
«Հրապարակ». 2-ն ընդդեմ 22-ի
Նախորդ օրը «Ժառանգության» քաղխորհրդի նիստը տևել է 3 ժամ և անցել է բավական լարված մթնոլորտում` 2-ն ընդդեմ 22-ի ֆորմատով: Նիստին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը նախ լսել է «կողմերին», ապա ընդվզող կողմին առաջարկել է վերջնագրերով չխոսել, ինքը ևս կողմ է եղել մանդատները վերցնելուն:
Օրակարգի միակ հարցը, բնականաբար, առնչվել է Երևանի ավագանու մանդատների ճակատագրին: Դրանք վերցնելուն դեմ են արտահայտվել «Բարև, Երևանի» համամասնական ցուցակից Ալեն Սիմոնյանը և Սուսաննա Մուրադյանը: Ա. Սի-մոնյանն իր տեսակետը հիմնավորել է հերթական չընտրված մարմինը չլեգիտիմացնելու պատճառաբանությամբ, Ս. Մուրադյանը նշել է, որ համաձայն կլինի մանդատները վերցնելուն այն դեպքում, եթե հերթականությունը «Ժառանգության» շահերից բխի:
Թերթի հիշեցմամբ` «Բարև Երևանի» ցուցակից ավագանու մանդատ են ստանալու 6 պատգամավորներ: Ս. Մուրադյանի ակնարկը, ըստ թերթի աղբյուրների, առնչվել է ԺՈւԿ ներկայացուցիչ Էմանուել Գասպարյանին, որը նույնպես ցուցակով ավագանու անդամ կդառնա: «Միջնորդությունը» չի ընդունվել: Եթե ընդունվեր, նրա փոխարեն մանդատ կստանար երգիչ Արթուր Իսպիրյանը, որի կատարմամբ էր հնչում «Բարև Երևանի» հիմնը:
Ինչ վերաբերում է մանդատ վերցնելու ջատագովներին, ապա նրանք գտել են, որ պետք է վերցնել ու «ճակատամարտել»` թույլ չտալով ապօրինի որոշումներ, հողհատկացումներ և այլ անօրինականություններ քաղաքապետարանում:
Ի դեպ, ինքնաբացարկի դիմում ներկայացրած «Ա1+»-ի ղեկավար Մելս Մովսեսյանը չի մասնակցել քաղխորհրդի նիստին, սակայն, որպես բարի կամքի դրսևորում, տեղյակ է պահել, որ ուղիղ եթերով կհեռարձակի ավագանու նիստերը:
Մեկնաբանել