HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության տարածվածությունը Հայաստանում 19 տոկոս է

Այսօր Երևանում մեկնարկեց 4-օրյա տարածաշրջանային աշխատաժողով, որը նվիրված է Ալբանիայում, Հայաստանում և Վրաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության խնդրի արձագանքմանը:

Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից և նպատակ ունի միավորել երեք երկրի՝ երեխաների սնուցման մասնագետների և պատասխանատուների ջանքերը՝ վերանայելու ազգային ռազմավարություններն ու ծրագրերը, վերհանելու առկա համակարգային խնդիրները և վերահաստատելու երեխաների իրավունքների ու բարեկեցության հարցում ազգային հանձնառությունները:

«Երեխաների կենսապահովման խնդիրների շարքում առողջության պահպանման և սնուցման հարցերն առաջնահերթ են, և այս առումով առավել կարևորվում է վաղ մանկության շրջանը, քանզի հիվանդացության և մահացության ռիսկը 0-5 տարեկան հասակում շատ ավելի բարձր է»,- նշեց առողջապահության նախարարի տեղակալ պրն Սերգեյ Խաչատրյանն իր բացման խոսքում:

Անցած ամիս ՅՈւՆԻՍԵՖ-ի հրապարակած «Երեխաների սնուցման բարելավումը. հասանելի առաջնահերթություն գլոբալ առաջընթացի համար» զեկույցի համաձայն՝ աշխարհում շուրջ 165 միլիոն երեխա տառապում է թերաճությունից, ինչը նշանակում է, որ նրանց հասակը տարիքի համեմատ շատ կարճ է:

Զեկույցը հաստատում է նաև, որ թերաճության նվազեցման համար առաջնային է ջանքերի կենտրոնացումը հղիության և երեխայի կյանքի առաջին 2 տարվա վրա: Երեխաների թերաճությունը չի նշանակում միայն կարճ հասակ. դա նշանակում է նաև երեխայի ուղեղի, մտավոր և ճանաչողական զարգացման հապաղում, ինչպես նաև չափահաս տարիքում աշխատանքային արդյունավետության նվազում:

Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճությունը երեխայի ուղեղի՝ իր ներուժի լիարժեք չափով զարգացման կորցրած հնարավորության նշան է: Վաղ մանկությունը ուղեղի զարգացման վճռական շրջան է, երբ թերսնուցման հետևանքները, որոնք արտացոլված են տարիքին համապատասխան ցածր հասակում, անդառնալի ազդեցություն ունեն և ուղղման ենթակա չեն:

«Եթե կինը թերսնված է հղիության շրջանում, կամ եթե նրա երեխան թերսնուցված է կյանքի առաջին 2 տարում, ապա երեխայի ֆիզիկական և մտավոր աճն ու զարգացումը նույնպես ենթակա են հապաղման: Այդ երեխան երբեք չի սովորի, ոչ էլ հասարակության պիտանի անդամ կդառնա, որքան կարող էր լինել, եթե պատշաճ սնուցում ստանար վաղ տարիքում»,- նշեց Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Վերջին տվյալների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության տարածվածությունը Հայաստանում կազմում է 19 տոկոս, Ալբանիայում՝ 16 տոկոս և Վրաստանում՝ 11 տոկոս:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աճի միջազգային չափանիշներով՝ ամբողջ աշխարհում երեխաները (մինչև 5 տարեկան) կարող են իրենց տարիքին համապատասխան հասակ ունենալ այն դեպքում, երբ հղի կանայք պատշաճ բուժօգնություն և սնուցում ստանան, իսկ երեխաները՝ օպտիմալ սնուցում ու պատշաճ խնամք:

Միևնույն ժամանակ վիճակագրությունը հստակ ցույց է տալիս, որ ամենախոցելի ընտանիքների երեխաների շրջանում թերաճության ցուցանիշներն առավել բարձր են, ինչը հանգեցնում է այն համոզման, որ թերաճությունը վաղ մանկության շրջանում անհավասար պայմանների, այլ ոչ թե ժառանգականության հիմնական նշանն է:

Թերաճությունն ու թերսնուցման այլ ձևերը կարելի է նվազեցնել աշխարհով մեկ «կյանքի 1000 օրը» անվանում ստացած հղիության և երեխայի կյանքի առաջին 2 տարում պարզ և ապացուցված մի շարք քայլերի միջոցով: Այս 1000 օրվա ընթացքում պատշաճ սնուցման միջամտությունները վճռական են պտղի և երեխայի սնուցման, աճի ու ուղեղի զարգացման բարելավման հարցում: Դրանք հնարավորություն են ստեղծում, ինչը հետագա կյանքում հնարավոր չի լինի: Դա է պատճառը, որ այս շրջանը կոչվում է ‹‹հնարավորության պատուհան»:

«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք այս վճռական շրջանում երեխաների լիարժեք աճն ու զարգացումն ապահովելու համար: Աշխարհում կիրառված արդյունավետ միջամտությունների շարքում են հղի մայրերի սնուցման և խնամքի բարելավումը, ինչպես նաև մանկական հիվանությունների կանխարգելումն ու պատշաճ սնուցումը երեխայի կյանքի առաջին երկու տարիներին: Առաջին 6 ամսում բացառապես կրծքով սնուցումը, այնուհետև պատշաճ հավելյալ սննդանյութերով հարուստ սննդամթերքի ապահովումը հաջողության գրավականն է»,- ասաց ՅՈւՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի սնուցման գծով ավագ խորհրդատու տկն Նունե Մանգասարյանը:

Հաճախ թերսնուցումը պատշաճ սնուցման և խնամքի հարցում գիտելիքի պակասի արդյունք է: Հավասարապես կարևոր է աշխատել ծնողական հմտությունները բարելավելու ուղղությամբ, քանի որ ծնողներն առաջնային պատասխանատվություն են կրում իրենց երեխաների բարեկեցության հարցում: Ինտեգրված աջակցությունը մասնավորապես խոցելի ընտանիքներին պետք է պետական ծրագրերի հիմնաքարը լինի՝ ի հավելում օրենսդրական ու վարչական միջամտությունների: Շատ դեպքերում մայրերի ու երեխաների սնուցման ու խնամքի մասին պարզ տեղեկատվությունը կարող է վճռական դեր խաղալ պտղի և երեխայի պատշաճ աճն ու զարգացումն ապահովելու հարցում:

Ենթատարածաշրջանային աշխատաժողովը կնպաստի երկարաժամկետ ազգային գործողությունների պլանների մշակմանը, որով հնարավոր կլինի նվազեցնել Ալբանիայում, Վրաստանում և Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճությունը, ինչպես նաև թույլ կտա համաձայնեցնել մոտ ապագայում իրականացվելիք գործնական քայլերը:

Մեկնաբանություններ (1)

Jaydee Bee
Malnutrition is a common and frequent cause of deficient growth and development. However, in order to validate this cause a meaningful number of children should be tested for growth hormone and the function of the pituitary as well as other causes. Genes are important too. It is sometimes sad that health organizations are sometimes under pressure to get the results that best suit their mind set. I believe that UNICEF is a very wonderful organization and significantly helps the world. I am not criticizing them.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter