2014 թ. հոկտեմբերի 11-31-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գյուղատնտեսական համատարած հաշվառում
Այսօր տեղի ունեցավ Հայաստանում 2014թ. անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
Կառավարության 2013թ. ապրիլի 25-ի որոշման համաձայն՝ հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ) նախատեսվում է անցկացնել 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը: Մինչ այդ՝ 2013 թ. հոկտեմբերի 11-31-ը, փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի մարզի Շահումյան, Ազատավան և Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի և Տավուշի մարզի Բերդ, Գանձաքար և Այգեհովիտ համայնքներում:
Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ԳԳՀ-ի նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղնշանակության շենք-շինությունների, առկա ներուժի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն է:
Ակնկալվում է, որ ԳՀՀ-ն հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձևավորել տվյալների ամբողջական համակարգ, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:
ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են 10 տարին առնվազն մեկ անգամ ԳՀՀ անցկացնել:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց 2014 թ. ԳՀՀ նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդհանուր նախահաշիվը 2013-2016թթ. համար կկազմի 1,8 մլրդ դրամ:
Հանձնաժողովը որոշեց հավանության արժանացնել ծախսերի նախահաշիվը՝ համաձայնելով, որ այն կարող է, ըստ համապատասխան տարիների պետական բյուջեների մասին ՀՀ օրենքների, ենթարկվել փոփոխության՝ հաշվի առնելով պետական բյուջեից հատկացումների հնարավորությունները, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից հնարավոր տրամադրվելիք դրամաշնորհային ծրագրերի առանձնահատկությունները:
Ա. Գևորգյանն առաջարկեց ինտենսիվ աշխատել միջազգային դոնոր հանրության հետ՝ ԳՀՀ անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու համար: Նա նաև կարևորեց բնակչության շրջանում գործընթացի վերաբերյալ ճիշտ պատկերացում ձևավորելը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել