HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինպե՞ս վարվել կոշտ աղբի հետ. քաղաքապետը սպասում է մարզպետի որոշմանը

Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ մինչհամայնքային ճանապարհահատվածի 1 կմ-ի վրա Ախթալայի քաղաքապետարանի կողմից քաղաքի կոշտ կենցաղային աղբի կուտակման աղբավայր է ստեղծվել, որը իր գարշահոտությամբ և տեսքով անհամատեղելի է գեղատեսիլ շրջակա միջավայրի հետ: Այստեղ է թափվում նաեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շինարական աղբը:

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը օրերս «Հետքին» տեղեկացրեց, որ փորձում է միջոցներ ձեռնարկել աղբավայրի տեղափոխման համար. «Ես գրություն եմ ուղարկել Ալավերդու քաղաքապետին մեր համայնքի կոշտ կենցաղային աղբը Ալավերդու լիցենզավորված, նորակառույց աղբավայրում թափելու համար: Արտավազդ Վարոսյանը պատասխանել է, որ դեռևս ճշտված չեն Ալավերդու նորակառույց աղբավայրում այլ համայնքերի կենցաղային աղբ թափելու գնացուցակները»:

Աղբավայրի խնդիրն անլուծելի է Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Ճոճկան, Աքորի, Շամլուղ և Թումանյանի տարածաշրջանի գրեթե բոլոր 30 համայնքներում: Համայնքապետարանների մեծ մասն կոշտ կենցաղային աղբը լցնում են իրենց բնակավայրերին հարող լեռնալանջերին, համայնքներ մտնող ճանապարհաեզրերին, իրենց վարչական տարածքներում գտնվող գետակների և առվակների հարևանությամբ:

Հիշեցնենք, որ Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների քաղաքային աղբավայրը շահագործման է հանձնվել 2012թ. սեպտեմբերին: Աղբավայրի կառուցման վրա ծախսվել է 151,4 մլն դրամ, որից 90 մլն դրամը կազմել են Ալավերդի համայնքի բնապահպանական սուբվենցիաները: 4,6 հա տարածքով աղբավայրն ունի տարեկան 3500-3800 խմ աղբի կուտակման հնարավորություն: Նորակառույց աղբավայրը հարևան համայնքերի համար օգտագործելի դարձնելու հետ կապված այսօր «Հետքին» տված իր մեկնաբանության մեջ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը հայտնեց. «Երբ մեր համայնքի սուղ միջոցներից ներդրումներ էինք կատարում աղբավայրի կառուցման համար , մասնավորապես բնապահպանական սուբվենցիաներ ստացող մեր հարևան համայնքերից որևէ մեկը ցանկություն չհայտնեց մասնակցել այդ ներդրումներին: Հիմա շատերն են ցանկություն հայտնում իրենց կենցաղային թափոններն այնտեղ լցնել»:

Վերջինս գտնում է, որ մի 100 հազար դրամ վճարելու պայմանով մյուս համայնքերն աղբը Ալավերդու աղբավայրում թափելուց հետո չեն մասնակցելու աղբավայրի անվտանգության ապահովման գործին, եւ Ալավերդու քաղաքապետարանը հայտնվելու է անբարենպաստ վիճակում: Այդ պատճառով էլ Արտավազդ Վարոսյանը իր գրությամբ առաջարկել է Լոռու մարզպետին ստեղծել մինչհամայնքային տարածաշրջանային կոմունալ տնտեսություն` համայնքերի աղբահանության տրանսպորտային միջոցների, տեխնիկայի և բնապահպանական սուբվենցիաներից որոշակի գումարների ներդրմամբ, աղբահանության գործը կենտրոնացված կազմակերպելու համար:

«Այդ դեպքում մենք պատրաստ ենք մեր աղբավայրը տրամադրել նոր կառույցին»,- ասաց Արտավազդ Վարոսյանը: Ըստ վերջինիս՝ տարածաշրջանային կոմունալ տնտեսության ստեղծումը բարենպաստ պայմաններ կստեղծի նաև աղբավայրում կուտակված աղբի վերամշակման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Արտավազդ Վարոսյանն այժմ սպասում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որոշմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter