HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններն ունեն իրացման խնդիրներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ոլորտը ներկայացնող շուրջ 80 ձեռնարկության ղեկավարներ, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ:

Արտահանման խթանման ուղղությամբ իրականացվող քայլերի և ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, «Զարգացման հայկական գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Հաջորդիվ գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկությունները հիմնականում ֆինանսական միջոցների մատչելիության, արտաքին շուկայում արտադրանքի առաջմղման և օժանդակ նյութերի ներմուծման պայմանների բարելավման վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման ընթացքի վերաբերյալ գյուղատնտեսության նախարարությանը գործարարների ներկայացրած տեղեկատվությունը վկայում է, որ հայկական վերամշակող ձեռնարկությունները խնդիրներ ունեն իրացման բնագավառում և պետության աջակցությունն են ակնկալում:

Վարչապետն առանձնացրել է արծարծված հարցերի երկու խումբ: Առաջինը ֆինանսական ոլորտի խնդիրներն են: Այս տարի կառավարությունը մտադիր է ստեղծել արտահանումն ապահովագրող պետական կառույց, որը մասնագիտանալու է արտահանման ռիսկերի գնահատման գործում:

«Երկրորդ խնդիրն այն է, թե արդյոք նպատակահարմա՞ր է պետության մասնակցությամբ միավորել փոքր և միջին ձեռնարկությունները՝ ստեղծելով համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է լինելու վերամշակված գյուղմթերքների արտահանմամբ զբաղվելը: Մենք պատրաստ ենք քննարկել դա և առարկայորեն աշխատել այն ձեռնարկությունների հետ, որոնք համաձայն են պետության հետ միասին մասնակցել այդպիսի կորպորացիայում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք մշակում են 400 հազար հա հող, և այս պարագայում անհնար է ունենալ արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն, որովհետև գյուղատնտեսական ապրանքի ինքնարժեքը բարձր է լինելու: Սա պետք է մտահոգի վերամշակող ձեռնարկություններին, որոնք գյուղացուց գյուղապրանքներ են ձեռք բերում:

«Գյուղատնտեսությունում էժանացման ճանապարհը արդյունավետության բարձրացումն է, իսկ դա նշանակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացում, որպեսզի ինքնարժեքը նվազի: Պետությունը վարելու է գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերի պարտադիր մշակման քաղաքականություն: Չմշակվող հողերի համար սեփականատերերը կամ պետք է տույժ վճարեն, կամ օտարեն դրանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը, նպատակ ունենալով էժանացնել գյուղապրանքների ինքնարժեքը, տարեկան մի քանի միլիարդ դրամ է հատկացնում գյուղացուն, որպեսզի պարարտանյութը, սերմացուն և վառելիքը էժան ու հասանելի լինեն:

«Սա նաև անուղղակի օժանդակություն է վերամշակող ձեռնարկություններին, որովհետև մթերքները հասնում են ավելի էժան՝ հաշվի առնելով, որ այդ ինքնարժեքի մեջ է նաև պետության օժանդակության շրջանակում տրամադրված գումարը: Բայց մեր հիմնական թիրախը վերամշակված ապրանքների իրացումն է: Այդ շղթան կաշխատի, եթե կարողանանք ապրանքներն իրացնել, և առաջիկա տարիների համար հիմնական պետական օժանդակությունը լինելու է այդ ուղղությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ պետությունը պատրաստ է քննարկել արտաքին շուկաներում վերամշակված գյուղապրանքների իրացման հնարավորությունների վերաբերյալ բոլոր առաջարկները:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ հնչեցված, գրավոր ներկայացված բոլոր հարցադրումները, առաջարկները կքննարկվեն, և դրանց հիման վրա հանձնարարականներ կտրվեն համապատասխան գերատեսչություններին: Գործարարների հետ հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկվի միջոցառումների ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter