HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգո Կարապետյանն ընդունել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացին:

Անդրադառնալով  երկու ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքին ու բարեկամությանը, կողմերը  նշեցին գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար      Սերգո Կարապետյանը նշեց, որ բնագավառն ունի  համագործակցության ընդլայնման մեծ ներուժ և անհրաժեշտ է այն մանրամասն ուսումնասիրելով անցնել գործնական քայլերի: Խոսելով վերջին մեկ տարում գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքներ մասին,  ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ 2012 թվականին հաջողվել է ոլորտում ապահովել աճ, և այդ միտումը կշարունակվի նաև այս տարի: Նա միաժամանակ ներկայացրեց նաև Հայաստանից Բելառուս թարմ պտուղ-բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունները:

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը փաստեց, որ գյուղատնտեսության ոլորտում իրենց մոտ նույնպես գրանցվել է տնտեսական աճ: Երկկողմ համագործակցության իրատեսական բնագավառներ  համարելով  երկրագործությունը, անասնապահությունը և վերամշակող արդյունաբերությունը, նա տեղեկացրեց, որ  Բելառուսի Հանրապետությունը հնարավորություն ունի Հայաստան արտահանելու ցանկացած  հացահատիկային մշակաբույսի սերմացու, հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Հեռանկարային համարվեց նաև Բելառուսից  Հայաստան  կաթնամթերք, միս, թռչուն ներկրելը  և  տեղում դրանց փաթեթավորման  և իրացման  նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:  

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը, խոսելով մեզանում    գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման և նորացման անհրաժեշտության մասին, նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական արտադրության տրակտորներ Հայաստան ներկրելու կամ Հայաստանում դրանց  հավաքման և սպասարկման համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցերով: Հետարքրքություն ցուցաբերելով առաջարկի վերաբերյալ, Լեոնիդ Զայացը հրավիրեց Սերգո  Կարապետյանին մասնակցելու  2013թ. հունիսին Մինսկում կազմակերպվող «Բելագրա» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, ուր հնարավոր կլինի ծանոթանալ բելառուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկային և վարել բանակցություններ համապատասխան ընկերությունների հետ:

Այսօր նախատեսվում է նաև ստորագրել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիրը:   Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter