HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան շինափայտը հիմնականում արտահանվում է Իրան, Ռուսաստան, Մոլդովա

«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Գարի Գրիգորյանը

Քանի՞ հեկտար է այսօր ԼՂՀ անտառային ֆոնդը, եւ դրանից որքա՞ն տարածքն է անտառածածկ:

Ըստ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ԼՂՀ ամբողջ անտառային ֆոնդի հողերը կազմում են 464.490 հեկտար, որից օգտագործվում է 461.067 հեկտարը: Այդ տվյալներով` անտառածածկ է 258.520 հեկտարը, իսկ ըստ մեր 1981 թ., 1984 թ. անտառշինական նյութերի, որ իրականացրել են Վրաստանից հատուկ մասնագետները, եւ այն քարտեզների, որտեղ նախկինում բացատներ էին` այս 27 տարիների ընթացքում արդեն ունենք մինչեւ 20 սմ տրամագծի տարբեր ծառատեսակների ծառուկներ: Ելնելով այդ ամենից` մեր կարծիքով, մենք ունենք առնվազն 280.000 հեկտար անտառածածկ տարածք:

Իսկ վերջին անգամ ե՞րբ է կատարվել անտառգույքագրում:

Անտառգույքագրում կատարվել է 1984 թ. նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, իսկ ազատագրված տարածքներում` Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում` 1981 թ.: 5-6 տարի առաջ Հայաստանի հատուկ մասնագիտացված հիմնարկի կողմից փորձ է արվել որոշակի աշխատանքներ տանել, բայց եւ որակը, եւ աշխատանքների ընդգրկած տարածքն ամբողջական չէին:

Որքա՞ն խմ է անտառների տարեկան վերաճը:

Կա այսպիսի ընդունված մի թիվ. մեկ հեկտարի վրա նախկին անտառշինական նյութերով միջին թիվը հաշվում են 1,8 խմ: Իհարկե, ընթացիկ աճի թիվը տարբեր է` հասունացած ծառուտում ծառերի թիվը կարող է ավելի քիչ լինել, իսկ մատղաշ ծառուտում կարող է հասնել 3-3.5 խմ-ի: Վերաճը ավելի ստույգ որոշելու համար վերջերս խորհրդակցել ենք վարչապետի հետ մի նոր ծրագրի վերաբերյալ:

Ծրագիրն իրականացնելու համար պահանջվում է 5 մլն դրամ, որը հավանաբար 2012 թ. հունվարից կմեկնարկի: Արդեն նախնական աշխատանքները կատարվել են, բոլոր մասնաճյուղերում տարածքները նշվել են` մոտ 100-120 փորձահրապարակ, յուրաքանչյուրը` 50-100 մ: Ծրագիրը ենթադրում է 5 տարի պարբերական չափումներից եւ հաշվարկներից հետո միայն ունենալ վերաճի ավելի հստակ թիվ: Կարծում ենք, որ 1,8 խմ-ն կարող է դառնալ 2,5 խմ, բայց սա միայն կանխատեսումներ են, որոնք կհաստատվեն միայն 5 տարի հետո:

Իսկ պետության կողմից միջին հաշվով տարեկան քանի՞ խմ փայտանյութ է տնտեսվում եւ իրացվում: Այդ փայտանյութը գոյանում է միայն թափուկից եւ սանիտարակական հատումների՞ց, թե՞ նաեւ անտառվերականգնման հատումներից:

Ամեն տարի հաստատում ենք հաշվարկային փայտատեղ հաջորդ տարվա համար: Եթե 2007 թ. հաստատել ենք 34 հազար խմ բանակի, բնակչության եւ ԼՂՀ-ում գործող հիմնարկների համար, ապա 2010 թ. հաստատվել եւ իրացվել է 62 հազար խմ: Ըստ մեր հաշվարկների` իրական պահանջը 70-80 հազար խմ-ից ավել է, փորձում ենք կամաց-կամաց հասնել այդ թվին, եւ դա հնարավոր կլինի միայն 3 տարի հետո: Վառելափայտը մթերում ենք թափուկներից եւ սանիտարական ու խնամքի հատումներից:

Այդ պարագայում որքա՞ն տարեկան միջին եկամուտ է ստանում պետությունը փայտանյութի իրացումից:

Եթե 1998-2007 թթ. վառելափայտից պետբյուջե մուտքագրել ենք միջինը 26 մլն դրամ, ապա 2010 թ. միայն վառելափայտից մուտքագրել ենք 85 մլն դրամ: Տարեկան միջինը 138 մլն դրամ եկամուտ է մուտքագրվում պետբյուջե, ինչը կարելի է ավելացնել համպատասխան կառույցների առկայության դեպքում:

Իսկ ու՞մ եք վաճառում փայտանյութը: Այն իրացվում է միայն ԼՂՀ-ի տարածքու՞մ, թե՞ արտահանվում է նաեւ ՀՀ ու այլ երկրներ:

Մինչեւ 2008 թ. արգելվում էր Ղարաբաղից որեւէ տեսակի փայտանյութի արտահանումը: Այդ արգելքն արդեն հանված է, իսկ արտահանումն էլ ազատ է:

Վառելափայտ արտահանելու համար թույլտվություն տալիս են, եթե անտառատոմսը ձեւակերպված է մեկ խմ-ի համար 300 դրամ, իսկ գործափայտ արտահանելու համար թույլտվությունը տալիս է բնապահպանության վարչությունը: Արտահանում են հիմնականում Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Մոլդովա, ժամանակին` նաեւ Ֆրանսիա: Հիմնականում արտահանում են գինու եւ կոնյակի տակառի մթերման համար գործափայտ:

Պաշտոնական ուսումնասիրություններ կա՞ն ապօրինի հատումների մասին: Տարեկան միջինը քանի՞ խմ ծառ է ապօրինի հատվում ԼՂՀ-ում:

Ապօրինի հատումները հայտնաբերվում են բնապահպանական տեսչության աշխատողների եւ անտառային պետական ծառայության կողմից: Ապօրինի հատումները տարվա ընթացքում արձանագրվում են պլանային գարնանային եւ աշնանային ստուգումների ընթացքում: Տարեկան միջինը գրանցվում եւ դատարան են ներկայացվում 20-25 մլն դրամի ապօրինի հատումներ: Տուգանքների փոխհատուցումը կատարվում է դատարանի միջոցով, եւ մենք տեղյակ չենք, թե ինչ չափով է դա կատարվում: Խախտման դիմաց փոխհատուցումը կատարվում է 2006 թ. ընդունված «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» ԼՂՀ օրենքին համապատաասխան:

ԼՂՀ վարչապետի 2000 թ. սեպտեմբերի 2-ի թիվ 274 որոշմամբ` «Արգելվում է ԼՂՀ տարածքում Կարմիր գրքի մեջ մտցված հազվագյուտ, թանկարժեք ու արժեքավոր արդյունաբերական նշանակություն ունեցող առանձին ծառատեսակների հատումը»: Այս որոշումն ուժի մե՞ջ է, թե՞ գործում է այլ ենթաօրենսդրական ակտ կամ օրենք: ԼՂՀ-ն ունի՞ Անտառային օրենսգիրք:

Մինչ այդ որոշումը այդ ամենը արվում էր, եւ այսօր էլ շարունակում է գործել այդ որոշումը: ԼՂՀ-ում գործում է նույն օրենսդրական դաշտը, ինչ որ ՀՀ տարածքում: Իսկ ԼՂՀ գործող Անտառային օրենսգիրքն ընդունվել է 2006 թ.:

Ներկայումս պետության կողմից անտառային ֆոնդից որքա՞ն տարածք է վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված մասնավոր անձանց կամ ընկերությունների:

Վարձակալության ենք միայն տվել, այն էլ` ոչ անտառածածկ տարածքներ: Տրվել է հիմնականում ֆիզիկական անձանց, եւ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Ըստ շրջանների` 2010 թ. տվյալներով Ասկերանի շրջանում` 6 հոգու, Մարտակերտի շրջանում` 5, եւ Մարտունու շրջանում` 2:

Հ.Գ. Արցախի անտառային ֆոնդի պահպանման համար «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին տարեկան հատկացվում է շուրջ 147 մլն դրամ: Իսկ հսկողությունը եւ պահպանումը իրականացնում են 126 անտառապահներ, որոնց միջին աշխատավարձը 37 հազար դրամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter