HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանվել Սարգսյան. «Դեմքերին, որոնց կոչում ենք օլիգարխներ, տեղից շարժելը շատ դժվար բան է»

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, «Հետքի» հետ զրույցում անդրադառնալով նոր ձևավորված կառավարությանը և ստեղծված քաղաքական վիճակին, նշեց, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները, մասնավորապես Գալուստ Սահակյանը հայտարարել են, թե քանի կա պատերազմ, ՀՀԿ-ն պետք է լինի իշխանություն:

Մ. Սարգսյանի կարծիքով՝ նման իշխանության համար ստատուս քվոն շատ մեծ արժեք է, և որևէ փոփոխություն չանելը իշխանության համար շատ էական է: Ասենք, կարող էր լինել այնպես, որ ընդհանրապես որևէ բան չփոխվեր: Սա ուղղություն է, և ամեն ինչ մտածված է արվում:

«Այս իշխանական համակարգի կայունությունը կապված է նաև կադրային ստատուս քվոյի հետ: Լուրջ դեմքերը առանձին ստատուս ունեն, այնպես չի, որ նրանց կարող են հանել: Կարող է ինչ-որ մասնագետի հանեն, մյուսին նշանակեն կառավարությունում, որը էական նշանակություն չունեցող է, բայց այն դեմքերին, որոնց կոչում ենք օլիգարխներ, տեղից շարժելը շատ դժվար բան է: Օլիգարխիկ համակարգ, որ ասում են, ճիշտ բնութագրում է»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Նա որպես օրինակ նշեց տարիներ առաջ Հովիկ Աբրահամյանի դուրս մնալը Ազգային ժողովի նախագահի պաշտոնից և Գագիկ Բեգլարյանի հրաժարականը Երևանի քաղաքապետի պաշտոնից, որոնք եղել են զուտ պահի տակ կայացված որոշումներ:

«Միակ բանը, որը սովորաբար փոխվում է, ժամանակն է, քաղաքական իրավիճակը: Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ է նախագահի պաշտոնում, և այդ կուսակցությունում կարող են տրամադրություններ ստեղծվել մոտակա տարիներին: Պետք է ՀՀԿ-ն հաստատվի արդեն նոր լիդերով, և այստեղ կարող են լինել տարբեր տեսակետներ»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Նա հիշեց, որ 2006-2007թթ., երբ ավարտվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամկետը, նկատվել է, որ տարբեր մոտեցումներ կային իշխանական էլիտայում, և նախագահը ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իսկ ՀՀԿ-ականները՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, ուրիշ մոտեցումներ ունեին, և ի վերջո, ամեն ինչ հաստատվեց ՀՀԿ-ի ծրագրերի համաձայն:

Մ. Սարգսյանի ասելով՝ այս իրավիճակային փոփոխությունները շատ փոքր ազդեցություն ունեն երկրի վրա, քանի որ ամեն ինչ նույն որակն ունի, և այս թոհուբոհի մեջ նոր քաղաքական որակ նկատելը շատ դժվար կլինի:

«Կարող են փոխվել ուղղությունները: Կարծես թե Սերժ Սարգսյանը փորձում է ուժեղացնել ոստիկանությունը, որպեսզի իր հետագա պլաններով հենվի ոստիկանության վրա, իսկ թե ուրիշներն ինչ կանեն, պարզ չէ: ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հարաբերությունները նույնպես պարզ չեն»,- ավելացրեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի «լուսանցք» տեղափոխվելուն, Մանվել Սարգսյանը նշեց, որ ԲՀԿ-ն միշտ էլ եղել է իր տեղում և իր մարմնով փորձել է ծածկել ընդդիմադիր դաշտը՝ կուսակցություններին մղելով մարգինալ վիճակի:

«ԲՀԿ-ն այդ դերն է կատարել, շարունակում է կատարել և էլի կկատարի: Չգիտեմ՝ հաջողություններն ինչքան կլինեն, բայց դերի մեջ է: Պետք չէ այդ աղմուկը լուրջ ընդունել, որ կուսակցությունը լուրջ պլաններ ունի, բայց չի ստացվում անել: Բան էլ չկա, միասնական գործունեություն է իշխանական ճամբարում, որը թանկարժեք դեր է համակարգի համար»,- ավելացրեց Մ. Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter