Էնթընի Լեյք. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 13-ին Նյու Յորքում հանդիպեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի հետ: Կողմերն անդրադարձան համագործակցության ներկա մակարդակին և քննարկեցին հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ա. Գևորգյանը նշեց, որ Հայաստանում 1994 թ.-ից գործող կազմակերպության գրասենյակը զգալի ներդրում է ունեցել երեխաների ամենատարբեր խնդիրները լուծելու գործում: Նա հատկապես կարևորեց կրթության, առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների զարգացման բանգավառում համատեղ աշխատանքները:
Նշելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձնում զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ փոխվարչապետը հույս հայտնեց, որ այդ միտումները կշարունակեն:
Հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին արդյունավետ համարեց Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հավաստիացնելով, որ պատրաստակամ են շարունակել փոխգործակցությունը և աջակացել Հայաստանի կառավարությանը՝ ծրագրով նախանշված ոլորտներում հաջողության հասնելու համար:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ Նյու Յորքում ավարտելով հանդիպումները՝ Ա. Գևորգյանը վերադարձավ Երևան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել