HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է ապագայում Հայաստանում տեղադրել ևս 1200 հակակարկտային և ռադիոլոկացիոն կայան

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ տարածքում տեղի ունեցած կարկտահարության դեպքերի վերաբերյալ մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը և «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

«Մայիսի 12-ի կարկտահարությունից հետո ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում վերլուծվեցին արդյունքներն, ու կոնկրետ հանձնարարականներ տրվեցին: Այսօր տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ երկրների շարքում միայն Հայաստանում կա հակակարկտային ծառայություն: Մենք ունենք 2 ռադիոլոկացիոն կայան Լոռու և Արագածոտնի մարզերում և 154 հակակարկտային կայան: ՀՀ տարածքը կարկտահարությունից ավելի արդյունավետ պաշտպանելու համար մեզ ավելի շատ նման կայաններ են հարկավոր»,- ասաց Ն. Գրիգորյանը:

Ներկայացնելով հակակարկտային կայանների աշխատանքը մայիսի 12-ի կարկտահարության ժամանակ՝ Ռ. Հովսեփյանը պարզաբանեց. «Չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը: Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք: Դրանք ավտոմատացված են և դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել՝ մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետևանքներից»:

Ռ.Հովսեփյանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են կատարվում հանրապետության տարածքում գտնվող բոլոր հակակարկտային կայանները, որոնք տեղադրել են անհատ ձեռներեցները և գյուղապետները, վերցնել ԱԻՆ-ի վերահսկողության տակ, որպեսզի դրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի:

«Նման կայանների գործարկման և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը: Նախատեսվում է ապագայում ևս 1200 հակակարկտային և նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Ներկայում ԱԻ նախարարությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նախորդ տարի հանրապետություն նման հզոր կարկտահարություններ չեն եղել, և գործող կայանները շատ արդյունավետ են աշխատել»,- ասաց Ռ.Հովսեփյանը:

«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ հակակարկտային կայաններն աշխատում են պրոպան գազով, որն ավելի մատչելի է ու անվտանգ, քան ացետիլենը, սակայն ունի նույն արդյունավետությունը։ ՀՀ ԱԻՆ համակարգի հսկողության տակ գտնվող հակակարկտային կայանների մյուս առավելությունն այն է, որ դրանց կրակոցները դեպի կարկտաբեր ամպեր ուղղորդվում են ռադիոլոկացիոն կայաններից ստացված տվյալներով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ ներգործել տվյալ մթնոլորտային երևույթի վրա։

Կարկտաբեր ամպերի շարժումը և զարգացումը, ինչպես նաև կայանների իրականացրած բոլոր կրակոցներն ավտոմատ կերպով վայրկյան առ վայրկյան ամրագրվում են համակարգիչներում։ Մինչդեռ մարզերում կան մասնավոր ընկերությունների տեղադրած կամ համայնքի կողմից շահագործվող բազմաթիվ կայաններ, որոնք չունեն այդ հնարավորությունը և իրականացնում են կամային կրակոցներ, ինչը կարող է հանգեցնել միանգամայն հակառակ արդյունքի, այսինքն՝ առաջացնել կարկտի տեսքով տեղումներ ու վնասել բերքը։

«ՀՀ ԱԻՆ հակակարկտային ծառայության աշխատանքի մեթոդը, որն այսօր կիրառվում է Հայաստանում, ամբողջ աշխարհում ապացուցել է իր արդյունավետությունը: Նման եղանակով են աշխատում նաև Բրազիլիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի հակակարկտային համակարգերը»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter