HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

«Փող չտվիք՝ չընտրիմ». երևանցու վերաբերմունքը ընտրություններին

Էրեբունու թիվ 178 դպրոցի նախասրահում՝ անմիջական հարևանությամբ տեղակայված 12/32 և 12/33 ընտրատեղամասում քվեարկող քաղաքացիները անակնկալի եկան ներս մտած մի կնոջ գոռոցից, որը բղավում էր նրանց հասցեին, ովքեր բոլորին փող էին բաժանել, սակայն չգիտես ինչու՝ իրեն բաժին չէին հանել:

Ու ամենայն հավանականությամբ, հենց նա էլ թողել էր.  «Փող չտվիք՝ չընտրիմ» գրությունը 12/32 ընտրատեղամասում  անվավեր ճանաչված 36 ընտրաթերթիկներից մեկի վրա:

Տաքսու վարորդը, որ «Հետքի» լրագրողին հետ տարավ ընտրատեղամասից, իմանալով տեղամասի 1952 ընտրողից ՀՀԿ-ին  մոտ 630 ձայն տալու արդյունքների մասին, քմծիծաղ տվեց: «Իսկ Էրեբունիում ուրի՞շ բան էիք սպասում,- ասաց նա,- ստեղ Թոխմախի Մհերի տարածքն ա»:

Եթե ԱԺ պատգանավոր Մհեր Սեդրակյանի ու նրա հայտնի մականվան մասին բոլորը տեղյակ են, ապա Քյաչալ Ծյոմ և Թոխմախի Բաբո անունները Էրեբունի-Կայարան-Շենգավիթ հատվածներից դուրս՝ լայն զանգվածենրին ոչինչ չեն ասի, և, հատկապես, այս անունները համացանցում որոնելիս ոչնչի չեն հանգեցնի, սակայն, արժանին հատուցելու համար, պետք է ասել, որ նրանք այդ ուղղությամբ աշխատում են:

Տեղի բնակիչներն ասում են, որ 50 TT 077 համարանիշով մեքենան՝ այդ թաղերում հայտնի Քյաչալ Ծյոմի պատկանելությամբ՝ բոլոր ընտրություններին այստեղ ներկա է: Հարգարժան պարոն Քյաչալ Ծյոմը, սակայն, բոլորովին էլ «քյաչալ» չէ, և նույնիսկ ոճի զգացողություն ունի. նա հայտնի է կապույտ կարճաթև շապիկով շրջելու սովորությամբ, և նրա մասին հարցուփորձ անելուց հատկապես ընդգծում էին այդ փաստը:

Նա՝ իր յուրային ընկերների հետ մայիսի 5-ին չէր հեռանում դպրոցին հարող «Ֆլամինգո» կոչվող կառույցի բակից, որտեղ «խաշանոց» կա, ու, որտեղ, բնակիչների պնդմամբ՝ բոլոր ընտրություններին բաժանվում են  հինգ հազարական դրամները:

Պարոն Քյաչալ Ծյոմը՝ իր յուրայինների հետ, պարզվում է, չեն սիրում լրագրողներին, ու հատկապես, ֆոտոխցիկը: Նրանք ֆոտոխցիկ տեսնելու պես՝ դես ու դեն են վազում, ինչպես խավարասերը՝ լույս միացնելուց: Բայց խավարասերի մասին՝ ավելի ուշ:

50 TT 077 համարանիշով մեքենան դպրոցի բակից ազատորեն պտույտ գործելով՝ ուղիղ նշան բռնած գալիս էր դեպի «Հետքի» լրագրողի ուղղությամբ, ու, եթե հետ չքաշվեի, այդ արագության թափքից, հաստատ վրաերթի ենթարկված կլինեի:

Դպրոցը, որտեղ տեղակայված էին երկու ընտրատեղամասերը, ֆիզիկապես մաշված էր: Բարոյական մաշվածության մասին եզրակացությունները թողնում եմ ընթերցողներին: 12/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դպրոցի տնօրեն Բալոյան Նինան էր, իսկ  12/33-ինը՝ նույն դպրոցի կազմակերպիչ ուսմասվար Հայկուհի Սիմոնյանը, բնականաբար, ՀՀԿ-ականներ:

Հանձնաժողովի երկու նախագահները՝ ՀՀԿ վստահված անձանց հետ միասին ակտիվորեն շփվում ու համատեղ հարցեր էին քննարկում: ՀՀԿ երկու վստահված անձինք միաժամանակ գտնվում էին նույն տարածքում, ու դա ոչ մի խնդիր էլ չէր հարուցում: Իսկ ո՞վ պետք է հարուցեր: Տաքսու վարորդն ասել էր. «Էս տարածքում ամեն ինչ նախօրոք պարզ ա»:

ՀՀԿ վստահված անձանցից մեկը՝ հայտնի Թոխմախի Բաբո անունով, բարեկամական ու հովանավորչական ժպիտով, հավաստիացնում էր, որ տեղամասում ոչ մի խնդիր էլ չի լինելու, ու, որ բոլոր հարցերը նախօրոք լուծված են:

Իրապես էլ, երկու տեղամասերում, առանձնապես խնդիրներ չեղան, չհաշված այն, որ թիվ 12/32-ում քաղաքացի Սարիբեկ Սահակյանը ընտրելու ժամանակ հայտնաբերեց, որ իր անվան դիմաց ստորագրված է: Թեպետ արձանագրություն կազմվեց, սակայն, այն  ոչ մի լուրջ ուշադրության չարժանացավ: Ինչպես նաև այն փաստը, որ տեղամասերում միաժամանակ իրար գլխի լցված 30-40 հոգի էին, որոնց դրսից կազմակերպված բերում էին:

Իսկ բերում էին՝ ում ասես: Ու առանց տեղեկացնելու ընտրատեղամասի մասին: Մի ծեր կին, որ հազիվ իրեն քարշ էր տալիս, տեղամաս մտնելուց հայտնաբերեց, որ իրեն ուրիշ տեղ են բերել: Ծեր կինը գոռում էր, թե ինչու են իրեն ուրիշ տեղ բերել. թող գոնե տանեին էնտեղ, որտեղ իր տեղն է: Մեկ այլ ծեր կին տեղամասում նույնիսկ լաց եղավ ու հրաժարվում էր քվեաթերթիկը գցել քվեատուփ:  Բերում էին հաշմանդամների, որոնց չնկարեցի՝ ելնելով էթիկակական նկատառումներից: Մի կին՝ երկաթե հարմարանքից օգտվելով, ամեն քայլը գցում էր ուղիղ երկու րոպեն մեկ, ու այդ կինն այդ վիճակով աստիճաններ բարձրացավ ու իջավ:

Հետաքրքիր էր մանկահասակ երեխաների առկայությունը: Ամեն չորրորդ ընտրող կին գալիս էր երեխայի հետ: Որովհետև տանը մարդ չկար, իսկ ընտրել «պարտավոր էր»:

Դպրոցի բակում «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների կուտակումներ էին, որոնցից մեկը, հատկապես՝ աչք էր զարնում. 99 AR 999:

Ոչ ոք չէր փորձում այս խնդիրների վրա ուշադրություն դարձնել, թեպետ, գրեթե  բոլոր կողմերն էլ վստահված անձանցով ու հանձնաժողովի անդամով ներկայացված էին:

ՀԱԿ վստահված անձն ու հանձնաժողովի անդամը ընտրական գործընթացի ժամանակ փորձում էին ընդդիմություն խաղալ, քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ հոգնեցին այդ դերից ու վերջում միանգամայն համերաշխ մթնոլորտ էր:

Նրանցից ոչ ոք չփորձեց միջամտել նույնիսկ այն ժամանակ, երբ պարզվեց, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը նախօրոք հաշվարկված թվից 33-ով ավել է «ստացվել:»

12/32 ընտրատեղամասի  1982 ընտրողից՝ ըստ ելունդների հաշվարկի, քվեարկել էին 998 քաղաքացի: Քանի որ մնացած 6 թեկնածուների ձայները քիչ էին՝ արագորեն հաշվեցին. «Առաքելություն Հայաստան»՝ 5, ՕԵԿ՝ 32,  ՀՅԴ՝ 21, Կոնգրես՝ 41, «Բարև Երևան»՝ 57,  ԲՀԿ՝ 178, և անվավեր՝ 36, որից հետո պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում ՀՀԿ-ի համար պետք է որ ստացվեր 628 քվեաթերթիկ, սակայն դպրոցի տնօրեն տիկին Բալոյանը հաշվելուց հետո հայտարարեց՝ 661:

Ոչ ոք չշփոթվեց, բնականաբար, ու երկրորդ անգամ հաշվելուց հետո բոլոր թվերը մնացին նույնը, բացի ՀՀԿ-ից: Պարզվեց, որ տնօրենը, «սխալ» է հաշվել, ու ամեն հաշվելուց քվեաթերթիկների թիվը մոտ 10-ով պակասում էր այնքան, մինչև որ երրորդ հաշվարկի արդյունքում «պարզվեց», որ ՀՀԿ-ի համար քվեարկել էին ոչ թե 661, այլ՝ 630 մարդ, քանի որ երկու հատ էլ նախապես էր անվավեր ճանաչված: Փաստորեն, «մաքուրով» ընտրություն ստացվեց, ինչպես և բարյացակամ ժպիտով գուշակում էր Թոխմախի Բաբոն, որ ամբողջ օրվա ընթացքում «աշխատում էր» լրագրողների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Բոլորն ուրախ ու բարձր տրամադրությամբ միմյանց բարի գիշեր էին մաղթում: Միակ դժգոհը, հավանաբար այն կինն էր, որ չէր ստացել իրեն հասանելիք դրամն ու չէր ընտրել:

Ուրախ տրամադրությանը, սակայն, հակադրվում է գաղջ մթնոլորտը, որի առկայությունից, ինչ ասես չի լինում: Մասնավորապես, գաղջ միջավայրում, որն իր ուղիղ նշանակությամբ,  ենթադրում է խոնավության առատություն, խավարասերներ են առաջանում, ինչը առարկայացավ «Հետքի» լրագրողի աչքի առաջ. տաքսու մեջ, որից օգտվում էի՝ խավարասեր կար: Լավ վերնագիր կլինի հաջորդ նյութի համար. «Խավարասերներ Երևանի տաքսիներում»:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Եկեկ ասենք, որ մեծ մասով զզվելի ժողովուրդ ենք, դրա համար էլ այն վիճակում ենք, որի մեջ որ ենք: Թոխմախ, նեմեց, բաբու - մաբու, ջիփ ու քյաբաբ, խաշ ու խանութ ... միթե դրա համար կարելի էր ծնվել? Թուհ ես ձեր!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter