HY RU EN

Արտաշատի քաղաքապետի որդին մեղադրվում է դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և մեկից ավելի անգամ քվեարկությանն օժանդակելու մեջ

Դիտորդի նկատմամբ բռնություն գործադրելով նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Սերգեյ Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով մի խումբ անձանց հետ մտել է Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Նարինէ Իսմաիլիի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Մուրադյանը նաև օժանդակել է ինքնությունը չպարզված անձին քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելուն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-153-րդ հոդվածով: Նրա վերաբերյալ քրական գործն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հ. Գ. Սերգեյ Մուրադյանը Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է: