HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվում են Քաղաքացիական օրենսգրքում հնարավոր փոփոխությունները

Մայիսի 7-ին մեկնարկեց ՀՀ արդարադատության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի շուրջ երկօրյա քննարկումը:

Քննարկմանը մասնակցում են ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների տեսաբան-գիտնականներ, փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, միջազգային կազմակերպությունների, փաստաբանական պալատի, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ:

Հայաստանի իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանը և քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանն ուղղված քայլերի շարքում կարևորագույններից է Քաղաքացիական օրենսգրքի բարեփոխումը, որը կարգավորելու է մասնավոր իրավահարաբերությունները՝ ժամանակակից մոտեցումներին համապատասխան:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ գործող Քաղաքացիական օրենսգիրքը, որն ընդունվել է 1998թ. ԱՊՀ մոդելային օրենսգրքի հիման վրա, կարևոր քայլ էր նորանկախ պետության կողմից շուկայական տնտեսական հա­րա­բերությունների անցման, մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ճանապարհին: Սակայն օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի տնտեսական, սոցիալական և իրավական կյանքում տեղի են ունեցել էական փո­փոխություններ, ինչն էլ հանգեցրել է օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտության:

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարևորագույն իրավական ակտերից է, որի հետ կապված ցանկացած բարեփոխում չափազանց մեծ շրջահայացություն է պահանջում: Այստեղ սխալները անթույլատրելի են և ճակատագրական»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Քննարկման մասնակիցների առջև դրված կարևոր խնդիրներից մեկն էլ օրենսգրքի բարեփոխման հիմնական ուղղությունները բացահայտելն ու դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել է:

«Արմատական փոփոխություններ կատարելուց առաջ անհրաժեշտ է խորապես կշռադատել դրանց նպատակահարմարությունը, իրավակիրառ խնդիրները, ինչպես նաև փոփոխությունների արդյունքում բազմաթիվ այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Ներկայացվեցին փորձագիտական տարբեր կարծիքներ, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի փորձագիտական կարծիքները փոխանցեցին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Դավիթ Սերոբյանը: Գերմանացի մասնագետների տեսակետները ներկայացրին Բրեմենի համալսարանի դասախոսներ դոկտոր, պրոֆեսոր Ռոլֆ Քնիպերը և դոկտոր Հանս-Յոախիմ Շրամը, իսկ Վրաստանի փորձի հիման վրա տեսակետ հայտնեց Թբիլիսիի և Քիլի համալսարանների դոկտոր, պրոֆեսոր Լադո Չանտուրիան: Փորձագիտական կարծիքներ նարկայացրին նաև Հայաստանի և ԳԴՀ իրավաբանների, փաստաբանական պալատի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter