը, որը այն ժամանակ (փետրվարի 18-ին - հեղ.) էլ էր, հիմա էլ է, և համագործակցում էր մյուսների հետ, հանրապետական մի շարք վստահված անձինք: Հիմա էլ էդ մարդը նորից էստեղ է: Ինքը անընդհատ շարժման մեջ է: Անընդհատ ինքը դռան մեջ նայում է՝ ոնց են քվեարկում մարդիկ, ոնց է իրավիճակը, որ նորից էնտեղ հաղորդի, որպեսզի գնան մարդիկ բերեն»,- ասաց ՀԱԿ անդամը:

Հանրապետական կուսակցության այդ վստահված անձը դռան մոտ կանգնած Վաղինակ Գրիգորյանն էր: Նա «Հետքին» ասաց, որ որևէ խախտում այս ընթացքում չի նկատել: «Ասացին, որ այստեղ կանգնում, ուղղորդում եք մարդկանց, անընդհատ հետաքրքրվում եք՝ ով է գալիս, ով չի գալիս: Էդպիսի բան կա՞»,- մեր հարցին Վաղինակ Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մի բանով ես չեմ հետաքրքրվում: Ես իմ գործն եմ անում»: «Ո՞րն է ձեր գործը»,- հարցին ՀՀԿ վստահված անձը պատասխանեց. «Ո՞րն է իմ գործը: Մի խոսցրա, էլի»:

5/27 ընտրատարածքի հանձանաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Գայլա Ղահրամանյանը և հանձնաժողովի անդամ, ՀԱԿ-ական Անահիտ Մեսրոպյանը ժամը 15:00-ից 15:30-ի ընթացքում երկու անգամ վիճեցին քվեարկության դահլիճում առկա կուտակումների վերաբերյալ. Մեսրոպյանն ասում էր, որ կուտակումներ կան, ու նախագահից պահանջում կանոնակարգել կուտակումները, իսկ Ղահրամանյանն ասում էր, որ կուտակված անձանց թիվը չի գերազանցում 15-ը:

Ժամը 15:10-ին ընտրատեղամասում կուտակում էր: Գալյա Ղահրամանյանն ասաց, որ այսպիսի ակտիվություն նախորդ ժամերին չի եղել. «Նոր էս ժամերին մի քիչ ակտիվանում են, բայց 15 հոգուց ավել ես չունեմ մարդ: Եթե 15 հոգուց ավել լինի, պետք է դուրս հանվի»,- ասաց նա:

Մինչդեռ Անահիտ Մեսրոպյանն ասաց, որ ընտրատեղամասում անընդհատ բավականին լարված մթնոլորտ է, որովհետև ժամանակ առ ժամանակ միանգամից կուտակումներ են լինում:

«Ակնհայտ է, որ որոշ անձինք այստեղ համագործակցում են և գնում և բերում են մարդիկ, որովհետև լինում է շրջան, որ ընդհանրապես շատ հանդարտ է, և միանգամից՝ կուտակում և հատկապես կուտակում մի հասցեով: Ասենք թե կուտակվում են միայն այն ցուցակի առջև, ասենք՝ կուտակվում է Կոմիտասի այսինչ հասցեն կամ Քոչարի այսինչ հասցեն. իրենք ասում են, որ նույն շենքի բնակիչներ են: Ակնհայտ է, որ բերում են»,- ասաց ՀԱԿ անդամը:

Նա հերքեց Գալյա Ղահրամանյանի հավաստիացումը, որ օրվա ընթացքում այսպիսի կուտակումներ չեն եղել: «Մի 2 ժամ առաջ ես ինքս էի կանգնած դռան մոտ, անընդհատ կանոնակարգում էի, որպեսզի միանգամից չխռնվեն մի սեղանի առջև: Պարբերաբար եղել է»,- ասաց Անահիտ Մեսրոպյանը:

«Նման բան չի եղել: Բա որ 2 սեղան է, որտե՞ղ պիտի խմբվեն»,- իր հերթին ասաց հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ անդամ Սուսաննա Գալստյանը, ով նաև 56 դպրոցի տնօրենն է:

ձախից՝ Սուսաննա Գալստյան և Գալյա Ղահրամանյան

«Գալիս են մարդիկ, ասենք հարևաններով, ես ասեմ՝ մի՞ եկեք, հե՞տ գնացեք, մեկ-մե՞կ եկեք: Ես էլ որ գնում եմ ընտրության, օրինակ, կարող է 3-4 հարևան իրար հետ գալիս են, կամ մեքենայով ենք գալիս, ես ասեմ՝ հետ գնացեք, հատ-հա՞տ եկեք: Չեմ կարա, չէ՞: Ես էստեղ խախտում չեմ թույլ տալիս, 15 հոգուց ավել չեմ թույլ տալիս ստեղ մտնեն: Հիմա էս էն պահն է, որ մի քիչ ակտիվությունը բարձրանում է, մեկ էլ մարում, մեկ էլ պահ է լինում, հանգիստ նստում ենք, մարդ չի լինում: Էդպես է ընտրությունը: Հո չե՞ս կարող ստաբիլ ռիթմը պահպանել»,- ժամը 15:30-ի սահմաններում ասաց Գալյա Ղահրամանյանը:

Երբ ասացինք, որ Անահիտ Մեսրոպյանի հավաստիացմամբ՝ միշտ նույն շենքի, նույն մուտքի ընտրողներն են գալիս, Սուսաննա Գալստյանն արձագանքեց. «Բա մի քանի շենք են, որտեղի՞ց պիտի գան: Նայեք՝ մի քանի շենք է ընդամենը կփակցված»:

Անահիտ Մեսրոպյանի խոսքով՝ այսօր քվեարկության սրահ են մտել կողմնակի մարդիկ, ովքեր ասել են, որ ընտրող չեն, պարզապես ուզում են մարդ տեսնել: Երբ Անահիտ Մեսրոպյանը դուրս է հրավիրել, այդ անձինք պատասխանել են. «Դու չես, որ պիտի ինձ ասես՝ դուրս գամ»: Նրանք դուրս են եկել այն ժամանակ, երբ ՀԱԿ անդամը փորձել է լուսանկարել:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ եղել են գրանցամատյանների, հասցեների հետ կապված թեթև խախտումներ, արձանագրություն է կազմվել, այդ հարցը պետք է լուծի ոստիկանության անձնագրային վարչությունը:

56 դպրոցի կենտրոնական մուտքում կար ընտրատեղամասի համարը կրող ցուցանակը, բայց կենտրոնական մուտքի դուռը փակ էր, ընտրատեղամաս պետք էր մուտք գործել դպրոցի կողքով ետնամուտքից, բայց սլաքներ ընդհանրապես չկային: Ընտրողներից մեկը, ով առաջին անգամ էր եկել 5/27 ընտրատեղամաս, չէր կողմնորոշվում, թե ինչպես գտնել քվեարկության սրահ տանող ճանապարհը: Սրա վերաբերյալ Գայլա Ղահրամանանն ասաց. «Էնտեղ կանգնած են տղաները, ցույց են տալիս՝ որտեղ պիտի գաք: Բոլորն էլ լավ գիտեն էստեղ, որովհետև էստեղի բնակիչներ են բոլորն էլ»:

Ընտրատեղամասի մուտքից մի քանի մետր հետու մի քանի տղամարդ էր խմբված: Նրանցից մեկն ասաց, որ սպասում է, որ ընտանիքի անդամներն իր անձնագիրը բերեն, ու գնա քվեարկելու: Մյուսներն ասացին, որ «բակի տղերք» են, ընտրել են, դուրս են եկել, իրար հետ կանգնել են: «5 տարին մեկ ենք սենց հավաքվում, տենում իրար»,- ասացին նրանք:

Ընտրատեղամասում դիտորդական առաքելություն էին իրականացնում Հայաստանի հելսինկյան կոմիտեի, համահայկական երիտասարդական ասոցիացիայի, «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի» դիտորդներ:

5/27 ընտրատեղամասում գրանցված է 1932 ընտրող: Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել էր 447-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter