HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշարձան «Փակ շուկան» փոխում ենք խանութով. կողմ և դեմ

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այլևս հույս չունի, որ Փակ շուկայի համար պայքարն արդյունք կունենա, քանի որ սա պետության գործն է, և փաստորեն իրենք պայքարում են պետության դեմ: «Մենք կորցնում ենք լավագույն հուշարձաններից մեկը, մենք կորցնում ենք առողջ հուշարձանը»,- այսօր կայացած ասուլիսին կրկին ահազանգեց Մկրտիչ Մինասյանը:

Վերջինս նշում է, որ այն պետական օրգանները և գերատեսչությունները՝ մշակույթի նախարարությունը, դատախազությունը տեղյակ են այս ամենին, իրենք նամակներով դիմել և ահազանգել են կատարվածի մասին: Սակայն պատասխաններում մի կրկնվող միտք կա՝  սեփականատերը խոստացել է, որ կվերականգնի հուշարձաը և կվերադարձնի Երևանին նույն ձևով: «Ավագանու ընտրություններից ուղիղ մեկ օր հետո աշխատողների թիվը կրկնապատկվում է, և մեզ ասում են, որ դա պետք է դեմոտնաժ արվի»,- նշում է Մ. Մինասյանը:

Ճարտարապետն ասում է, որ այլևս տեղ չունեն դիմելու, քանզի դիմել են մինչև հանրապետության նախագահին: «Մենք փոխում ենք մի չտեսնված հուշարձան՝ արված բարձր կարգի ճարտարապետի կողմից մի սովորական խանութով, որը կարող էր լինել բազմաթիվ և ամեն տեղ»,- նշում է Մ.Մինասյանը: Նա այլևս հույս չունի որևէ գերատեսչության լուրջ բովանդակությամբ նամակներին, որ Փակ շուկան կվերադառնա երևանցիներին նույն տեսքով:

Ճարտարապետերի միության նախագահն ասում է, որ Փակ շուկան վթարային վիճակում չէր, եթե նրա վիճակը գնահատվել է վթարային, ապա նույն վիճակում է Երևանի բնակելի ֆոնդի 90 տոկոսը:

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը տեղեկացրեց, որ բոլոր միջոցները մշակույթի նախարարությունն իրականացրել է, բազմիցս դիմել են և սեփականատիրոջը, և քաղաքապետարանին, որ դադարեցնեն շինարարությունը: «Մեր լիազորությունների սահմաններում բոլոր գործողությունները կատարել ենք: Ցավոք սրտի անօրինական շինարարությունը վերսկսվում է»,- ասում է Կ.Այվազյանը և կրկնում, որ յուրաքանչյուր ահազանգի դեպքում նորից դիմում են սեփականատիրոջը և քաղաքապետարանին: Իսկ այդ մասին վկայող գրությունները նախարարության ներկայացուցիչը իր ձեռքի տակ է պահում:

«Հետքի» հարցին, թե ինչու բազմաթիվ խախտումներից հետո հուշարձանը ետ չի վերցվում անբարեխիղճ սեփականատիրոջից, Կ.Այվազյանը պատասխանեց, որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում, դրա համար քաղաքապետարանն է պատասխանատու: «Մենք սեփականատիրոջ փոփոխման խնդիրը չենք դնում, դա արդեն դատախազության խնդիրն է կամ Երևանի քաղաքապետարանի խնդիրն է: Մենք միայն հուշարձանի պահպանման և օգտագործման խնդիրներն ենք բարձրացնում և բազմիցս բարձրացրել ենք,- ասում է Կ. Այվազյանը,-մենք վերահսկողություն ենք սահմանում տեղական ինքնակառավարման մարմինների վրա, այսինքն` Երևանի քաղաքապետարանի, որպեսզի ինքը դադարեցնի և վերականգնի իր նախկին տեսքով, կամ օրենքով սահմանված կարգով` համաձայնեցված նախագծով»: 

Մկրտիչ Մինասյանն էլ ավելացնում է, որ Երևանը կորցնում է Թամանյանական դպրոցի մի շարք շենքեր, իսկ որոշ շենքերն այնպես են աղճատվել, որ հուշարձանն ինքնին աղճատվել է: Մինչդեռ միջազգային փաստաթղթեր է ստորագրել Հայաստանը և ստանձնել պարտավորություններ, որոնք չի կատարում, և այս դեպքում հայերն իրավունք չունեն ծպտուն հանել հայկական պատմամշակութային հուշարձանների հետքի վերաբերյալ: «Միգուցե մշակույթի նախարարություն չլինի»,- հարցնում է Մկրտիչ Մինասյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան այլ կերպ է մտածում այս ամենի շուրջ: Նա հայտարարեց, որ քաղաքը կենդանի օրգանիզմ է, մի բջիջը մահանում է, մյուսն է ծնվում: Իսկ ավելի կոնկրետ, նա գտնում է, որ պետք է յուրաքանչյուր շինություն կամ տարածք օպտիմալ օգտագործել: Նույնն էլ՝ Փակ շուկան: Սոցիոլոգն օրինակ է բերում «Ռոսիա» կինոթատրոնը, որը մնացել է, և տարին երկու անգամ ժողով են անում այնտեղ: «Եթե օրգանիզմի մի մասը չի աշխատում, պիտի կտրես, հանես թափես դուրս, որովհետև մեռած է»,- ասում է Ա.Ադիբեկյանը և նշում, որ շուկան այդ տարածքում պետք է եկամուտ բերի, բայց չի բերում:  Ըստ սոցիոլոգի՝ խնդիրը պետք է այլ կերպ կարգավորել. տենդեր հայտարարել, և ով ավելի լավ տարբերակ առաջարկի, նրան էլ օտարել:  

Մկրտիչ Մինասյանը բացատրեց Ահարոն Ադիբեկյանին, որ որևէ մեկը չի ասում` անել սա կամ նա, կոնկրետ Փակ շուկայի խնդիրը երկու կողմ ունի` պահպանել հուշարձանը և տալ ճիշտ լուծում: 

«Մեր երկրում թքած ունեն օրենքների վրա, թքած ունեն որոշումների վրա»,- հակադարձում է «Պետության կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը և քիչ անց ավելացնում, որ այսուհետ պետք է նշել ոչ թե էրեբունի-Երևանի, այլ Սիթի-Երևանի տոնը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter