Անի տանող ճանապարհն սկսվում է Քարվաճառից
Արդեն գրեթե մեկ ու կես դար թուրք-թաթարական (ադրբեջանական) դաշինքը հայության հանդեպ վարում է ցեղասպանական քաղաքականություն։ Եղեռնից հետո մի խումբ հայ նվիրյալներ հրաժարվեցին հանձնել հայության ճակատագիրը աշխարհի հզորներին և չգնացին օտարներից արդարություն մուրալու ճանապարհով։ Փոխարենը նրանք թույլ տվեցին հային տնօրինել իր իսկ ճակատագիրը՝ կազմակերպելով «Նեմեսիս» գործողությունը և ենթարկելով ցեղեսպանության կազմակերպիչներին հայ ազգի դատաստանին։ «Նեմեսիս»-ի նվիրյալների օրինակով այժմ էլ մեր սերունդը պետք է տնօրինի իր ճակատագիրը և տեր կանգնի մեր արցախյան հերոսների ազատագրած ամեն մի թիզ հողին, այլ ոչ թե առաջնորդվի օտար տերությունների շահերով։
Հայոց ցեղասպանության վերջնակետը տարածքային խնդիրն է։ Վերացնելով հայությանը՝ Թուրքիան նպատակ ուներ մեկընդմիշտ տիրել Հայաստանին։ Դժբախտաբար այդ քաղաքականությունը հաջողությամբ իրագործվեց Արևմտյան Հայաստանում, բայց դրանով չդադարեց այն։ 1890-ականներին աբդուլհամիդյան ջարդերով սկսված այդ քաղաքականությունը վերաճեց 1915-23 թվականների ցեղասպանությանը, մեր օրերում հայաթափվեց Նախիջևանը և փորձ արվեց նույնն իրագործել Արցախում։ Սակայն հայությունը կանգնեցրեց ցեղասպանության հերթական փորձը Արցախում։ Այդպիսով, Արցախյան հերոսամարտի արդյունքում ազատագրված հայրենիքի մի փոքր մասը դարձավ նվազագույն փոխհատուցումը ցեղասպանական քաղաքականության նախկին փուլերում հայության կրած տարածքային կորուստների դիմաց։
Հաճախ կրկնվող մի պատմություն եմ լսում։ Երբ մեր սփյուռքահայ երիտասարդներն այցելում են Հայասատան և մոտենում են սահմանին հեռվից զննելու գերության մեջ գտնվող Անիի ավերակները, ոմանք սկսում են արտասվել։ Այդ հուզմունքը բոլորիս սրտերում է։ Սակայն Արցախյան հիմնախնդրի մասին քննարկումներում նույն այդ արտասվող երիտասարդները կողմ են արտահայտվում Արցախյան հերոսամարտի ընթացքում ազատագրված հայրենի հողը թշնամուն հանձնելուն՝ որպես հակամարտության լուծման «փոխզիջումային» տարբերակ։ Մինչդեռ Արևմտյան Հայաստանի կորուստը և Արցախի հիմնախնդիրը ցեղասպանության միջոցով հայության հայրենիքին տիրելու այդ նույն քաղաքականության իրագործման տարբեր փուլերն են։ Ինչպե՞ս կարելի է երազել Անիի և Արևմտյան Հայաստանի մասին, բայց համաձայնել թշնամուն հանձնել հայրենի հողն՝ Քարվաճառն ու Քաշաթաղը, արևելքում։
Ամբողջ աշխարհին փորձում ենք տեղեկացնել Արցախի հայկականության մասին։ Մինչդեռ հայության մի ստվար զանգված չի ճանաչում իր հայրենիքի իրական սահմանները։ Կան քարտեզներ, որոնք չեն ընդգրկում մեր հերոսների ազատագրած հայրենիքն ամբողջությամբ, թեև այդ շրջաններում ապրում են հայեր, գործում են հայոց պետականության օրենքները և սահմանը հսկում է հայոց բանակի զինվորը։ Անտրամաբանական է, բայց՝ իրականություն։ Չգիտենք ազատագրված տարածքների պատմական անցյալը։ Չգիտենք ներկա իրականությունը, որ այդտեղ բնակվում են հազարավոր հայեր։
Պետք է փաստել, որ արցախյան պատերազմում մեր հերոսները ազատագրեցին հայրենիքի տարածքը հողի վրա, սակայն հայությունը դեռ չի ազատագրել այն իր մտքում։ Մեր միտքը դեռ գերեվարված է թշնամիների պարտադրած անցյալի սահմաններով։
Գրեթե մեկ դար առաջ «Նեմեսիս»-ի նվիրյալները չընկրկեցին հայության աղետալի և առերևույթ անհույս իրականությունից։ Գործողությունը չիրականացնելու ինքնարդարացում չփնտրեցին՝ բացատրելով հայ ազգի դահիճներին օտար երկրներում որոնելու դժվարությունները և արդար պատիժն իրագործելու անհնարինությունը։ Նրանք պարզապես նվիրվեցին այդ գործին, նույնիսկ պետականության կորստից հետո, և չթույլատրեցին, որ օտարները շահարկեն հայ ազգի արդարության պահանջը։
Ուրեմն, ոգեշնչվենք «Նեմեսիս»-ի կազմակերպիչների աննկուն պայքարի ոգով և շարունակենք մեր արցախյան հերոսների գործը՝ ազատագրելով մեր հայրենիքը հայության մտքում։ Ամեն հայրենասեր կարող է լինել ազատագրող իր շրջապատում։ Ամեն հայրենասեր կարող է կրթել իր շրջապատին ճիշտ քարտեզների մասին և քննադատել, բողոքել և պարզապես չթույլատրել սխալ քարտեզների ցուցադրումը։ Ամեն հայրենասեր կարող է ինքնակրթվել և այնուհետև իր շրջապատին կրթել Քարվաճառի, Քաշաթաղի և ազատագրված մյուս շրջանների պատմության և հայկականության մասին։ Վերջապես, ամեն հայրենասեր կարող է նախաձեռնել փոքր ծավալի ծրագրեր այդ շրջանների վերաբնակիչներին աջակցելու նպատակով՝ սկսած ամենապարզ գրքահավաքից։ Հայրենասեր հայի համար հնարավորություններն անթիվ են։ Պարզապես պետք է ունենալ ցանկություն։ Պարզապես պետք է ունենալ հարգանք Արցախյան հերոսների զոհաբերության հանդեպ և պահպանել նրանց ազատագրած տարածքը, այլ ոչ թե առաջնորդվել օտար տերությունների շահերով։ Պարզապես պետք է գիտակցել, որ Անի տանող ճանապարհն սկսում է Քարվաճառից։
Ստեփան Սարգսյան
«Հայրենասեր» կազմակերպություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել