HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որևէ կերպ չպետք է ենթադրել, թե ԷկոԼաբի համագործակիցները աջակցում են Թեղուտում հանքարդյունաբերության իրականացմանը»

Ի պատասխան Ալավերդու «Անկյուն Պլյուս» հեռուստատեսության 2013թ. մայիսի 8-ին հրապարակված «Էկոլաբ» ծրագրի մասնակիցները Թեղուտում ռեպորտաժի

ԷկոԼաբ ծրագրի, նրա համագործակից կազմակերպությունների և դոնորների անունից հայտարարում ենք, որ վերը նշված ռեպորտաժը համարում ենք ծրագրի, նրա համագործակիցների և դոնորների անունների չարաշահում` հօգուտ Վալլեքս ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ծրագրի շահագործման: 

Մենք շնորհակալ ենք ս.թ. ապրիլի 30-ին ԷկոԼաբ ծրագրի մասնակիցների ճանաչողական այցելությունը Թեղուտում հյուրընկալելու համար: Այցը ներառում էր էքսկուրսիա հանքի տարածքում և հանքարդյունաբերական ծրագրի մանրամասն ներկայացում: Այնուամենայնիվ, հայտարարում ենք, որ ԷկոԼաբի համագործակից և ֆինանսավորող կազմակերպությունները իրազեկ են Թեղուտի խնդրի շուրջ գոյություն ունեցող լայնածավալ քաղաքացիական բողոքի մասին Հայաստանում և աշխարհի տարբեր սփյուռքահայ համայնքներում: Ավելին, նրանք տեղյակ են նաև գիտնականների, հետազոտական կենտրոնների, ինչպես նաև հայաստանյան ու միջազգային կառույցների բարձրաձայնած քննադատությանն ու մտահոգվածությանն` առ այն, որ Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը չի համապատասխանում կայուն զարգացման չափանիշներին` թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական, եւ թե՛ տնտեսական ու մշակութային դիտանկյուններից: ԷկոԼաբի համագործակից կազմակերպություններից երեքը (ՄԻԺԻ-ն, Խաղաղության երկխոսությունները և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը) տարիներ շարունակ պայքարում են ոչ կայուն հանքարդյունաբերության դեմ և պահանջատեր են իրենց բազմաթիվ հայտարարություններին ու գործողություններին` Թեղուտում հանքարդյունաբերությունը դադարեցնելու, Հայաստանում մարդկային կյանքը և շրջակա միջավայրը պաշտպանելու և զարգացնելու համար: 

Ցավով ենք նշում, որ վերոհիշյալ լրատվական նյութը, որը Թեղուտի հանքավայրի շահագործման մասին միակողմանի պատկեր է փոխանցում, սխալ է ներկայացնում Էկոլաբ ծրագրի, նրա համագործակիցների ու ֆինանսավորողների տեսակետները: Հաստատում ենք, որ սեմինարի մասնակիցները հնարավորություն են ունեցել սովորելու նաև Թեղուտի ծրագրի հակառակ կողմի մասին, և շեշտում ենք, որ որևէ կերպ չպետք է ենթադրել, թե ԷկոԼաբի համագործակիցները կամ դոնորները աջակցում են Թեղուտում հանքարդյունաբերության իրականացմանը: Թեղուտի հանքավայրի տարածք կատարած այցի նպատակն էր բազմակողմանի տեղեկություններ տրամադրել երիտասարդ մասնակիցներին Թեղուտի հիմնախնդրի մասին և թույլ տալ նրանց ինքնուրույն մոտեցումներ ու ակտիվիստական ծրագրեր զարգացնել` իրավիճակը խորքային վերլուծելով: Մինչդեռ նշյալ տեսանյութը իր կողմնակալությամբ հակասում է ԷկոԼաբի սկզբունքներին. մենք համարում ենք այն վստահության չարաշահում և Վալլեքս ընկերության կողմից ոչ էթիկական և ոչ պրոֆեսիոնալ կորպորատիվ ինքնության դրսևորում, ինչպես նաև բացասական օրինակ երիտասարդների համար: 

ԷկոԼաբը Joint Civic Education-ի հայաստանյան ծրագիրն է: Joint Civic Education-ը կոչված է խթանելու սոցիալական փոփոխությունները ակտիվ քաղաքացիության մասին կրթության միջոցով, հնարավորություն տալով երիտասարդներին զարգացնելու իրենց կարողությունները և խթանելով համագործակցությունը քաղաքացիական հասարակության մասնագետների միջև: ԷկոԼաբը հիմնվում է կրթության՝ հանուն կայուն զարգացման գաղափարի վրա և հնարավորություն է տալիս երիտասարդ ակտիվիստներին զարգացնելու իրենց կարողություններն ու հմտությունները, կյանքի կոչելու իրենց ծրագրային գաղափարները: 

ԷկոԼաբ ծրագրի համագործակից կազմակերպություններն են «MitOst» ասոցիացիան (Գերմանիա), «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը» (Երևան), «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն (Վանաձոր), Սյունիք ՀԿ-ն (Վայոց Ձոր), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը (Գյումրի): Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի (Պորտուգալիա) և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի (Գերմանիա) կողմից:

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
այ քեզ մանկապարտեզ: լավ, որևէ մեկը կարա՞ ասի, թե իրականում ինչ ա եղել ու ռեպորտաժում կոնկրետ ինչն է սխալ տրվել, լրագրողն իր անունից գործնականում բան չի էլ ասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter