HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը` Ախալքալաքում

Մայիսի 9-ին Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում բացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը, նախաձեռնությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության: 

Ցուցահանդեսին ներկայացված էին Ջավախքի և Վրաստանի հայ նկարիչների գործերը: 
«Հայոց գողգոթա» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին 35 ստեղծագործողների շուրջ 60 կտավներ: Երաժշտական համարներով հանդես եկան Ալիք Քսպոյանի «Ջավախք» երգի-պարի անսամբլի սաները: 

Օրհնության և գնահատանքի խոսք հղեց ներկաներին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը. «Շատ տպավորիչ է, որ Ախալքալաքի նկարչական դպրոցում է այս ցուցահանդեսը կազմակերպվում, որովհետև Ախալքալաքը տարածաշրջանի հայության կենտրոնն է հադիսանում: Պետք է մշակութային միջոցառումները շատ լինեն այստեղ: Հայության համար տոնը նշանակալի է և հաճելի է, որ այս ամբողջը արտահայտվում է արվեստի միջոցով»: 

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը վստահություն հայտնեց, որ այս ցուցահանդեսն ունենալու է շարունակություն և ավելացրեց. «Այս ցուցահանդեսի միջոցով տեսնում ենք հայ մարդու մտածելակերպը, ինչ է հայ երիտասարդը մտածում 21-րդ դարում, ինչ է կատարվում նրա հոգում»: 

Իսկ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության նախագահ Հայկազուն Ղարագուլյանը ներկայացրեցին այն ստեղծագործողներին, ում աշխատանքները ճանաչվել են լավագույն: 

Ցուցահանդեսի ամենաերիտասարդ մասնակից ճանաչվեց Քրիստինե Բագդացյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Լիլիթ Արսենյանը, երկրորդ մրցանակին՝ Անի Քանանյանը, իսկ առաջին մրցանակը շահեց Մարիամ Տիպուխյանն իր «Սգացող կինը» կտավով: Նշենք, որ ցուցահադեսը 10 օր շարունակ բաց է այցելուների համար: 

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ՝ Վազգեն սրբազան Միրզախանյանը, Ախալքալաքի վրաց եկեղեցու մետրոպոլիտ Նիկոլոզը, Ախալքալաքի շրջանային վարջության և ժողովի նախագահները, քահանաներ, նկարիչներ և այլք: 

Լուսանկարը՝ Քրիստինե Մարաբյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter