HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանը Երևանում կկառուցի մանկական հիվանդանոց

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է մանկական հիվանդանոց ստեղծելու առաքելությամբ։

Ռենատո Լաուրոյի խոսքով՝ այս ծրագիրը ծնվել է Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ մի շարք հանդիպումների արդյունքում։ Ծրագրի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր են կնքել «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը և «Անաստասիս» ընկերակցության նախագահ Ռիկարդո Աքուիլան։

«Հիվանդանոցը, որը մենք պետք է կառուցենք, չպետք է մրցակցի ձեր մյուս կլինիկաների հետ։ Սակայն այդ կենտրոնին մեր համակողմանի աջկցությունն ենք ցուցաբերելու, և ժամանակի ընթացքում այն իր դրական ազդեցությունն է ունենալու մանկաբուժության առաջընթացի գործում»,- ասաց Ռենատո Լաուրոն։

40 հազար ուսանող ունեցող «Թոր Վերգատա» համալսարանը մանկական հիվանդանոցներ է կառուցել Ալբանիայում և Կոնգոյում։ Իսկ վերջերս Հռոմում կառուցել է 800 մահճակալով հիվանդանոցային համալիր' հանրակացարանային, մարզային, հյուրանոցային (հիվանդների հարազատների համար) և այլ հարակից կառույցներով։ «Թոր Վերգատան» ծրագրում է Հռոմում կառուցել նոր համալիր՝ էկոլոգիապես մաքուր նյութերով։

Պատվիրակության Իտալիայի կառավարության անդամի խոսքով՝ որոշվել է հերթական հիվանդանոցը կառուցել Հայաստանում, քանի որ երկու երկրները երկարամյա բարեկամական կապեր ունեն, Հայաստանը քրիստոնեության օրրան է, հայերը շատ բան են տվել Եվրոպային ու մասնավորապես Իտալիային։

Պատվիրակության անդամները Դերենիկ Դումանյանին հաղորդել են, որ Երևանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո մի քանի ամսվա ընթացքում ձեռնամուխ կլինեն միջոցների հայթայթմանը։ Հյուրերը վստահեցել են, որ այս ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ կբացի, և բազմապրոֆիլ այլ ծրագրեր կսկսվեն:

Դերենիկ Դումանյանը հյուրերին ներկայացրել է հանրապետությունում կառավարության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ մարզերում ժամանակակից հիվանդանոցներ կառուցելու շարունակականությունը, ուռուցքաբանության զարգացումը, համակարգի առաջնակարգ բաժանմունքները կրթական նպատակներով որպես կլինիկական համալսարանական բազաներ տրամադրելը և այլն։

Իտալական պատվիրակությունը, հետաքրքրվելով ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարով, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում համագործակցել ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտում։

«1988-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Վատիկանը Քամիլյան եղբայրների ֆինանսավորմամբ Աշոցքում հիվանդանոց կառուցեց, որը մինչև այսօր սպասարկվում է այդ հիմնադրամի կողմից։ Հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է իր ազնիվ բարեկամներին»,- ասել է Դերենիկ Դումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter