
Ալավերդցի Սամվելը Քարվաճառից չվերադարձավ
Ալավերդցի Սամվել Խաչատրյանը 3 որդիների հայր էր, երբ 1992թ.-ի դեկտեմբերի 17-ին կամավոր մեկնեց Հայոց բանակ: Նա ծառայում էր Վանաձորի զորամասում՝ գնդապետ Ա.Թազագուլյանի հրամանատարության ներքո: Ավագ լեյտենանտ Սամվել Խաչատրյանը Վանաձորում տեղակայված պաշտպանության նախարարության մոտոհրաձգային գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարն էր: Նրա վաշտը սկզբում կռվել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում` Նոյեմբերյանում և Կրասնոսելսկում, սակայն 1993թ.-ի մարտին վաշտը մեկնում է չափազանց լարված մարտական գոտի`Քարվաճառ, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում:
Ձեռքից ձեռք էր անցնում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Օմարի լեռնանցքը: Սամվել Խաչատրյանի հրամանատարությամբ մոտոհրաձգային գումարտակի 2-րդ վաշտը պատվով կատարում է իր առջև դրված առաջադրանքը: Սակայն նա մնում է իր վաշտին փոխարինելու եկած զինվորների հետ`մասնակցելու մարտական նոր առաջադրանքի կատարմանը:
Սամվելի կինը` Մարիետան պատմում է, որ ինքը դեմ է եղել 39-ամյա ամուսնու Հայոց բանակում զինվորագրվելուն. «Սիրտս անհանգիստ էր, ես անընդհատ մտածում էի, եթե իրեն մի բան պատահի, ինչպես եմ պահելու մեր երեք որդիներին, այն ժամանակ Արմենս 8-րդ դասարանում էր սովորում, իսկ փոքրիկս`Դավիթը, երկու տարեկան էր»,- պատմում է Մարիետա Խաչատրյանը:
«Սամվելը զոհվեց 1993թ.-ի ապրիլի 17-ին Քելբաջարի մարտերում, Օմարի տակ: Քելբաջարը արդեն գրավել էինք: Կռվում էինք Օմարը գրավելու համար: Նա այդ օրը Պուշկինոյի տղեքի հետ էր կռվում: Հանկարծ սկսվեց ուժեղ ռմբակոծություն: Սամվելը վազելով գնաց BMP-ից կրակելու: Մի երկու կրակոցից հետո BMP-ն լռեց: Մենք մոտեցանք BMP-ին, նա արդեն մահացած էր: Սամվելը մեկ օր հետո պետք է գար տուն»,- պատմեց Քարվաճառի մարտերի մասնակից, ալավերդցի Արամ Մարտիրոսյանը:
«Սամվելը 3 ամիս մարտնչեց Քելբաջարում: Ես չգիտեի, որ նա Ղարաբաղում է: Ես մի 15 օր անընդհատ զանգահարում էի զորամաս, իրեն էի ուզում, որ հետը խոսեմ: Զորամասից ինձ պատասխանում էին, որ կամանդիրովկայում է: «Մի շաբաթ հետո զանգեք, եկած կլինի»,- պատասխանում էին զորամասից: Վերջապես զորամասում իրեն հետ ծառայողներից մեկի կնոջ միջոցով իմացա, որ Քելբաջարում է»,- հիշում է Մարիետան: Նա պատմեց, որ Քելբաջարից մի անգամ Սամվելը զանգել է:
«Դա այն ժամանակներն էր, երբ հեռախոս չկար, քաղաքում աշխատող նորմալ տրանսպորտ էլ չկար: Ինքը իր մոր հետ էր խոսացել, ասել էր, որ Ղարաբաղում է: Սկեսուրիս էլ ասել էր, որ գա մեզ հետ մնա»,- պատմեց Մարիետան: Վերջինս ամուսնու զոհվելու մասին իմացել է ապրիլի 18-ին:
«Դավիթիս քնացրել էի: Անհանգիստ էի, ասեցի մին գնամ տալիս մոտ, կարող է նա ինչ-որ խաբար ունենա: Այդ ժամանակ Էնգելս թաղամասի մանկապարտեզում բուժքույր էի աշխատում: Դավիթին գրկած հետս գործի էի տանում: Գնալ-գալիս ավտոբուսում, ճոպանում անընհատ փնտրում էի Սամվելին, ասում էի` կարող ա էլի եկած լինի: Գնացի, տեսա տալս`Անահիտը նստած լաց է լինում: Չէր ուզում ինձ ասել: Հարսը կողքից ասավ. «Այ մամ, էլ ինչիս ես թաքցնում, ասա էլի՝ ինչ է եղել»: Ես արդեն հասկացա»,- պատմեց Մարիետան:
Սամվելի զոհվելու հանգամանքների մասին Մարիետային պատմել են ամուսնու մարտական ընկերները: «Ականը կողքին պայթել էր, բեկորը անմիջապես Սամվելի թիկունքից սիրտն էր վնասել: Սամվելը կիսով չափ դուրս է եղել: Իր հետ 3 զինվոր են եղել: Երկուսը մահացել են»,- ասաց Մարիետան: Ամուսնուն կորցնելուց հետո Մարիետայի համար կյանքը դառնում է մարտադաշտ` ընտանիքի գոյությունը պահպանելու և 3 որդիներին` Արմենին, Երվանդին և Դավիթին դաստիարակելու համար:
«Շատ դժվարությամբ եմ տղաներիս մեծացրել: Մանկապարտեզի բուժքրոջ աշխատանքից կրճատվեցի: Հետո փողոցում նստեցի և սկսեցի առևտրով զբաղվել: Մեծ տղաս` Դավիթը դպրոցում լավ էր սովորում: Ընդունվեց Երևանի պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետը: Երեխաներիս առևտրով եմ պահել, այնքան վեշ եմ շալակել, բարձրացրել, որ առողջական էլ չունեմ»,- պատմեց զոհված ազատամարտիկի այրին:
Արմենը ավարտել է համալսարանը, սակայն հայրենիքում աշխատանք չի գտել: Եվ քանի որ տեսել է՝ չի կարողանում պահել ընտանիքը, միջնեկ եղբոր` Երվանդի հետ գնացել են Ռուսաստան, Ռոստովում շինարարություն են անում: «Երվանդս համալսարանն ավարտելուց հետո ստեղ ընկավ, էնտեղ ընկավ, աշխատանք չգտավ: Խեղճ երեխես վեր կացավ ընկավ ռուսաստանները»: |Դավիթն էլ է մեծացել, արդեն 22 տարեկան է: Նա ավարտել է ոստիկանության ակադեմիան: «9 ամիս է՝ քննիչ է աշխատում ոստիկանությունում»,- ասաց Մարիետան:
Սամվել Խաչատրյանի տղաներից 2-ը ամուսնացել են: Ծնվել է փոքրիկ Սամվել Խաչատրյանը, ով արդեն 3 տարեկան է: Մարիետան պատմեց, որ այս տարի ապրիլի 17-ին նշել են Սամվելի մահվան 20-րդ տարին. «Թեև անցել է 20 տարի, բայց ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես նա կարողացավ ինձ ու երեխաներիս թողնել ու հեռանալ այս աշխարհից: Բայց նաև հասկանում եմ, որ նա հեռացել է` հայրենիքի ու մեզ համար»,- ասում է տիկին Մարիետան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել