
«Ամեն ինչ «ջրի երես կելնի», երբ աշխատանքից ազատեն մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին»,- հայտարարեց վկան
Բավական մեծ ընդմիջումից եւ մի քանի դատական նիստերի հետաձգումից հետո Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվեց Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանի գործով դատավարությունը: Մայիսի 6-ին՝ ժամը 14-ին, նշանակված նիստում դատակոչված վկաներից դատարանը հասցրեց լսել միայն երկուսին:
Վկա Հակոբ Կարապետյանին նախորդ նիստերից մեկի ժամանակ դատարանը փորձել էր հարցաքննել: Օլիգոֆրենիայով տառապող 18-ամյա վկայի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացել էր, եւ դատարանը հետաձգել էր հարցաքննությունը:
Հարություն Սարգսյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Հունան Բաբայանը, մինչ վկայի հարցաքննությունը, հանդես եկան միջնորդությամբ: Փաստաբաների համոզմամբ՝ վկան պիտի անցներ դատաբժշկական եւ դատահոգեբանական փորձաքննություն: Ամբաստանյալների ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն, վկան ընդամենը մեկ տարի է հաճախել միջնակարգ դպրոց, այնուհետեւ 4 տարի սովորել է Գյումրիի մտավոր հետամնաց երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցում:
Հակոբ Կարապետյանի մոտ առկա է ծանր աստիճանի մտավոր հետամնացություն: Տղան տառաճանաչ չէ: Չի կարողանում գրել անգամ իր անուն-ազգանունը: Եթե որեւէ բան էլ տղան կարողանում է գրել, ապա միայն արտանկարելու եղանակով: Միջնորդության մեջ նշված տեղեկատվության համաձայն՝ Հակոբ Կարապետյանը չի փայլում հիշողությամբ՝ մատուցված նյութը մտապահում է բազմաթիվ կրկնություններից հետո եւ արագ էլ մոռանում: Ինչպես նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը, դատավարական օրենսգրքով չի թույլատրվում դատարան հրավիրել ու հարցաքննել մտավոր թերի զարգացած անձի:
Դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց, որ միջնորդության հարցը կքննարկվի ապացույցների հետազոտման փուլում, իսկ առայժմ դատարանը պատրաստվում է լսել վկային: Փաստաբանների միջնորդության դեմ հանդես եկավ մեղադրող կողմը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելքոնյանը նկատեց, որ նույն՝ թիվ 3 օժանդակ դպրոցից իրենք էլ ունեն փաստաթղթեր, որի համաձայն՝ վկան ունի մաթեմատիկական փայլուն գիտելիքներ ու, իր կարծիքով, Հակոբը կարող է հարցաքննվել դատարանի դահլիճում, մանավանդ, որ մասնակցել է նախաքննությանը:
Հակադարձելով Մելքոնյանին՝ փաստաբան Բաբայանն էլ իր հերթին շեշտեց, որ նմանատիպ հաստատություններ երեխաներն ընդունվում են բժշկի ախտորոշումից հետո միայն: Իսկ ինչ վերաբերում է քննիչի կողմից հարցաքննվելուն, ապա այն իրականացվել է միայն մոր ներկայությամբ՝ առանց փաստաբանի մասնակցության: Հարցաքննությունը, որ կազմել է 4 էջ՝ տեւել է ընդամենը 45 րոպե: Հարցաքննությանը մասնակցելու համար չի հրավիրվել հոգեբան: «Արձանագրության թղթերի վրա հարցաքննվողի համար նախատեսված ստորագրություն բաժնում դողացող ձեռագրով գրված է Հակոբ, որը պետք է ենթադրել վկայի ստորագրությունն է, սակայն դատարանում նրա կողմից դրված ստորագրությունը բոլորովին այլ է»,-նշեց Լուսինե Սահակյանը:
Վկա Հակոբ Կարապետյանը հարցաքննության հենց սկզբում հայտարարեց, որ ոչինչ չի հիշում: «Էն վախտ կհիշեի, հիմի չեմ հիշե»,-նկատեց վկան: «Իսկ ի՞նչ ես հիշում»,-փորձեց պարզել դատավորը: «Բաներ կան՝ կհիշեմ, բաներ կան՝ չեմ հիշե, ես չիդեմ՝ որն եմ ճիշտ ըսել, որը՝ սխալ»,-գրեթե նույնաբովանդակ պատասխան տվեց վկան: Մեղադրող Մարուխյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:
Ըստ արձանագրության՝ 2012թ-ի ապրիլի 12-ին, Հակոբը ծխախոտ գնելու նպատակով գնացել է խանութ: Հաղթանակի կամրջի Շիրակացի փողոց տանող հատվածում նկատել է երկու արծաթագույն արտասահմանյան մակնիշի մեքենա: Վկան ճանաչում էր Հարություն Սարգսյանին եւ տեսել է, թե ինչպես է վերջինս նստել մյուս մեքենան: Երբ ինքը հետ վերադառնալիս է եղել, նկատել է, որ Հարությունն իջել է անծանոթ մեքենայից, նստել իր մեքենան ու թեքվել դեպի իրենց տուն տանող փողոց:
«Ճի՞շտ էր, ինչ կարդացին»,-վկային հարցրեց դատավորը: «Կռնա ըդպես գրել եմ, հմի չեմ հիշե»,-պատասխանեց վկան: Դահլիճում գտնվող վկայի քույրը տեղից հայտարարեց, որ իրենք չեն ուզում կորցնել իր հիվանդ եղբորը եւ հորդորեց նրան ասել միայն էն, ինչ արձանագրվել է նախաքննության ժամանակ: «Կա՞ մեկը, ումից վախենում ես>,-վկային դիմեց մեղադրող Մարուխյանը: «Չէ, ես հեչ մեկից էլ չեմ վախենա»,-շեշտեց վկան:
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ վկային հարցեր տալուց իրենք առայժմ ձեռնպահ կմնան: Երբ կբավարարվի իրենց միջնորդությունը, կստանան փորձաքննության եզրակացությունը, այն ժամանակ էլ լրացուցիչ հարցաքննության համար կխնդրեն, որ կրկին դատարան հրավիրվի վկա Հակոբ Կարապետյանը: Հաջորդ վկան, ում լսեց դատարանը, ամբաստանյալի հայրն էր՝ Սամվել Սարգսյանը: Վկան հիշեց, որ դեպքի օրը տղան պիտի Բավրայի անցակետ գնար ընկերոջը՝ Կարուշին գումար փոխանցելու համար: Սամվել Սարգսյանը ժխտեց, թե իրենք երբեւէ մտադրություն են ունեցել Ղուկասյանների ընտանիքի հետ խնամիական կապեր հաստատելու: Պատմեց, որ գործի բերումով եղել է քաղաքապետարանում, այնտեղ հանդիպել է ծանոթներին, զրուցել է նաեւ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի հետ:
Վկան շեշտեց, որ խնամախոսության նպատակով ինքը քաղաքապետարան չի գնացել: Պարզապես այնտեղ եղել են մարդիկ, որ տեղեկանալով տղայի ամուրի լինելու մասին՝ խորհուրդ են տվել որպես հարսնացուների լավագույն թեկնածուներ նկատի ունենալ նաեւ Վարդան Ղուկասյանի աղջիկներին: Երբ հողի վարձի կրկնակի գանձման խնդիրը լուծելու նպատակով մտել է նախկին քաղաքապետի մոտ, խոսակցության վերջում, որպես ծանոթներ խոսել են նաեւ իրենց զավակներից: Վկան այդ ժամանակ տեղեկացել է, որ Վարդան Ղուկասյանի աղջիկներից մեկն արդեն նշանադրված է, պարզապես դեռ հարսանիք չեն արել, իսկ մյուսին պատրաստվում առաջիկայում ամուսնացնել՝ թեկնածուն արդեն կա: «Ես խնամախոսության նպատակով քաղաքապետարան չեմ գնացել, ինչքան ասեմ…ոչ, չեմ գնացել, նո, նետ, նայն. քանի լեզվով էլ ասեմ: Ես գյումրեցի եմ, ես չգիտեմ, որ մարդը տուն ունի, ընտանիք կա ու չի կարելի նման հարցերով քաղաքապետարան գնալ: Ես աղջիկ ուզելու չեմ գնացել»,-հայտարարեց վկան:
Այս դատական նիստը եւս աչքի ընկավ բազմաթիվ միջնորդություններով եւ հայտարարություններով: Դատավոր Մարտին Սարոյանը չէր հասցնում հանել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելքոնյանի՝ գործին չվերաբերող հարցերը: Փաստաբանները միջնորդում էին եւ պահանջում դատարանից հաստատել կարգ ու կանոն: Բարձրացած աղմուկից ու ստեղծված գրեթե անկառավարելի վիճակից ելք գտնելու համար դատավոր Սարոյանը ստիպված էր 10 րոպե ընդմիջում հայտարարել:
Ընդմիջումից հետո մեղադրող Մարուխյանը հայտարարեց, որ հակասություններ կան վկա Սամվել Սարգսյանի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ: Մեղադրողը միջնորդեց դատարանին հրապարակելու վկայի նախաքննական ցուցմունքները: Լսելով այն, վկան հայտարարեց, որ վստահելով քննիչին, արձանագրությունը մինչեւ վերջ չի կարդացել: Բացի այդ, հարցաքննության ընթացքում քննիչը մի քանի անգամ դուրս է եկել սենյակից ձեռքին արձանագրության թղթերը եւ ինքը չի իմացել, թե դրանք ուր է տարել կամ ինչ թղթեր է հետ բերել: Վկան ասաց, որ ճշմարտությունն այն է, ինչ ինքը պատմել է դատարանում: Սամվել Սարգսյանը հայտարարեց, որ իր տղան կապ չունի սպանության հետ եւ երբ աշխատանքից ազատեն մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, ամեն ինչ «ջրի երես կելնի»:
Լուսանկարում՝ Սամվել Սարգսյանը
Մեկնաբանել