Բեռլին. հայացք դրսից
Երբ Վիեննա-Բեռլին չվերթի օդանավը մոտեցավ Գերմանիայի մայրաքաղաքի օդային սահմաններին, ես փոխեցի տեղս՝ նստելով կլոր պատուհանի մոտ: Ճանապարհին, անկախ տրանսպորտի տեսակից, չքնելու սովորություն ունեմ, ու չնայած 4 ժամ օդում էինք, որտեղ եւ դիմավորեցինք լուսաբացը, այդուհանդերձ, քնել չկարողացա:
Ու հիմա, երբ արդեն առավոտ էր, իմ առջեւ բացվեց արթնացող Բեռլինի պատկերը: Սպասում էի տեսնել մեգապոլիս, սակայն արվարձանների միանման ցածր ու կարմրավուն տանիքներով տները, որոնց շուրջ ամենուր կանաչ էր, անակնկալի բերեցին ինձ: Միայն փոքր կենտրոնում կարելի էր տեսնել մի քանի մեծ բարձրահարկեր, որոնք բիզնես կենտրոններ ու տեղական եւ միջազգային տարբեր ընկերությունների ներկայացուցչություններ են:
3,5 մլն բնակչությամբ այս քաղաքը, որ 80-միլիոնանոց Գերմանիայում ամենախոշորն է, միաժամանակ ամենահանգիստ ու մատչելի քաղաքներից մեկն է երկրում ու դրա սահմաններից դուրս: Ժամականավորապես այստեղ ապրող երեւանցի Ալբերտն ասում է, որ Բեռլինը չի կարելի համեմատել, ասենք, Մայնի Ֆրանկֆուրտի հետ, որտեղ «գժերը» շատ են՝ բարձր խոսացող ու նաեւ կռվարար: Իսկ Բեռլինում ամեն ինչ շատ հանգիստ է. նկատելի է, որ, օրինակ, մետրոյում կամ ավտոբուսում տեղացիները միմյանց հետ կամ հեռախոսով բարձր չեն խոսում, ինչը կարող է անսովոր լինել մեզ համար: Մետրոյի գնացքում մի իտալացի տարեց մարդ նույնիսկ նկատողություն արեց հայ գործընկերներիցս մեկին՝ բարձրաձայն խոսելու համար:
![]() |
| Բեռլինյան վերնիսաժը |
Բեռլինը կանաչ քաղաք է. թե երկնքից, թե քարտեզի վրա շատ է այդ գույնը: Գերմանացիները սիրում են բնությունը: Նախկինում զբոսայգիներում թույլատրում էին խորոված անել, հետո երբ նկատել են, որ մարդիկ իրենց հետեւից չեն մաքրում, խստացրել են կարգը. պատրաստի սնունդը բերում ես քեզ հետ, կրակ չես վառում, թափոններ էլ չես թողնում: Այժմ ամեն շաբաթ եւ կիրակի նույն պուրակներում կարելի է տեսնել հարյուրավոր մարդկանց, որոնք զույգերով կամ ընտանիքներով «պիկնիկի» են դուրս եկել՝ անկախ ազգությունից, հավատքից, մաշկի գույնից: Քաղաքի կենտրոնական եւ ամենամեծ զբոսայգում՝ Թիրգարտենում, որը նախկինում որսատեղի էր, հիմա քիչ չեն նաեւ հանգստացող մորեմերկ մարդիկ՝ նուդիստները, որոնց տեսնելով անցորդներն այլեւս չեն զարմանում:
![]() |
![]() |
| Թիրգարտեն |
Գերմանիայում եւ մասնավորապես Բեռլինում օրենքներն իսկապես խիստ են. ոստիկանների վերաբերյալ թերեւս կարելի է կիրառել գերմանական կարգապահություն արտահայտությունը. հասարակական կարգի որեւէ խախտում արեցիր՝ հետդ չեն վիճի, կտուգանեն (եթե, իհարկե, չձերբակալեն) եւ վերջ, իսկ տուգանքի չափը հաստատ կստիպի հաջորդ անգամ մտածել:
![]() |
| Բեռլինի պատի ամերիկասովետական հատվածի նախկին «Չարլի» անցակետի մոտ |
Ճանապարհային երթեւեկը բավականին հանգիստ է: Ազդանշան տվող ներվային վարորդներ գրեթե չկան, դեռեւս չկայացած «ջահելներ» էլ չեն սլանում փողոցներով: Սակայն բացառություններ լինում են ամենուրեք. Բեռլինում դրանք հիմնականում թուրքերն ու արաբներն են կամ այլ եկվորներ, որոնք կենտրոնացած են առանձին թաղամասերում, որտեղ էլ խորհուրդ չի տրվում գիշերը միայնակ շրջել: Ասում են, որ այս թաղերում է կատարվում մայրաքաղաքի թմրանյութի հիմնական շրջանառությունը: Իսկ ընդհանրապես Բեռլինն ապահով քաղաք է:
![]() |
| Դաշնային խորհրդարանը՝ Բունդեսթագը |
Ամենաշատը, սակայն, իմ մեջ տպավորվեց այս ազգի սառնությունն ու վարվելակերպը: Երբեմն թվում է, որ ծիծաղը խորթ է գերմանացիներին, իսկ կատակն ու հումորը՝ առավել եւս: Երեւանցի Ալբերտն ասում է, որ հիմնականում միֆ են այս ազգի ճշտապահության մասին խոսակցությունները, չնայած կան եւ այնպիսիք, որ ծայրահեղություն են: Ալբերտը պատմում է, որ իր գերմանացի ընկերներից մեկը մի անգամ պայմանավորվածից մեկ ժամ շուտ էր գնացել գարեջրատուն՝ միայն թե չուշանար: Մեր գործընկերներից ոմանք էլ շարունակ շեշտում էին ճիշտ ժամին հանդիպելու հանգամանքը:
![]() |
| Դեկորացիա Բեռլինի պատի հատվածներից |
Մեծերի ու կանանց հանդեպ հարգանքն այստեղ մի փոքր այլ ընկալում ունի. հասարակական տրանսպորտում բոլորովին էլ բարոյական պարտավորություն չես կրում տեղդ զիջելու հարցում: Միգուցե հակառակը՝ տարեց մարդուն տեղ զիջելն ընկալվի իբրեւ նրան ծեր ու տկար համարել, ինչը վիրավորական է:
![]() |
![]() |
| Բեռլինի հեռուստաաշտարակը | Հաղթանակի կոթողը |
Այս ազգը սիրում է առողջ ապրելակերպը. վաղ առավոտյան ու նաեւ օրվա ընթացքում փողոցով վազողների կտեսնես, ճարպակալած գիրուկների դժվար կհանդիպես, իսկ հեծանիվով տեղաշարժվող երիտասարդների ու տարեցների՝ ամենուր: Հեծանիվը հարգի, էժան, էկոլոգիապես մաքուր ու առողջարար փոխադրամիջոց է, որը զարգացած ենթակառուցվածք է այս երկրում:
![]() |
![]() |
| Կենդանի «արձան» | Պոտսդամեր պլաց |
Բնական մթերքը նույնպես պակաս կարեւոր չէ ազգի առողջության հարցում, իսկ դրանում գերմանացիները խստապահանջ են: Չի թույլատրվում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանզիմներով սնունդը, չնայած հարյուր տոկոսով հնարավոր չէ բացառել դա, քանի որ նույն արագ սննդի պատրաստման կետերում դրա առկայությունը գրեթե կասկած չի հարուցում: Բայց մյուս կողմից՝ տեղացիներն էլ նման սննդի սիրահար չեն: Աշխատանքային օրվանից հետո գարեջրատներում ազատ տեղ գրեթե չես գտնի: Գերմանական գարեջուր, նրբերշիկ եւ մեկ կամ մի քանի ընկեր. ահա աշխատանքից հետո լիցքաթափվելու տեղական բանաձեւը:
![]() |
![]() |
![]() |
| Հատվածներ Բեռլինի պատից |
Իսկ բեռլինյան գիշերը մի տեսակ անսովոր հանգիստ է՝ համեմատած մյուս եվրոպական քաղաքների: Գործարար կենտրոններով ու համալսարաններով հագեցած քաղաքը հանգստանում է՝ մի քանի ժամից բացվող նոր աշխատանքային օրվան ընդառաջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ












Մեկնաբանել