
Ըստ Սերժ Սարգսյանի` զբոսաշրջության ոլորտում տարեկան 20 տոկոս աճ է գրանցվում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:
Նախագահը բարձր է գնահատել ՄԱԶՀԿ-ի դերն ու նշանակությունը՝ որպես զբոսաշրջության բնագավառում քաղաքականության և զբոսաշրջային գործունեության խնդիրների համար կենտրոնական համաշխարհային ֆորում: Սերժ Սարգսյանի խոսքով` զբոսաշրջային արդյունաբերությունը գնալով ավելի ու ավելի է կարևորվում ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման գործում, մշակութային և քաղաքական բնագավառներում։
Սերժ Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքր-ինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:
«Բնականաբար, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը և շատ ուրախ ենք, որ շուրջ 15 տարի է` անդամակցում ենք համաշխարհային կազմակերպությանն ու ունենք համագործակցության լավ ապագա»,- ասել է հանրապետության ղեկավարը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԶՀԿ-ի և Ճամփորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի բաց նամակը` նշելով, որ քարոզարշավի ընթացքում նման նամակներ հանձնում են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, ովքեր ի գիտություն և ի համաձայնություն են ընդունում զբոսաշրջային արդյունաբերության տնտեսական, սոցիալական և քաղաքական կարևորությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել