Քեմբրիջի համալսարանում կներկայացվի արդի հայ գրականությունը
Մայիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում «Վսեսվիտ» ուկրաինական ամսագրի խմբագրությունը կանցկացնի ամենամյա գրական ընթերցումներ: Կընթերցվի «Վսեսվիտ»-ի հատուկ համարը, որը նվիրված է արդի հայ գրականությանը և տպագրված է «Հայ գրատպության 500-ամյակ» և ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած «Երևանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհայի մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում:
Հոբելյանական համարում ուկրաիներեն թարգմանությամբ ներկայացված են Մետաքսեի, Էդուարդ Միլիտոնյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Լևոն Անանյանի, Դավիթ Մուրադյանի, Նորայր Ադալյանի, Նելլի Շահնազարյանի, Ռուբեն Անգալադյանի ստեղծագործությունները, ինչպես նաև «Խոտինյան պատերազմի պատմությունը» Ալեքսանդր Բոժկոյի թարգմանությամբ:
2012 թ. ապրիլին Կիևում՝ Մաքսիմ Ռիլսկիի անվան գրական թանգարանում, կայացել էր «Վսեսվիտ»-ի հատուկ համարի շնորհանդեսը, որին ներկա էին հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, գրողներ:
2012 թ. մարտին Հայաստանի գրողների միությունում տեղի էր ունեցել «Վսեսվիտ» ամսագրի շնորհանդեսը: Ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Միկիտենկոյի տեղեկացմամբ՝ «Վսեսվիտ»-ը արտասահմանյան գրականությանը նվիրված միակ ուկրաինական ամսագիրն է, որը լույս է տեսնում 1925 թ.-ից և այդ ընթացքում թարգմանությամբ հրատարակել է արտասահմանյան հայտնի գրողների հարյուրավոր ստեղծագործություններ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել