
Վերակառուցվում է Ձորագետ-Աթան 33 կմ-անոց ճանապարհահատվածը
Արդեն մեկ շաբաթ է, պետբյուջեի 250 մլն դրամ հատկացումով սկսվել են Ձորագետ-Աթան 33 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է Վանաձորում գրանցված «Ուկրշին» ԲԲԸ-ն:
«Ուկրշինի» ենթակապալառու «Վլհագ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Քենցյանը «Հետքին» ասաց, որ «Ուկրշինը» և «Վլհագը» կատարել են ճանապարհի վերակառուցման աշխատանքի բաժանում: «Ուկրշինը» կատարելու է ճանապարհի գաբյոնային աշխատանքները, իսկ ճանապարհի փլվածքների վերացման և երեսպատման աշխատանքները կատարելու է «Վլհագ» ՍՊԸ-ն:
«Կառուցվում է գրունտային ճանապարհ, «Վեսմայլերով» աղացվում է ճանապարհի հին ասֆալտը, որից հետո այն 25-30 սմ-ով սփռվում է ճանապարհի վրա: Դրանից հետո գրեյդերով կատարվելու է համահարթեցում»,- ասաց Հովհաննես Քենցյանը:
Ձորագետ-Աթան ճանապարհի վերանորոգումը ընդգրկելու է նաև Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղեր բարձրացող ճանապարհները: Վերակառուցվող ճանապարհին հունիսի 30-ին շարունակում էր ընթանալ ճանապարհին հարող Մարց գետի վրա Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող «Արգիշտի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող, նույնպես պրն Դարբինյանին պատկանող ՀԷԿ-ի շինարարությունը:
Վերջինիս կողմից ՀԷԿ-ի հաստափոր խողովակների տեղադրման հետևանքով Ձորագետ-Մարց ճանապարհահատվածում առաջացել են սողանքային վիճակներ և փլուզումներ: Եթե «Արգիշտի» ՍՊԸ-ն ցեմենտե հենապատնեշներով չամրացնի սողանքերի վտանգ պարունակող հատվածները, ապա ճանապարհի որակյալ վերակառուցման և գրունտային աշխատանքների իրականացումը կվտանգվի:
«ՀԷԿ-ի սեփականատերը պետք է ճանապարհը բերի նախնական տեսքի և հանձնի ճանապարհ վերանորոգողներիս` գրունտային աշխատանքները կատարելու համար»,- ասաց Հովհաննես Քենցյանը:
Նա նաև նշեց, որ Ձորագետ-Աթան ճանապարհի բարեկարգման նախահաշվային արժեքների մեջ տեղ է գտել ճանապարհի մյուս հատվածների փլուզումների և սողանքների վերացումը: Դրան նախագծանախահաշվային փաստաթղթերում ճարտարապետները տվել են գաբյոնային լուծումներ. բացվելու են ճանապարհաեզրերի կանալները, կարգաբերվելու են կողնակները:
Շինարարական տեղամասում «Վլհագ» ՍՊԸ-ի տնօրենը կատարում էր ճանապարհի շինարարության կազմակերպչական աշխատանքներ: «Հավանաբար մեկ շաբաթից հետո արդեն շինարարական աշխատանքները կմտնեն հունի մեջ: Ուղղակի հատկացված միջոցները շատ սուղ են, դրա համար էլ ճանապարհի վերակառուցման քիչ աշխատանքներ են նախատեսված»,- ասաց «Վլհագի» տնօրենը:
Ըստ նրա` Ձորագետ-Աթան ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ:
Մեկնաբանել