«Շահնազարյան» ՍՊԸ-ն նախատեսվում է այս տարվա ընթացքում մթերել 8000 տոննա խաղող
Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինի գործունեությանը և ներդրումային ծրագրերին:
2009 թ. հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և «Pearl of Armenia» տեսակների 3-7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ: Կոնյակի արտադրության համար օգտագործվում է միայն տեղական հումք: Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան և Ուկրաինա:
Նախորդ տարվա ընթացքում «Շահնազարյան» ՍՊԸ-ն մթերել է 1.65 մլրդ դրամ արժողությամբ 11 հազար 815 տոննա խաղող: Արդյունքում արտադրվել է 3.82 մլրդ դրամի արտադրանք, որից 3.79 մլրդ դրամի արտադրանքն արտահանվել է:
2013 թ. 1-ին եռամսյակում ընկերությունն արտադրել է 4.67 մլրդ դրամի արտադրանք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվել է Ռուսաստան և Գերմանիա: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մթերել շուրջ 8000 տոննա խաղող:
Ներկայում ընկերությունը կատարում է թորման արտադրամասի ստեղծմանն ուղղված աշխատանքներ, որի համար կներդրվի 156.4 մլն դրամ: Թորման արտադրամասի արտադրական հզորությունները թույլ կտան մեկ օրում թողարկել 8800 դեկալիտր գինենյութ: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս հոկտեմբերին:
Այս տարի «Շահնազարյան» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակներում սկսել նաև հնեցման արտադրամասի վերազինման աշխատանքները, որոնց համար կպահանջվեն շուրջ 400 մլն դրամի ներդրումներ:
Ծրագրի շրջանակներում ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը' ներմուծվող սարքավորումների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարը 3 տարով հետաձգելու համար:
«Շահնազարյան» ՍՊԸ-ն 2012 թ. պետբյուջե է վճարել մոտ 92 մլն դրամի հարկ, իսկ 2013 թ. 1-ին եռամսյակի տվյալներով՝ 65.63 մլն դրամի հարկ: Ձեռնարկությունում աշխատում է 64 մարդ 172 հազ. դրամ միջին աշխատավարձով: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել