
Նորից Հոկտեմբերի 27-ը և «ժողովրդի թշնամին»...
Վերջերս վերստին շրջանառության մեջ դրվեց հին ու անհեթեթ մի վարկած, ըստ որի` Հոկտեմբեր 27-ի ոճրագործությամբ նշանառվում էր ոչ թե Վ. Սարգսյանը, այլ նրա ՊՆ երբեմնի տեղակալ Վ. Շիրխանյանը: Ու թեև այս վարկածի երբեմնի քահանա հեղինակը ոճրագործության մեջ մեղադրում է թե՛ ղարաբաղյան տանդեմին, թե՛ Վ. Պուտինին և թե՛ ռուսական հատուկ ծառայություններին, այդ վարկածը, ըստ էության, այնքան անհեթեթ էր, որ կասկածի տակ էր դնում բուն իրողությունն ու անգամ նշյալ անձանց մեղսակցությունը: Այնպես, ինչպես ամերիկ. Բ. Ուայլդերի «Մեղադրող կողմի վկան» կինոնկարում, որտեղ մարդասպանի դիմափոխված կինը մեղադրական կեղծ ցուցմունքներ է տալիս ընդդեմ իր ամուսնու, դրանք մերկացվելու հույսով սիրեցյալ ամուսնուն արդարացնելու ակնկալիքով:
Ահա այդպես էլ այդ անհեթեթ ելույթի առնչությամբ շատերը դիմեցին մեզ մեր կարծիքն իմանալու խնդրանքով: Այն բնավ էլ խրթին չէր:
Նախ՝ բավական է անդրադառնալ, որ Հոկտեմբերին 27-ին իբր «թյուրիմացաբար» միայն Վ. Սարգսյանը չէր գնդակահարվել, այլ նաև Կ. Դեմիրճյանը, այն էլ կրկնակի՝ ստուգողական կրակոցով, ինչպես, ըստ հետաքննության, հրահանգված էր ոճրագործներին:
Երկրորդ՝ բազմաթիվ ապացույցներ կան, ըստ որոնց՝ ոճրագործությունը ծրագրավորված էր բացառիկ մանրամասնությամբ և անգամ միջազգային հեռանկարներով, որոնցից մեկը «թուրքական վարկածն» էր: Ըստ այն՝ Նաիրի և Կարեն Հունանյանները ոճրագործությունից դեռևս մեկ տարի առաջ մի քանի անգամ գործուղվել են Թուրքիա, որպես «ինստրուկտոր» ունենալով այդժամ ԱԱՆ 2-րդ Գլխավոր վարչության (հետախուզական կառույց) Թուրքիայի գծով աշխատակից, փոխնախարար գեներալ Գորիկ Գ. Հակոբյանի անմիջական «մարդ», այդժամ մայոր Կ. Պարունակյանին, ինչը խոստավանել է հենց ոճրագործը և արձանագրված է քննախուզական նրա ցուցմունքներում (քրգործ N° 62207199, Հատոր N°18,գ.թ.հ.ՎՆ 2.: Տե՛ս նաև «Հոկտեմբերի 27 և Թուրքիան» հոդվածը):
Ուստի, բացառվում է, որ Գորիկ Գ. Հակոբյանը անտեղյակ լիներ Նաիրի Հունանյանի գործունեությունից: Այնինչ, Կ. Պարունակյանը նույն այն անձն է, որի հորդորանքով 23.06.2000թ. իբր «ազգային ինքնագիտակցության» խնդրականներով դիմել էինք ԱԱՆ-ի փոխնախարար նույն Գորիկ Գ. Հակոբյանին և հանդիպել նրա օգնականի հետ, բայց հրաժարվել ազգային որևէ ծրագրով ներկայանալ «շեֆին»: Այդ մասին հրապարակել ենք «Ազգային խաչբառ կամ ո՞ւմ է խանգարում Ա.Վ. Վարպետյանը» գրքույկում (Երևան 2003թ.) և «Ազգային խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզության մեջ:
Հուսանք՝ հասկանալի է, թե այդքան սուր ի՞նչ ունի մեր դեմ ԱԱԾ-ն և անձամբ գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Կարծում ենք՝ պարզ է նաև վերոնշյալ վարկածի ողջ անհեթեթությունը:
Մնում է մեկ հարց: Ինչո՞ւ հանկարծ այդ երբեմնի վարկածը վերստին արծարծվեց ու դարձավ լայն քննարկման նյութ: Արդյոք ապրիլյան մեր միջադեպի և այդու Հոկտեմբեր 27-ի վերարծարծումների առնչությա՞մբ: Ըստ այդմ, անձը թերևս ցանկացել է դուրս գալ մոռացությունից ու հիշեցնել տալ իրե՞ն: Մարդկայնորեն լրիվ հնարավոր է և հասկանալի, հատկապես թեմայի արդիականացման պայմաններում: Իսկ չկա՞ն արդյոք ոմանց կողմից նաև «ալիքներ խառնելու» նկրտումներ:
Ի՞նչու և ինչպե՞ս:
Զվարթնոցյան մեր «գերության» հետ կապված այդքան լայն արձագանքը մեզ համար անգամ անչափ անսպասելի էր, ինչպես նաև «1-ին լրատվական»-ի հանգամանալից անդրադարձը: Առավել ևս, որ, ըստ ոմանց, այն աշխատում է «նախագահականի տակ»: Միայն դրանից հետո մենք անդրադարձանք, որ հարցազրույցի առաջին տարբերակը ավարտվում էր մեր իբր լավատեսությամբ ու խորը համոզմամբ, թե «այդ հարցը երբևէ անպատճառ կլուծվի», ինչը կտրականապես մերժեցինք:
Դրանից հետո հայտնվեց հետևյալ վերջաբանը. «Թե իրականում ինչու է արգելվել ֆրանսահայ գիտնականի մուտքը Հայաստան, այս տարիների ընթացքում պաշտոնական որևէ հիմնավորում չի հնչել, ուստի մնում է ենթադրություններ անել: 1999թ. տեղի ունեցած Հոկտեմբեր 27-ի քաղաքական սպանդի հնարավոր կազմակերպիչների, այդ թվում՝ Մոսկվայի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին շատ գործիչներ են խոսել, տարբեր թեզեր են առաջ մղվել, բայց նրանք ռեժիմի համար չեն դարձել persona non grata: Ուստի միգուցե Ալեքսանդր Վարպետյանի առեղծվածային պատմության պատճառներն այլ տեղ պետք է փնտրել»:
Իսկ մեզ հասած թերթի տպագրական օրինակում հարցազրույցին փակցված էր մեծատառ «ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑ» պիտակը, ինչը հարցականի տակ էր դնում ողջ լուսաբանումը: Այսինքն՝ կամա-ակամա նույնպես «ալիքներ էր խառնում»: Հասկանալի է, որ արդի իշխանությունները Հոկտեմբեր 27-ի վերաբերյալ «և՛ ասելու, և՛ չասելու» հակումներ ունեն: Մասամբ ասելու՝ ոմանց նախազգուշացնելու համար, և չասելու՝ չափը չանցնելու և իրենք էլ «չթրջվելու»...
Նույնը մեզ հետ կապված ապրիլյան միջադեպի առումով, իմա՝ այժմ մասամբ «լղոզելու», հարթելու, ծածկելու և մոռացության տալու:
Ահա այս տրամաբանությամբ վերոնշյալ անհեթեթ վարկածի ակտիվ շրջանառությունը ստանում է որոշակի բացատրություն: Խեղճ հասարակության խելքը նման «տեխնոլոգիաներից» չի կտրում և հեշտությամբ տրվում է ամենապարզագույն աճպարարություններին: Բավական է միայն նկատել հետընտրական ցնցումից հետո լարվածությունը ցրելու փորձերը, իշխանամետ լրատվամիջոցներն ու հսկվող սոցցանցերը հեղեղող ասեկոսներն ու դատարկաբանությունները: Դրանցից մեկն էլ վերոնշյալ «դյուդյուկտիվ» վարկածի վերարծարծումներն են:
Այլ խոսքով՝ իրավիճակի «նորմալիզացումը», ինչպես խորհրդային շրջանի սոցլագերում ներքին ցնցումներից ու բռի ճնշումներից հետո: Նույն ավանդույթներով «ՀՀ պետանվտանգության լուրջ սպառնալիք» մեղադրանքը երբեմնի «ժողովրդի թշնամի» անբեկանալի ու մերձակիցներին անգամ սահմռկեցուցիչ ամբաստանության արդիական տարբերական է: Ցավոք, այդպես էլ այժմ մի շարք «նվիրյալներ» մեզ լքեցին՝ էլ չխոսելով պատեհապաշտ դեմքերի, շրջանակների և սփյուռքահայության մասին...
Մինչդեռ, նախագահական ընտրություններն ընթացան համարյա ճիշտ այն սցենարով, ինչը դեռևս 2011թ. կանխագուշակել էինք «Լուսնի 27-րդ դեմքը» հոդվածում. «Ահա, այս վերջին իրողությունները նույնպես գալիս են վավերելու նախ Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության մեջ Ռուսաստանի մեղսակցությունը (այդ ո՞ր անբուժելի տխմարը կարող է հավատալ առանց Վ.Պուտինի թեկուզ լռելյայն համաձայնության «առյուծաձև» Քոչարյանի ինքնագործունեությանն ու ցայսօր ռուսական հովանավորությանը… ): Եվ երկրորդ, որ գոնե մինչև 2016 թիվը իշխանափոխությունը բացառվում է: Իսկ հետո. «կամ ավանակը կսատկի, կամ իշատերը»:
Ամենայն հավանականությամբ, «ավանակը»: Զի «իշատերը» գոյատևման բավականին ռեսուրսներ ունի և անգամ «փալանի» իրավունք…
Ուստ, որևէ կերպ իշխանափոխությունը հիրավի.
«ՄՏՔՆԵՐԻՑԴ ՀԱՆԵ’Ք… »
Մեզ էլ վերջնականապես հարկ է «մտքներիցս հանել» կենդանության օրոք հայրենիք երբևէ ոտք դնելու տեսլականը, զի հիմնավորապես համոզվեցինք, որ վտարվել և հետապնդվում ենք հենց Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության պատճառով (այդ մասին` առանձին ): Այնպես, ինչպես տեռորիզմի ականային բեկորից տուժած որևէ պատահական անցորդ կամ ակամա վկա: Սակայն տվյալ դեպքում տեռորիստները ոչ միայն չեն պատժվել և անգամ կողմնակի զոհերին հատուցում չի տրվել, այլև ղեկավարում են Հայաստանը և շարունակում իրենց ահաբեկչությունը:
Մնում է ապավինել «Ահեղ Դատաստանին»:
Այն «յոթ սարի հետևում» չէ, ընդամենը` Եռաբլրի…» (Ազգային խաչքար. Հոկտեմբերի 27-ի առեղծվածը, Մարսել, 23.02.2011թ.):
Հուսանք, որ գոնե այժմ պարզամիտներին անգամ պարզ է ԱԱԾ որոշ շրջանակների և մասնավորապես գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենովիչ ՀԱԿՈԲՅԱՆԻ անզուպ մոլուցքը «խեղճ մահկանացուիս» նկատմամբ, անգամ «վերջին դինոզավրերից» այդ մեկի հրաժարականից հետո և «վերին Երուսաղեմ» մեկնելուց առաջ: Գուցե նաև անդրաշխարհում: Բարեբախտաբար, այնտեղ հանդիպելու չնչին իսկ հնարավորություն չկա...
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Հինալի, 08.05.2013թ.
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել