Արմեն Աշոտյան. «Բուհական համակարգ-աշխատաշուկա արդյունավետ համագործակցության խնդիր ունենք»
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Բարձրագույն կրթության բարեփոխումներ» թեմայով միջազգային համաժողովի բացմանը:
«Բուհերը կրթական համակարգի ամենամիջազգայնացված հաստատություններն են և ամենաակտիվն են զգում արտաքին գործոնների ազդեցությունը: Հայաստանի Հանրապետությունում մենք բուհական համակարգ-աշխատաշուկա արդյունավետ համագործակցության խնդիր ունենք: Ունենք դեռևս խնդիրներ՝ կապված բուհերի ինքնավարության, ակադեմիական ազատությունների ու ինստիտուցիոնալ ինքնավարության հետ»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ նախկին իներցիայով Հայաստանում «պետական բուհ» հասկացությունը շարունակում է պահպանել առօրեկան նշանակությունն ու որոշակի կարգավիճակը իրավական ասպարեզում:
«Սակայն հետևելով հատկապես եվրոպական կրթական համակարգի զարգացումներին՝ մենք պատրաստ ենք և արդեն որոշակի քայեր այդ ուղղությամբ կատարել ենք՝ ընդլայնելու բուհերի ինքնավարության աստիճանը, այդ թվում կիրառել կազմակերպաիրավական ձևերի բազմազանություն՝ վերածելով պետական բուհերը հանրային կամ ազգային ուսումնական հաստատությունների»,- ասել է Ա. Աշոտյանը:
Նրա գնահատմամբ՝ 2005 թ.-ին Հայաստանի՝ Բոլոնիայի գործընթացի անդամակցումից առ այսօր երկրի բուհական համակարգը միջազգային ճանաչման առումով ակնհայտ առաջընթաց է ունեցել, և այսօր Հայաստանը Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների համար համարվում է արժանահավատ և վստահելի գործընկեր: Որպես ասվածի հիմնավորում՝ Ա. Աշոտյանը նշել է 2012 թ.-ին ՀՀ-ի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը:
«Կրթական բարեփոխումները իրականացվել և իրականացվում են մեծ դժվարություններով: Ինքս կողմնակից եմ բարձրագույն կրթության ոլորտում մոտակա 2 տարիներին գնալ ավելի արմատական քայլերի: Նման վճռականության համար կրթության և գիտության նախարարությունն ու բուհերը ունեն բավարար ներուժ և անհրաժեշտ քաղաքական կամք: Բարձրագույն կրթության համակարգի կառավարման առողջացման ծրագիրը բեկումնային և կտրուկ քայլերի անհրաժեշտություն ունի»,- ասել է ԿԳ նախարարի պաշտոնակատարը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև Համաշխարհային բանկի կրթական թիմի (ղեկավար՝ Սաչիսկո Կատաոկա) պատրաստած «Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել