
Գլխավոր փորձագետ. Հայաստանում երբևէ չի եղել այնպիսի տեխնածին վթար կամ դեպք, երբ վերելակի ճոպանը կտրվի
Այն ժամանակից ի վեր, ինչ Հայաստանում տեղադրվել են վերելակներ, չի եղել այնպիսի մի տեխնածին վթար կամ դեպք, երբ վերելակի ճոպանը կտրվի: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի պաշտոնական հայտարարություն արեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ եթե Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը բացասական եզրակացություն է տրամադրում որևէ արտադրական վտանգավոր օբյեկտի, այդ թվում նաև վերելակի շահագործմանը, ապա ժամերի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարը տալիս է տվյալ վտանգավոր օբյեկտի շահագործումը դադարեցնելու մասին կարգադրագիր:
«Իսկ եթե մենք տալիս ենք բացասական եզրակացություն, և կոնկրետ դուք եք օբյեկտը շահագործողը, և անտեսելով մեր բացասական եզրակացությունը, չգնահատելով ռիսկայնությունը, շահագործում եք, արդեն ուրեմն դուք եք ձեզ համար պրոբլեմ ման գալիս, ոչ թե մենք: Իսկ եթե տալիս ենք եզրակացություն, չի նշանակում, որ մենք պահակ ենք»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ եթե տեխնիկական քննության ընթացքում պարզվում է, որ տեխնածին վթարի հետևանքը տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության սխալ լինելն է, փորձագետի սխալն է, ապա փորձագետը ենթարկվում է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության:
Մեկնաբանել