Վանաձորում հարուցվել է քրգործ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Վանաձորի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013թ. հունվարից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորում գործող ՍՊ ընկերության տնօրենը Վանաձորի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկման հիմք հանդիսացող հայտարարություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է ներառել՝ նշելով միայն «Հանրային սնունդ»՝ 50 քմ ելակետային տվյալների մեծությամբ և 52.500 դրամ վճարի չափով:
Մարտի 20-ին պարզվել է, որ ընկերությունն իրականացնում է ինչպես «Հանրային սննդի», այնպես էլ «Հեստապար և անհատական կամ համութային այլ ցուցադրումներ ունեցող» գործունեություն:
Բացի դրանից՝ նշված ընկերության տնօրենը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, թվով 9 աշխատակցի՝ հեստապարուհիների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել և Վանաձորի տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր՝ խուսափելով եկամտահարկի վճարումները կատարելուց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Վանաձորի քննչական բաժնին: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել