HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նոր դասագրքեր եւ մեթոդաբանական ձեռնարկներ Շիրակի մարզի ուսուցիչների համար

«Անտարես» հրատարակչությունը հանրապետության 10 մարզերի կրթության վարչությունների հետ համատեղ ուսուցիչների համար անցկացնում է սեմինարների շարք դպրոցական տարբեր առարկաներից: Սզբնական փուլում ընտրվել է երեք առարկա՝ մաթեմատիկա, ֆիզիկա եւ քիմիա:

«Ֆիզիկա եւ քիմիա առարկաներից ներկայացնում ենք կրթական նոր, փոփոխված ծրագրին համապատասխանող դասագրքերը, այնտեղ օգտագործված նորարարություններն ու էլեկտրոնային օժանդակ նյութերը: Մաթեմատիկայից ներկայացնում ենք Գեոգրաբիա կոչվող նոր ձեռնարկը, որը հնարավորություն է տալիս ստեղծելու երկրաչափական եւ մաթեմատիկական մոդելներ կամ առկա մոդելներից օգտվելու տարբեր եղանակներ, որն էապես հեշտացնում է նյութի ընկալումը: Արվել է ամեն ինչ, որ յուրաքանչյուր աշակերտ, անգամ միջին կամ թույլ կարողությունների, ըմբռնի նյութը: Թույլ աշակերտը, ներգրավվելով ուսումնական պրոցեսում, խանգարողից վերածվում է աջակցողի, իսկ ուժեղ աշակերտների համար լրացուցիչ ժամանակ է մնում»,- նոր դասագրքերի եւ մեթոդաբանության արդյունավետությունն է ներկայացնում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Դասավանդման նոր մեթոդի շնորհիվ բարձրանում է տվյալ դասապրոցեսի արդյունավետությունը: Սեմինարի մասնակից, Գյումրիի «Բալատոն» վարժարանի ֆիզիկայի բազմափորձ ուսուցչուհի Լալա Հայրապետյանի կարծիքով՝ նոր մեթոդաբանությունն ու ֆիզիկայի դասագրքի առավել պարզեցված տարբերակը մի քանի անգամ հեշտացնելու է իրենց գործը:

Լալա Հայրապետյանը Արմեն Մարտիրոսյանը

«Հայտնի է, որ ֆիզիկա առարկան քչերն են սիրում եւ այն սիրելի դարձնել աշակերտներից յուրաքանչյուրին բարդ խնդիր է: Նոր դասագրքրերը, որ առավել պարզեցված են, հնարավորություն են տալիս 6-րդ դասարանի ֆիզիկան ավելի շատ խաղի ձեւով մատուցել: Արված է ամեն ինչ, որ առարկան իր բարդությամբ, ընկալելու դժվարությամբ հենց սկզբից աշակերտի համար մերժելի չլինի, սեր առաջանա աշակերտի մոտ ֆիզիկայի հանդեպ,- ասում է տիկին Հայրապետյանը,- նախորդ դասագրքրերի թերությունների քննարկման հիման վրա ստեղծել են ավելի նոր, ավելի որակով դասագրքրեր, որոնք համապատասխանում են ժամանակակից պահանջներին»:

Շիրակի մարզի 180 դպրոցի 500-ից ավելի ուսուցիչներ էին մասնակցում Գյումրիում անցկացվող սեմինարին: Դպրոցների տնօրենները սեմինարի ավարտին ծրագրի կազմակերպիչների կողմից ստացան 12 դասագիրք (ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա ), ուսումնական ձեռնարկներ եւ մեկ գեղարվեստական գիրք:

«Կան գյուղերում փայլուն գիտելիքների տեր ուսուցիչներ՝ շատ պատրաստված, բայց սեմինարներն ապացուցում են, որ այս նոր նյութերը, նորարարություներն իրենց համար սպասված էին: Ուսուցիչը, հասկանալով եւ ընկալելով, թե, ասենք, Ռուսաստանում, Ֆրանսիայում կամ Լեհաստանում ինչպես են դասավանդում, կարող է դրանք տեղայնացնել, եւ նյութն ավելի մատչելի տալ աշակերտին: Մեր կյանքը հիմա այնպիսին է, որ ամեն ինչ բավական արագ է փոփոխվում ու շատ կարեւոր է այդ փոփոխություններին համընթաց քայլելը»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter