HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատողների մի մասը ստացել է աշխատավարձը

Ախթալայի լեռնահարստացման  կոմբինատի շուրջ 600 աշխատողների  մարտ ամսվա  աշխատավարձը չվճարելու մասին «Հետքի» հրապարակումից այսօր  «Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերության  տնօրինության կողմից վճարվել է կոմբինատաի բաց և փակ հանքերի 200 աշխատողների մարտ ամսվա աշխատավարձը: Ընկերության թվով 400 աշխատողների, այդ թվում ԼՀԿ-ի ջարդման արտադրամասի,  ավտոտնտեսության, շինարարական տեղամասի, լաբորատորիայի, վարչական ապարատի, անվտանգության և էներգո ծառայությունների աշխատողների աշխատավարձերը դեռևս չեն վճարվել;  ԼՀԿ-ի «Հետքի» աղբյուրները հայտնում են, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կվճարվի վերջիններիս աշխատավարձը:  

Ընկերության փակ հանքի 3 հորիզոններ և Շամլուղի բաց հանքավայր կատարած «Հետքի» շրջայցը փաստեց, որ հանքափորները այստեղ աշխատում են աշխատանքային ծանր պայմաններում:

Մայիսի 6-ին առավոտյան՝ ժամը 12:00-ի սահմաններում, փակ հանքի 305 հորիզոնի ներսում գազերի կուտակում էր: Հորիզոնից վտանգավոր գազերը կորզելու պոմպեր չեն գործել: Հանքի բակում կանգնած աշխատողներն ասացին, որ 305 հորիզոնում այդ պահին աշխատում է 24 հանքափոր: Հավաքված գազերը սպառնալիք էին նրանց կյանքի համար: Այստեղ աշխատավարձի մասին աշխատողները համաձայնեցին խոսել միայն ձայնագրիչը անջատելու դեպքում:  


«Ով է աշխատավարձը պահանջելով ստանում: Ժամանակն եկավ, իրենք պարտավոր են մեր աշխատավարձը վճարել: Համա էսա ապրիլ ամսվա աշխատավարձի ժամանակն է, բայց մեզ մարտ ամսի աշխատավարձը չեն վճարում: Ինչ կարանք անենք, որ օրինաչափ չհամարենք: Պայմանները սենց ա: Գլխավոր հաշվապահ կա էնտեղ, հաշվապահն ինչի չի պահանջում, թե ուր ա էս աշխատողների աշխատավարձը»,- ասաց փակ հանքի 240 հորիզոնի հանքափոր Ալբերտ Հակոբյանը:

Փակ հանքի  240 հորիզոնի  պետ Վարուժան Գրիգորյանը նույնպես հանքափորների չվճարված աշխատավարձի մասին չէր ուզում խոսել. «Դե կստանանք աշխատավարձ: Սենց բան առաջին անգամ է եղել, կշտկվի»:  Նա հայտնեց, որ հանքի հորիզոնների բաղնիքները վերանորոգել են: 

Արդեն ներսում տեսանք, որ կատարվել են հարդարման թեթևակի աշխատանքեր, իսկ լոգարանները առանց ցնցուղների են:  Բաղնիքների հանդերձարաններում կախված հանքափորների արտահագուստները նման են ցնցոտիների:

Հանքափոր Սերոժն ասաց, որ մեկ տարի առաջ են իրենց տրամադրել աշխատանքային արտահագուստ. «Էդ ձայնագրիչդ անջատի, որ նոր խոսամ:  Մարդիկ վախենում են խոսան, որովհետև մեջքներին դեպուտատ չկա, քաղաքապետ չկա կանգնած: Հա, հմի , որ մեզ գործից դուրս անեն, քաղաքապետը գործ տի տա՞, չտի տա»,- ասաց 240 հորիզոնի աշխատողներից մեկը, ով լուսանկարչական ապարատն իր վրա ուղղված տեսնելուն պես հեռացավ տարածքից:

Ալբերտ Հակոբյան Արմեն Նաղդալյան Վարուժան Գրիգորյան

Շամլուղի բաց հանքավայրում վարորդ Գագիկ Դավթյանն  աշխատավարձ ստանալու մասին հարցին պատասխանեց. «Դե ինչ ասեմ, մեկը ստացել ա, մեկը ստացել չի, գնացեք հանքի կարիերը, էնտեղ ձեզ ամեն ինչ կասեն»: Շամլուղի բաց հանքավայրը լուսանկարելիս ինձ մոտեցավ ԼՀԿ-ի հանքերի կառավարիչ Արմեն Նաղդալյանը: Նա ասաց, որ բաց հանքում մոտ 100  մարդ է աշխատում. «Ինչ որ մարտ ամսի մասին է երևի խոսքը, մարտ ամսվա աշխատավարձը դեռևս չեն ստացել: Կստանան: Օրերի հարց է»,- ասաց նա: Բաց հանքից ավտոմեքենաների եռուզեռ էր:

Արմեն Նաղդալյանը հայտնեց, որ մայիսի 6-ին բաց հանքավայրում 40-50 բեռնատարներ են աշխատում, նրանցից 14-ը հանքավայրից տեղափոխում են  հանքաքար, իսկ մնացածները տեղափոխում են հանքավայրի ապարները: Հանքավայրից տեղափոխվող և հանքավայր գնացող ճանապարհաեզրերին կուտակված են ապարները: Հանքափոշին, անձրևաջրերի հետ խառնվելով, հոսում է դեպի Ախթալա: Հանքավայրից դուրս եկող և Ախթալա քաղաքի կենտրոնով ընթացող հանքաքարը տեղափոխող բեռնատարները ծածկված չէին, որի պատճառով քամիներից հանքաքարը թափվում էր ճանապարհաներին: Բաց հանքավայրում ապահովված չէր նաև աշխատողների աշխատանքային անվտանգությունը:


Հանքափորները չունեին պաշտպանիչ արտահագուստ`աշխատում էին իրենց շորերով: Արմեն Նաղդալյանն ասաց, որ ապրիլ ամսին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում 1000 տ խտանյութ է արտադրվել. «Բաց հանքի պաշարները առաջիկա 5 տարիների համար հաստատված պաշարներ են, կա այնքան, որ 5 տարի անխափան կաշխատենք»,- ասաց  կառավարիչը:  Նա բացառեց փակ հանքի 305 հորիզոնի գազերի փաստը:

«Ինչու են Ձեր ղեկավարած հանքավայրերի աշխատողները վախենում խոսել իրենց աշխատանքային հիմնախնդիրների մասին»,- հարցրի  Ախթալայի ԼՀԿ-ի հանքերի կառավարիչին: «Տեսեք ինչ եմ ասում, նախ, որ անվստահություններ կան լրատվամիջոցների նկատմամբ, 2-րդն էլ՝ դե մարդիկ են,  դժվարությամբ սկսել են աշխատել, մտածում է, որ կարող է իրոք իրա մոտ  էնենց բան ստացվի ասել, քանի որ մարդիկ էսօր իրենց ասածների համար աշխատում են պատասխան տալ»,-ասաց Արմեն Նաղդալյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter