HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարաք Օբամային

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 235-րդ տարեդարձի առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին:

Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ՝ ի սրտե մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարևորագույն հանգրվան ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության, սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության բարձրագույն արժեքների ամրագրման ճանապարհին:

Անգնահատելի է այն շարունակական և համակողմանի աջակցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանին՝ քսանամյակը բոլորող անկախության առաջին տարիներից ի վեր:

Օգտվելով առիթից' շնորհակալություն եմ հայտնում Ձեր վարչակազմին և անձամբ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական և կառուցողական ջանքերի համար՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության։

Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Միացյալ Նահանգների հետ շարունակվող սերտ գործակցությանն ու գործընկերային ջերմ հարաբերություններին, երկկողմ կապերի վերընթաց զարգացմանը, մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդմանն ու խորացմանը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում գործակցության առկա որակական մակարդակը ավելի բարձրացնելու համար:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter