HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եդեմի հարիւրամեայ հոգատար ընտանիքը

Սեդա Գպրանյան-Մելքոնյան 

1890 թուականն էր: Պատուելի Յարութիւն Ճենանեան, Նազարէթ Սփենչեան և Գաբրիէլ Պաղտոյան ոտք կը դնեն Գալիֆոռնիայի Սան Ուակին հովիտը: Անոնք իրենց գեղեցիկ հայրենիքը ձգած էին ետին: Երկար կը դիտեն Սիերրա Նեւատա լեռները և իրենց հոգին կը լեցուի հայրենի կարօտով: Երեք տղամարդիկը նոր օճախի մը փնտռտուքին մէջ էին: Տասնըմէկ տարի կը տևէ մինչև անոնք հասկնան, որ ամբողջ Ամերիկայի մէջ ամէնաշատը իրենց հայրենիքը յիշեցնող տեղը Սան Ուակին հովիտն է: 1901-ին պատուելի Ճենանեան հողատարածք մը կը գնէ և տեղը կ'անուանէ Եդեմ: Հին երկրէն նոր եկածները փոքրիկ հողաշերտեր կը գնեն Ճենանեանէն և կը ստեղծեն իրնց նոր տունը: Կիլիկիոյ շրջանէն նոր հայերու ժամանումով, ագարակապաններու համայնք մը կը կազմաւորուի, որոնք Հայ Աւետարանական և Հայ Առաքելական եկեղեցիներու հաւատացեալներ էին: Հայ Աւետարանականները իրենց կիրակնօրեայ պաշտամունքը կը կատարէին դպրոցի փոքրիկ շէնքին մէջ:

1903-ին Հայ Առաքելական եկեղեցւոյ առաջին պատարագը տեղի կ'ունենայ նոյն դպրոցին շէնքին մէջ: Աւետարանականներու պաշտամունքէն յետոյ, կէսօրէն ետք Առաքելաքանները կը մատուցեն իրենց պատարագը:

1903-ին նաև աւանին համար Եդեմ անուանումը պաշտօնապէս կ'որդեգրուի:  Սա Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ միակ բնակավայրը պիտի ըլլար զուտ հայկական անուանումով: Նոր բնակիչները՝ մեծամասնաբար հին երկրէն գաղթած գիւղացիներ, կը մշակէին հողը և պտուղ ու բանջարեղէն կը ցանէին:

1904-էն 1909 եկեղեցական արարողութիւնները տեղի կ'ունենային Եդեմի դպրոցին շէնքին մէջ:  1909-ին առաջին թաղական խորհուրդը, դպրաց դասն ու շինարարական կոմիտէն կը կազմաւորուին: Նոյն տարուան մայիսին նոր եկեղեցւոյ անկիւնաքարերը կ'օրհնուին:  1911 թուականի յունուարին շինարարութիւնը կը սկսի: Լուսանկարներուն մէջ եկեղեցին փայտեայ համեստ շէնք մըն է, կամարաձև պատուհաններով և առաջամասի զանգակատունով: Այն հիմնականին մէջ կառուցուած է կամաւորներու ջանքերով: Ֆրեզնոյի Մուշեղ Սրբազան Սերոբեան կը ժամանէ Եդեմ յուլիսի 3-ին և եկեղեցին կ'օծէ Սուրբ Մարիամ Աստուածածին անունով:  Մէկ տարի ետք Եդեմի հայկական դպրոցն ու կիրակնօրեայ դպրոցը ևս կը հիմնուին: 1914-ին ստեղծուած էր եկեղեցւոյ Տիկնանց Միութիւնը, որը պիտի դառնար առաջինը՝ Արևմտեան թեմի մէջ: Մէկ տարի յետոյ նաև պատրաստ էր Գրադարանը:   1922-ին Եդեմի ծուխի առաջին քահանան նշանակուած էր: Ցայսօր Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցւոյ ծառայած են ինը քահանաներ:  

1920-ին Եդեմի համայնքը կը հաշուէր մօտ հինգ հարիւր մարդ: Սակայն, Մեծ տնտեսական տագնապը պիտի ստիպէր շատերուն լքել իրենց տուները: Երիտասարդները անվերադարձ կը տեղափոխուէին Ֆրեզնօ և Լոս Անճելոս:  

Յունիս 12, 1945-ին առաջին եկեղեցին կ'ոչնչանայ հրդեհի պատճառով:  Սեպտեմբեր, 1946-ին նոր եկեղեցւոյ հիմնաքարերու օրհնութիւնը տեղի կ'ունենայ: Ճարտարապետ Լորանս Գ. Գոն (Գոնրաճեանի) կը նախագծէ զայն հայկական եկեղեցիներու դասական ոճով՝  գմբեթով ու զանգակատունով, որը կը կառուցուի կարմիր աղիւսներով: Նոր եկեղեցին կ'օծուի Վարդան Սրբազան Գասպարեանի կողմէ, 1947 թուականի նոյեմբերի 16-ին:

1960 թուականի յուլիսին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Առաջին Ամէնայն Հայոց Կաթողիկոսը կ'այցելէ Եդեմի Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցին:  Հետագային, Ամէնայն Հայոց Կաթողիկոսներ Գարեգին Առաջինն ու Գարեգին Երկրորդը ևս կ'այցելեն: Եկեղեցին հիւրընկալած է բարձրաստիճան շատ կղերականներ և ականաւոր դէմքեր: Այս հիւրերուն մէջ կ'առանձնանայ Անդրանիկ զօրաւարի այցելութիւնը 1920 թուականին, ուր ան կը մասնակցի բարեգործական դրամահաւաքի մը: 1970-ականներու կէսերուն, եկեղեցւոյ այդ ժամանակուան հովիւ Տէր Վարդան քահանայ Գասպարեանի օգնութեամբ Եդեմի եկեղեցւոյ կիրակնօրեայ դպրոցը պարբերաբար կը յաճախէ նաև Հայաստանի Հանրապետութեան ապագայ Ազգային Հերոս Մոնթէ Մելքոնեանը:

Այժմ, Եդեմի ստեղծումէն ի վեր այստեղ բնակութիւն հաստատած միայն մէկ ընտանիք գոյութիւն ունի: Ամէն կիրակի և եկեղեցական տօներու մօտակայ բնակավայրերէն՝ հիմնականին մէջ Վայսելիայէն կը ժամանեն հաւատացեալներ՝ իրենց կրօնական և հայկական սովորութիւններուն հաւատարիմ մնալով: Երիտասարդական ծրագրերու միջոցով ջահը կը փոխանցուի սերունդէ սերունդ:  Գուրգուրոտ ընտանիքի մը նման Եդեմի Սուրբ Մարիամ Աստուածածին հայ առաքելական եկեղեցին ջերմութեամբ ու հոգատարութեամբ կը հաւաքէ զաւակները իր հովանիին տակ: 

Մեկնաբանություններ (4)

Charles Leonard Coker
when the church was being rebuilt after the fire, my Armenian Grandfather Garabed (Charles) Sarkes Hanemian paid for the new church's bell, the Hanemian family, Garabed, Zabel, Diana, Beatrice my mother, Rose Marie, and Gloria June lived in Delano, but came to St. Mary's in Yettem, to attend church.
hasheim
goooooooooood Beautiful Armenia hashim al KABEE
Vanessa Kachadurian
Thank you for writing about this treasure in our Central California area. It is a beautiful agriculture town with a breathtaking view of the Sierra mountains (I can see why the early Armenian farmers settled here as it resembles Armenia) Yettem = Garden of Eden. Is now home to many migrant farm workers. When the Armenian Pope (Karekin) visited a few years back, they paid their respects by standing by the roadside with their hats off when Karekin's entourage arrived. Karekin gave a gift of wooden crosses to each of the farmworkers and a blessing. They have a nice food bazaar in the nearby town of Visalia, CA that many people enjoy.
B. K. Grabar
nice. i have been wondering wondering wondering ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter