HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների hայտարարությունը

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանների կողմից 2011թ. հունիսի 24–ին ՀՀ Արդարադատության խորհուրդը կայացրել է թիվ ԱԽ-13-Ո-17 որոշումը` դիմելով Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Ավան և Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 01.06.2011թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի գրությունը: 

Դատավոր Ս.Մնացականյանը 30.04.2010թ. որոշմամբ բավարարել է քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ալբերտ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: 30.05.2011թ. նույն դատավորը բավարարելով մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Ըստ Արդարադատության խորհրդի որոշման, դատավոր Ս.Մնացականյանը առանց պատճառաբանության անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատ արձակել: 

Խստորեն դատապարտում ենք Արդարադատության խորհրդի նման գործելակերպը, որն ըստ էության արդեն իրականացնում է ինկվիզիտորի գործառույթներ:

Բացարձակապես համաձայն չլինելով Արդարադատության խորհրդի այն եզրահանգման հետ, որ դատավոր Ս.Մնացականյանը չի պատճառաբանել կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը, արձանագրենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ և’ կալանավորումը, և’ գրավը կիրառվում են միևնույն հիմքերի դեպքում, այն է` երբ վտանգ կա, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվողը կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ գործի քննության ընթացքում և եթե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացած լինեին, ապա այդ դեպքում բացարձակապես որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չէր լինի: 

Ուշագրավ է այն փաստը, որ քրեական հետապնդման մարմինը` քննիչն ու դատախազը, չեն առարկել գրավի կիրառման դեմ, մինչդեռ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը որոշումը կայացնելուց երկու օր անց, դրսևորելով ակնհայտ շտապողականություն, գրությամբ դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամներ դատարանները մերժել են գրավի կիրառումը` ընդհանրապես որևէ կերպ չպատճառաբանելով նման որոշումները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը կամ Արդարադատության խորհուրդը երբևէ չեն անդրադարձել նման որոշումներ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրին: 

Հարց է առաջանում նաև, թե Վճռաբեկ դատարանի նախագահը օրենքով իրեն վերապահված որ լիազորությունն իրականացնելիս է երկու օր անց տեղեկացել դատարանի կայացրած որոշման մասին, թե դա արվել է ex parte շփումների միջոցով: 

Այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները վերջերս սկսել են հաճախ խոսել որպես խափանման միջոց գերակշիռ դեպքերում ընտրվող կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու, նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների նոր տեսակներ սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ, Արդարադատության խորհրդի կողմից կայացված վերոհիշյալ որոշումն ըստ էության ոտնձգություն է դատական իշխանության և դատավորների անկախության նկատմամբ, միաժամանակ հանդիսանալով զսպող միջոց /chilling effect/` արդարացնելով հիմնականում խափանման միջոցներից ամենածանրը` կալանավորումը, կիրառելու արատավոր պրակտիկան և գրեթե իսպառ վերացնելով հետագայում դատավորների կողմից գրավի կիրառման հնարավորությունը: 

Տարակուսանք է առաջացնում նաև այն փաստը, որ Արդարադատության խորհրդի որոշումը կայացվել է այնպիսի հանգամանքներում, երբ վիճահարույց դատական ակտը չի բողոքարկվել և չի բեկանվել, որն ինքնին բարձրացնում է դատական ակտերի վերջնական լինելու /res judicata/ հիմնարար սկզբունքի խախտման մասին հարց, որն էլ որպես այդպիսին կասկածի տակ է դնում Արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը: 

Գտնում ենք, որ ոչ թե դատավոր Ս.Մնացականյանի կայացրած որոշումը չի ապահովում դատական իշխանության կայացրած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը` նսեմացնելով դատական իշխանության հեղինակությունը, ինչպես գտել են Կարգապահական հանձնաժողովն ու Արդարադատության խորհուրդը, այլև վերջին երկու մարմինների և Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի նման գործելակերպն են նսեմացնում դատական իշխանության հեղինակությունը` նվազեցնելով առանց այն էլ հանրության ցածր վստահությունը դատական ակտերի և ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ: 

Հայտնելով մեր զորակցությունը ներկայիս պայմաններում քաղաքացիական արիություն դրսևորող, ցավոք սրտի դեռևս սակավաթիվ դատավորներին, կոչ ենք անում Հանրապետության Նախագահին մերժել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի միջնորդությունը: Միաժամանակ գտնում ենք, որ պետք է վերանայվի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի, Արդարադատության խորհրդի վերոհիշյալ որոշումն ընդունած անդամներ Վ.Աբելյանի, Կ.Բաղդասարյանի, Ռ.Բարսեղյանի, Ա.Թումանյանի, Ա.Խաչատրյանի, Մ.Մակյանի, Ս.Օհանյանի, կարգապահական հանձնաժողովի անդամների հետագա պաշտոնավարության նպատակահարմարությունը:

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ` 

1.      Տիգրան Սաֆարյան
2.      Ռուբեն Հակոբյան
3.      Ռուզաննա Սիրեկանյան
4.      Աննա Ջուվանովա
5.      Վարդան Գրիգորյան
6.      Ապետնակ Պողոսյան
7.      Ամալյա Ավագյան
8.      Հովսեփ Հովսեփյան
9.      Գուրգեն Հարությունյան
10.     Անուշ Մխիթարյան
11.     Կարեն Թումանյան
12.     Էդմոն Մարուքյան
13.     Ռուբեն Ղազարյան
14.     Արսեն Գալստյան
15.     Ռոբերտ Մանվելյան
16.     Կարեն Մանուչարյան

2011թ. հուլիսի 3, ք.Ծաղկաձոր"

Մեկնաբանություններ (9)

W.Wallace
Միակ խորհուրդը, որ կարող եմ տալ, ավելի լավ է դիմել ոչ թե անհատի, այլ կազմակերպության, որպեսզի ունենան բազմաթիվ աշխատողներ եւ հասկանալի կառուցվածքային առավելություններ, մյուս կողմից շատ կարեւոր է հետեւել, որպեսզի Ձեր գործը կատարվի փորձառու փաստաբանի կողմից, այլ ոչ հանձնարարվի կրտսեր իրավաբանների …բայց ինչքան գիտեմ մեծ մասամբ իրենք նախընտրում են իրավաբանական անձ հաճախորդներ ունենալ: Նաեւ մի փաստաբանի անուն հիշեցի, որի մասին դեռեւս բացասական կարծիք չեմ լսել….Հակոբ Մարտիրոսյան….
Gevorg Armenakyan
Ցավը նրանում է , որ ես Հայստանում չէմ: Զբաղված մարդ եմ , բացի այդ հազար ու մի թուղթ կա պատրաստելու, թող փաստաբանները անեն և ես պատրաստ եմ լավ էլ վճարել: Ամեն մարդ իր գործը պետք է անի: Իմիջայլոց երկու անգամ ես փաստաբաններին տվեցի հավատարմագիր և որոշակի գումար, բայց նրանք բացի սուտ-սուտ ինֆորմացիյա տալուց բան չէին արել: Ինչ անեմ , չգիտեմ: Չիշտ են ասում, որ կարիք չկա ծովի ամբողջ ջուրը խմել, որ հասկանաս աղի է, բայց էլի այդ ջուրը: Դե լավ շնորհակալություն խորհրդի համար, բայց կաշխատեմ մի անգամ էլ դիմել փաստաբանին::
W. Wallace
Գեւորգ, ես ուղղակի զարմանում եմ, թե երեք տարի այդ օրենսգրքերը եւ նախադեպային իրավունքն ուսումնասիրելուց հետո ինչու եք դարձյալ փաստաբանների դիմում: Արդյո՞ք նույնպես ուզում եք ներազդել Ֆեմիդայի նժարների վրա:) Բացի նյութական համապատասխան նորմերից, նախատեսեք դատավարական բոլոր հնարավոր, բայց միեւնույն ժամանակ ողջամիտ միջոցներ, եւ Ձեր ճանապարհը դեպի Ստրասբուրգ զգալիորեն կհեշտանա:
Gevorg Armenakyan
W. Wallace ես լավ գիտեմ , որ փաստաբանների մի մասը ճանաչում է օրենքը, իսկ մի մասն էլ դատավորներին է լավ ՃԱՆԱՉՈՒՄ: Մի բանում սխալվում ես, որ ես մինչև վերջ կհամառեմ և կմնամ իմ կարծիքին: : Ընդունում եմ որ փաստաբանական ծառայությունը ԹԱՆԿ հաճույք է, և ես երբեք չեմ գնացել էժանի հետևից, որը արդյունքում ավելի թանկ է նստում քեզ վրա: Երեք տարի ուսումնասիրել եմ Քաղաքացիական օրենսգիրքը, Քաղաքացիական դատավարության օրենսքիրքը, Դատական օրեսգիրքը: Ես զարմանում եմ որ բոլոր փաստաբանները, որոնց հետ ես հանդիպել եմ, բոլորը ասում են որ ըստ օրենքի ես ԼՐԻՎ ճիշտ եմ: Ինձ զարմացնում է, որ փաստաբանները ասում են , որ մեզ մոտ Վճռաբեկ դատարանի նախադեպերն օրենքի ուժ չունեն?????? Ես նրանց ցույց եմ տվել Վճռաբեկ դատարանի մոտ տաս հատ որոշումներ և զարմացած եմ երբ այդ ԹԱՆԿ փաստաբանը ասում է որ Վճռաբեկ դատարանը կարող է իրար հակասող որոշում կայացնի նմանատիպ գործերի դեպքում ???? Մի կողմից էլ զարմանում եմ թէ փաստաբանները ոնց են կարողանում աշխատեն դատավորների հետ : Լավ այսքանից հետո երբ , ըստ օրենքի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, որը նույնպես օրենքի ուժ ունի , ես ԼՐԻՎ ՃԻՇՏ ԵՄ .....Այսքանից հետո ասում եք թէ` : ԲԱՅՑ ԻՆՉՈՒ ????? Իսկ վերջում կխդրեի ձեզ ասեիք մի լավ փաստաբանի հասցե, իհարկե այստեղ դա ձեզանից ուզելը երևի լուրջ չէ, բայց ձեր գրածներիծ երևում է, որ այդ գործից հեռու չեք:
W. Wallace
Գեւորգ, խնդրում եմ ինձ մի թելադրեք թե ինչ անեմ եւ ինչու, ինչպես ես Ձեզ չեմ թելադրում, թե ուր գնալ... բարեբախտաբար ես իմ իրավունքներին եւ առավել եւս դրանք պաշտպանելու օրենքով նախատեսված հնարավորություններին քիչ թե շատ ծանոթ եմ... խոսքը ձեր սխալ դատողություների մասին է, որ մի երեք անգամ փաստաբանների հետ գործ ունենալուց հետո պիտակավորում եք ընդհանուր խմբին... եւ իհարկե մինչեւ վերջ կհամառեք Ձեր կարծիքը եւ չեք ընդունի սխալը... Բնականաբար բոլոր փաստաբանները չեն կարող որակապես հավասար լինել, իսկ ոմանք, հազիվհազ հանձնելով արտոնագիր ստանալու համար քննությունները (որոնք հանձնելու համար չի պահանջվում որեէւ վերլուծական ունակություն, ԲԱՑԱՌԱՊԵՍ տարրական հիշողություն), իրենց անվստահությունը եւ գիտելիքների պակասը կարող են փորձել համալրել իրականությանը «հարմարվելով». Մի քանի նկատառում փաստաբանական ծառայության վերաբերյալ 1. Լավ փաստաբան համարվելը շատ պայմանական հանգամանք է, պետք է միշտ հիշել, որ բարձր որակը ենթադրում է նաեւ բարձր վճարներ, ինչը շատ քաղաքացիների այդքան էլ չի հրապուրում, ինչի պատճառով սկսում են որոնել «հարաբերականորեն լավ» փաստաբանների 2. Թերեւս ոչ բոլոր «թանկարժեք» փաստաբանները կարող են ջանասիրաբար պաշտպանել վստահորդի շահերը, ուստի դրանց մեջ էլ պետք է համեմատական վերլուծություն կատարել 3. Ոչ մի ՈՐԱԿՅԱԼ փաստաբան չի կարող կանխատեսել գործի ելքը, բազում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով, փաստաբանի խնդիրն է առավելագույն ջանքեր գործադրել եւ սպառել վստահորդի շահերի պաշտպանության ԲՈԼՈՐ միջոցները: 4. Հաշվի առնելով 3-րդ կետի բովանդակությունը, որը թերեւս ենթագիտակցական մակարդակով հայտնի է շատերին, մարդիկ թերեւս նախընտրում են իրենց օգտին թեքել արդարադատության նժարը՝ նշված որակապես ցածր փաստաբաններին ծառայեցնելով որպես միջնորդ, կամ նույնիսկ հաճախ առանց դրա: 5. Քաղաքացիական վերահսկողությունը պետք է տարածվի ոչ միայն իրավակիրառ մարմինների, այլեւ փաստաբանների վրա:
Gevorg Armenakyan
W. Wallace եթե դուք փաստաբան եք և իմ ասածները վիրավորեցին ձեզ, ապա նեղացեք ձեր իսկ կոլեգաներից: Ես մի երեք անգամ գործ եմ ունեցել փաստաբանների հետ, և կասեմ որ խայտառակ վիճակ է: Փաստաբանները ասում են որ ես օրենքով ճիշտ եմ, բայց հաշվի առնելով ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ պեք է փող տալ դատավորներին: Ախար այդ այսպես կոչված ՄԵՐ ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ համար , որը տիրում է դատական համակարգում հիմնական մեղավորները հենց փաստաբաններն են: Փաստաբանների մեծ մասը հավասարվել են պետավտոտեսուչներին, իսկ իսկ Հայաստանում կարող եք գտնել մի ազնիվ պետավտոտեսուչի ???? Իհարկե մի բան եթե չկա ունց գտնեք: Իմիջայլոց իմ հետ պատահած փաստաբաններից երեքն էլ ահավոր են աշխատում, չնայած համարվում են լավ փաստաբաններ: Բոլորի ուշքը և միտքը նա է, որ հենց սկզբից գումար վերցնեն: Հետո գործը ձգձգում են, վերջում մինչև գումարտ, կամ նրա մի մասը ետ ես ստանում հոգիտ բերանտ է գալիս: Մի անգամ ես նույնիսկ դիմել եմ Ռուբեն Սահակյանին և հասկացել որ նա ատամներով պաշտպանում է իր ԳՈՐԾ անող փաստաբաններին, կամ էլ նրան են պահում և նա չի կարողանում սաստել իր փաստաբաններին:
W. Wallace
Հարգելի Գեւորգ, Թույլ տվեք չհհամաձայնվել Ձեզ հետ: Չեմ կարծում, որ Դուք անձամբ գործ եք ունեցել հավատարմագրված բոլոր 1031 փաստաբանի հետ, ինչի դեպքում միայն Ձեր անձանական կարծիքը կարող էր օրինաչափ լինել: Նման տրամաբանությամբ կարելի է ասել, որ Հայաստանում չկա նորմալ ֆինանսիստ, մարզիկ, գիտնական, մանկավարժ եւ այդպես շարունակ... Խնդիրը ինստիտուցիոնալ է եւ ավելի շատ վերաբերում իրավակիրառ մարմիններին, որոնց զգոն պահելու պարտականությունը կրում է յուրաքանչյուր քաղաքացի:
Gevorg Armenakyan
Մի բան էլ է հետաքրքիր այս նամակի տակ ստորագրած փաստաբաններև երբեք դատական գործնըթացների ժամանակ , որպես միջնորդ չէն հանդիսացել դատավորներին կաշառք տալու համար???? Իհարկե այդպիսիները կլինեն, եթե չասեմ որ նրանցից բոլորն էլ ինչ որ գործում հենց իրենք են կաշառք տվել դատավորներին: Այստեղ լավ երևում է , որ այս հերթական դատավորին ցանկանում են հեռացնել և այդ գործում օգտագործում են այս փաստաբաններին:: Բնավ չմտածեք թէ ես պաշպանում եմ մեր ԿԱՇԱՌԱԿԵՐ դատավորներին, բայց երբ այսպես դատավորներին կաշառք տալու հիմնական միջնորդները, այսինքն փաստաբանները, այ դա է վրդովեցուցիչ:
Gevorg Armenakyan
Հայաստանում չկան նորմալ փաստաբաններ....ասում եմ իմ փորձից: Իսկ քանի-քանի ձաստաբանների կարելի է զրկել լիցենզիայից, դատավորների անվան տակ հազարավոր դոլլարներ են ԳՌՓՈՒՄ: Իհարկե դատավորների մեծ մասը կոռոմպացված է, բայց նրանք այնքան չեն դրամ վերցնում ինչքան դա անում են փաստաբանների մեծ մասը, իբր դատավորներին տալու պատրվակով: Անհրաժեծտության դեպքում ես կարող եմ ներկայացնել փաստեր, բայց լավ գիտեմ թէ փաստաբանների պալատի նախագահը ոնց կպաշտպանի իր փաստաբաններին: Այսպիսի մի անեկդօտ կա``` Հայստանում լավ փաստաբանը նման է այլմոլորակայինին`, ասում են թէ գոյություն ունեն , բայց մինջև հիմա ոչ մեկը չի հանդիպել նրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter