
Գները բարձրացնում են, պարտավորություններում` թերանում
Այս տարի ապրիլի 16-ին կայացած ասուլիսում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հայտարարեց, որ հունիսի 15-ին բացվող ամառային սեզոնի ընթացքում տոմսերի թանկացում չի սպասվում:
«Գնային քաղաքականությունը մշակելիս` մենք հաշվի ենք առել մարդկանց վճարունակությունը եւ սեզոնային պահանջարկը», – նշել էր Շայդուլինը:
Սակայն 2 ամիս անց` հունիսի 15-ին, Բաթում մեկնող առաջին գնացքի տոմսերի արժեքը թանկացավ միանգամից 25 տոկոսով:
Այսպես` հատուկ վագոնի («CB») տոմսի արժեքը նախորդ տարվա 24 000-ի փոխարեն այս տարի հունիսին սահմանվեց 27 630 դրամ, իսկ կուպեավոր վագոնինը` 11 հազար 700-ի փոխարեն 15 900 դրամ:
Բայց սա դեռ ամբողջը չէ: Վերոհիշյալ գները սահմանվել են միայն հունիս եւ սեպտեմբեր ամիսների համար, երբ ուղեւորահոսքը դեպի Բաթում մեծ չէ: Իսկ հուլիս-օգոստոս ամիսներին, երբ գնացքներն ամբողջովին բեռնված են աշխատում, սակագներն էլ ավելի բարձր են լինելու. հատուկ վագոնի համար` 31 240, կուպեավոր վագոնի` 17 410 դրամ:
Հետաքրքրական է, որ ընկերությունում սակագնային այս փոփոխությունները թանկացում չեն որակում: «Թանկացում ՀԿԵ-ն չի արել անցած տարվա համեմատ»,- մեզ հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:
Նրա մեկնաբանմամբ, տոմսերի արժեքի թանկացումը ոչ թե իրենց նախաձեռնությունն է, այլ բխում է համաշխարհային ֆինանսատնտեսական իրողություններից:
«Ամբողջ աշխարհում երկաթգծի համար փոխարժեքը հաշվարկվում է շվեյցարական ֆրանկով: Մեզ մոտ եւս հաշվարկը կատարվում է շվեյցարական ֆրանկով, հետո փոխարժեքով դառնում է դրամ: Քանի որ շվեյցարական ֆրանկը անցած տարվա համեմատ 25.9 տոկսով թանկացել է, դրա համար գները մի փոքր ավելացել են», - նշեց Գ. Մովսիսյանը:
Շվեյցարական ֆրանկի փոխարժեքի կայունացում իրոք տեղի է ունեցել: Ինչպես հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ի ֆինանսական վերլուծականը, վերջին 1.5 տարում այս փոխարժեքն իր դիրքերը եվրոյի նկատմամբ ամրացրել է 20 տոկոսով:
Ինչ վերաբերում է հունիս եւ սեպտեմբեր ամիսների համար սահմանված սակագների տարբերությանը հուլիս-օգոստոս ամիսներին սահմանված գներից, Գագիկ Մովսիսյանը դա բացատրում է ընկերության որդեգրած հատուկ գնային քաղաքականությամբ:
«Մենք ստիպված եղանք փոխել տարիֆային քաղաքականությունը, այդ բարձրացումը, որպեսզի պահովենք գների որոշակի իջեցում հունիս, սեպտեմբեր ամիսներին: Հուլիս-օգոստոս ամիսներին 10 տոկոս ավելի թանկ կլինեն տոմսերը»,- ասաց Գ.Մովսիսյանը:
Նշենք, որ ուղեւորափոխադրումների սակագների թանկացումը վերաբերում է միայն միջազգային ուղղություններին, քանի որ շվեյցարական ֆրանկով են հաշվարկվում հատկապես այս ծառայությունները: ԱՊՀ երկրների միջեւ ստորագրված համաձայնագրի համաձայն, յուրաքանչյուր երկրի երկաթուղու կառավարիչ ընկերություն ինքնուրույն է սակագների սահմանման վերաբերյալ որոշում կայացնում: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ շվեյցարական ֆրանկի փոխարժեքի ավելացման պատճառաբանությամբ ԱՊՀ տարածքում տոմսերի արժեքը բարձրացրել են միայն Հայայստանի եւ Բելառուսի երկաթուղիները: Մինչդեռ, օրինակ, հայայստանյան երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարչի սեփականատեր «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը իր երկրում` Ռուսաստանում տոմսերը չի թանկացրել:
Ի դեպ, դեռեւս 2009թ-ին, թերեւս գիտակցելով օտարերկրյա ընկերության տնօրինմանը հանձնված ռազմավարական այս կարեւոր ուղղության նկատմամբ վերահսկողություն ունենալու անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշում կայացրեց, որով փորձ արվեց սահմանափակել կառավարչի ազատությունները սակագների հաստատման գործում:
Սակագների փոփոխությունները այս որոշման համաձյան պետք է վերանայվեին հատուկ հանձնաժողովում:
«Կոնցեսիոները սահմանում, փոփոխում է երկաթուղային փոխադրման ծառայությունների համար սակագները` հանձնաժողովի համաձայնությամբ, որը բաղկացած է վեց անդամից` երեքը` Լիազոր մարմնի ներկայացուցիչները, երեքը` Կոնցեսիոների ներկայացուցիչները։ … Հանձնաժողովը սահմանում է երկաթուղային փոխադրման ծառայությունների գնագոյացման մեթոդաբանությունը»,- ասված է կառավարության 2009թ-ի որոշման մեջ։
Այսպիսով, թվում է, թե գնագոյացման քաղաքականության մեջ կամայականությունների խնդիրը փակված է: Սակայն հաստատված վերջին սակագների ձեւավորմանը կառավարությունը որեւէ կերպ չի մասնակցել:
Բանն այն է, որ վերահիշյալ որոշումը վերաբերում է բացառապես ներքի փոխադրումներին, ինչ վերաբերում է միջազգային փոխադրումների գներին, ապա, համաձայն այդ որոշման 3-րդ կետի, «Միջազգային երկաթուղային փոխադրումների uակագները դեպի Հայաuտան կամ Հայաuտանից դուրu կարգավորվում են միջազգային պայմանագրով»:
Ավելին, այս ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղու» լիակատար իրավունքներն ամրագրված են նաեւ 2008թ-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրով:
Ի դեպ, ժամանակին, երկաթուղային սակագների հաստատման իրավական հարցերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու խոստում էր տվել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Բայց ԱԺ-ն արդեն գնացել է ամառային հանգստի, իսկ անձամբ հանձնաժողովի նախագահի հետ կապվելու մեր փորձերն անօգուտ էին:
Վ. Այվազյանն այս հայտարարությունն արել էր անցյալ տարի փետրվարին, երբ ԱԺ-ն քննարկում էր «Հարավկովկասյան երկաթուղու» ստանձնած պարտավորությունների կատարողականը: Հանձնաժողովի նախագահը խոստացել էր հետեւել նաեւ պարտավորությունների իրականացման ընթացքին:
Այդուհանդերձ, այս հայտարարությունները թերեւս բավարար չեղան ստիպելու ընկերությանը կատարել ստանձնած պարտավորությունները:
Կոնցեսիոն պայմանագրով 2008-2009 թթ. համար նախատեսված 21,2 մլրդ դրամ ներդրումների փոխարեն ՀԿԵ-ն կատարել է 14,7 մլրդ-ը, իսկ շարժակազմի գծով նախատեսված 4,9 մլրդ-ի փոխարեն՝ մոտ 22 մլրդ դրամի ներդրումներ: Այս տվյալներն են բերված ԱԺ կայքում:
Ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ չեն կատարվել նաեւ հաջորդ եւ ընթացիկ տարիներին` ամեն անցնող տարում հետաձգվելով հաջորդ տարվան:
Նշենք, որ պայմանագրում նշված կետերը չկատարելու դեպքում կոնցեսիոները, նույն պայմանագրի համաձայն, պարտավոր է վճարել տույժ, որը չի կարող գերազանցել 57 մլն ԱՄՆ դոլարը:
Բայց ՀԿԵ-ն մինչ օրս որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:
Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի խոսքով, այս տարվա առաջին եռամսյակում դարձյալ պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նախարարի խոսքով, թերացումներ են եղել թե ենթակառուցվածքի եւ թե շարժակազմի ուղղությամբ կատարվելիք ներդրումների մասով, «կապված իրենց բաժնետիրական ընկերության, իրենց ծրագրի հետ, որը պետք է հաստատվի նաեւ Ռուսաստանում, որոշակի թերություններ կան», -ասել էր նախարարը, հավելելով, որ ընկերությունը գրավոր հավաստիացրել է, թե երկրորդ եռամսյակում թերացումները կվերացվեն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը չհերքեց, որ ընկերությունը թերացել է պարտավորությունների կատարման հարցում, բայց եւ նշեց, որ դրանք հետեւանք են տարվա առաջին ամիսներին վատ եղանակային պայմանների:
«Ձմեռը գծի վրա աշխատել հնարավոր չէ,- ասաց, Գագիկ Մովսիսյանը` հավելելով,- գծի նյութերի ներկրումն արդեն մեծ տեմպերով սկսվել է, աշխատանքները մեծ տեմպերով արվում են»:
Ի դեպ, ընկերության այս տարվա ներդրումային պարտավորությունները կազմում են 1 178.08 մլն ռուսական ռուբլի: Դրանից 1 127.65 մլն-ը նախատեսվում է ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը, 50.41 մլն ռուբլին` շարժակազմի արդիականացմանը:
Մեկնաբանել