
Բարերարի օգնությամբ վերանորոգվել է Ախթալայի մանկապարտեզը
Ախթալայի Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 1` Ծովինար Բլուդյանի անվան մանկապարտեզի շենքը կառուցվել է 1967 թ.-ին, և անցած տարիներին այն կապիտալ վերանորոգման երբևէ չէր ենթարկվել:
Մանկապարտեզի 320 քմ տարածքը վերանորոգվել է Ախթալայի քաղաքապետարանի և մոսկվաբնակ ախթալեցի Նորայր Բլուդյանի 20 մլն դրամ ներդրումներով:
Հուլիսի 2-ին Ախթալայի և նրա տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը օրհնեց մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքը, որը համընկել էր մանկապարտեզի` «Մնաս բարով մանկապարտեզ» հանդեսի արարողության հետ:
Արարողությանը մասնակցում էր նաև բարերարը` Նորայր Բլուդյանը: Արարողությունը սկսվեց մասնակիցների տերունական աղոթքով:
Մանկապարտեզ հաճախում է 30 երեխա: «Մինչեւ նորոգումը մանկապարտեզի պայմանները եղել են ահավոր և ուղղակի ճիշտ չէր այդ պայմաններում շահագործել մանկապարտեզը: Հիմնանորոգվել են մանկապարտեզի տանիքը, երկու խմբասենյակներն ու ննջարանները, կարգավորվել են զուգարաններն ու սանհանգույցները»,- ասաց մանկապարտեզի տնօրեն Ալիսա Առաքելյանը:
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Ախթալայում կան մանկապարտեզի գործող և մեկ չգործող շենքեր:
Ախթալան ունի ռելեֆային կտրտվածություն, այդ պատճառով էլ քաղաքի 3` Սարահարթ, Բարիտ և Սվինեց թաղամասերն ունեն այդ 3 մանկապարտեզների պահանջարկը:
«Բարիտ» թաղամասի մանկապարտեզի շենքն ունի բավարար պայմաններ: Երրորդ` Սվինեց թաղամասի մանկապարտեզի շենքը 16 տարի չի գործում: Հայկազ Խաչիկյանը որոշել է 2012թ.-ին հիմնանորոգել մանկապարտեզի շենքը: Այս գործում նա կրկին ակնկալում էր ախթալեցի բարերարի աջակցությունը. «2012թ.-ին վերանորոգման նախատեսված մանկապարտեզը գտնվում է այն թաղամասում, որտեղ ապրել է պարոն Բլուդյանը, հուսով եմ` նա իր ներդրումային մասնակցությունը կունենա նաև այդ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին»,- ասաց քաղաքապետը:
Հայկազ Խաչիկյանն ասաց նաեւ, որ 2011թ.-ի աշնանը կսկվի թիվ1 մանկապարտեզի մյուս մասնաշենքի հիմնանորոգման և Ախթալայի «Բարիտ» թաղամասում խաղահրապարակ կառուցելու աշխատանքները:
Նորայր Բլուդյանը արարողակարգային սպասք էր նվիրել նաև Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցուն:
Օրվա 2-րդ կեսին Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Վիգեն քահանա Ղազարյանի կողմից օրհնվեց նաև եկեղեցուն նվիրած սպասքը:
Նորայր Բլուդյանը կարծում է, որ ամեն մարդ իր հնարավորության սահմաններում պետք է օգնի իր հայրենիքին և իր բնակավայրին:
«Ախթալայի քաղաքապետարանի հետ որոշել ենք ստեղծել հայրենակցական հասարակական մի կազմակերպություն, որի միջոցով կհամախմբենք բարերաների ֆինանսական միջոցները` Ախթալայի զարգացման համար»,- ասաց նա:
Մեկնաբանել