HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օգնողները», «բերողները» և հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը

Շինարարների 23ա հասցեում` թիվ 153 դպրոցի 6/09 տեղամասում գրանցված 1843 ընտրողներից ընտրության է ներկայացել 1144 ընտրող: Համաձայն ընդհանուր հաշվարկի՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավաքել է 496 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 397, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 85, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 53, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 25, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 22, «Առաքելություն» կուսակցությունը՝ 8: Անվավեր է ճանաչվել 54 քվեաթերթիկ: 

Տեղամասում ընտրախախտումները հիմնականում հետևյալ բնույթի էին. Հանրապետական կուսակցությանը վստահված անձ Սուրեն Հակոբյանը օրվա սկզբից շատ ակտիվ էր, մոտենում էր բոլորին, ինչպես ինքն է ասում՝ ընտրանմուշի վրա ցույց էր տալիս ընտրելու ձևը: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ էր հենց 6-րդ համարի վրա դնում այդ նշանը, երիտասարդը պատասխանեց. «Դե, ես որևէ հատուկ նպատակով դա չեմ արել, երևի թե պատահական է ստացվել»:

Ավելին, հանձնաժողվի քարտուղար, ՀԱԿ անդամ Գոհար Սահակյանը նշեց, որ շատ դեպքերում մարդկանց բերում էին ընտրության ըստ բնակության վայրի թաղերով կամ փողոցներով, որպեսզի բացթողումներ չլինեն: Այս գործընթացը հիմնականում իրականացվել է Հանրապետական կուսակցության կողմից:

Մեր տեսախցիկը ֆիքսեց այդպիսի մի «բերող» երիտասարդի ավտոմեքենան, ով մի քանի անգամ տարբեր մեծահասակ կանանց բերում էր ընտրատեղամաս: Երբ այս անձը նկատեց իր մեքենան լուսանկարելու փաստը, նա իջավ մեքենայից և պահանջեց, որպեսզի ջնջեմ՝ ասելով. «Քուրիկ ջան, ես իրավունք չունե՞մ իմ տատիներին բերեմ ընտրության: Ջնջի էտ նկարը, դու իրավունք չունես ինձ նկարելու»:

Բնականաբար հրաժարվեցինք ջնջել լուսանկարը, ասելով, որ մեքենան գտնվում է հանրային վայրում և ոչ ոք չի կարող իրեն հրամաններ տալ:

Երիտասարդը սպառնաց՝ ասելով. «Քուրիկ, քո հետ եմ, ասում եմ ջնջի, թե չէ կարողա լավ չլինի»:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Քարմիլե Եղիազայանը նշեց հնարավոր խախտման մեկ այլ դեպք.

«Շատ կասկածելի ձևով նույն մարդիկ հայտնվում են ծերերին օգնողի դիրքում, ընդ որում` այդ «օգնողները» անհրաժեշտաբար դրսում հավաքված երիտասարդ տղաների մի խումբ են, ովքեր կազմ ու պատրաստ սպասում են այդ առաքելությունը կատարելուն:

Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները դժգոհությամբ էին արտահայտվում Հանրապետական կուսակցության վստահված անձի վերաբերյալ, ով, ինչպես հանձնաժողովի քարտուղարն է փաստում, խառնվում է բոլոր հարցերին, անտեղի և անհարկի ակտիվություն է դրսևորում, ինքնուրույն որոշումներ է կայացնում իրեն չվերաբերող հարցերում: Այս մասին հանձնաժողովի քարտուղարը մի քանի փորձ արեց, որ արձանագրություն կազմի, բայց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գոհար Սաֆարյանը պնդեց, թե դա այդպիսի լուրջ դեպք չէ և պետք չէ ամեն մանր բանից պատմություն սարքել:

Լիլիթ Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter