HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Եթե մեկին «չոռ» ասես, բարոյապես կփոխհատուցես, իսկ եթե բռնաբարես՝ ոչ

Վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացմանն անդրադառնալով՝ փաստաբան Կարեն Մեժլումյանն ասում է, որ իբրեւ հիմնավորում ապաքրեականացման հեղինակները նշել են, թե հիշյալ արարքների համար քրեական պատասխանատվությունը եվրոպական չափանիշներով անհամաչափ խիստ է, ուստի անհրաժեշտ է խնդիրը տեղափոխել քաղաքացիաիրավական հարթություն եւ նախատեսվող պատիժը մեղմացնել:

Սակայն, եթե Քրեական օրենսգրքով կրկնակի վիրավորելու համար նախատեսված էր առավելագույնը 800 հազար դրամի տուգանք, հիմա՝ ապաքրեականացումից հետո, այս թիվը վիրավորելու համար հասել է 1 միլիոն դրամի:    

«Եվ եթե վիրավորանքն այն ժամանակ պատժվում էր, եթե ոչ պարկեշտ ձեւով էր արված, այսպես ասենք՝ հայհոյանք կամ դրա նման որեւէ բան, այժմ «ոչ պարկեշտ» ձեւակերպումը հանվել է, այսինքն՝ ընդլայնվել են սահմանները. ցանկացած քննադատություն այսօրվա պայմաններում կարող է համարվել վիրավորանք»,- նկատում է փաստաբան Մեժլումյանը:

Այսօր Փաստաբանների պալատում հրավիրվել էր քննարկում-խորհրդակցություն՝ վիրավորանքի եւ զրպարտության գործերով վերջին շրջանում ԶԼՄ-ների նկատմամբ հաճախակի ներկայացվող հայցապահանջների կապակցությամբ: Մասնակցում էին փաստաբաններ, Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր Գիտավերլուծական կենտրոնի ղեկավար Արա Զոհրաբյանը, Դատական դեպարտամենտի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Կարեն Մեժլումյանն իր մտահոգությունները հայտնում էր հենց այս քննարկման շրջանակներում:

Անդրադառնալով զրպարտությանը, նա նշեց, որ առաջ Քրեական օրենսգրքով դրա համար սահմանված էր գույքային պատասխանատվություն՝ առավելագույը 1 միլիոն դրամի չափով, հիմա ոչ քրեական համարվող այս արարքի համար վճարվելիք գումարի չափը  կրկնակի ավելացել է:

«Այսինքն՝ ներկայացվեց մի հիմնավորում, որ սա խիստ է, պետք է մեղմացնել, արվեց հակառակը»,- ասում է փաստաբան Մեժլումյանը եւ մանրամասնում, որ Քրեական օրնսգրքով պատասխանատվություն սահմանելիս հստակ շեշտվում էր՝ «ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար», այժմ հանվել է նաեւ «ակնհայտ սուտ» ձեւակերպումը:

«Այսինքն՝ «Хотелось лучше, а получилось как всегда», կամ էլ մի գուցե «не хотелось», ուղղակի այդպես էին ներկայացնում»,- ասում է Մեժլումյանը:

Վերջինիս խոսքերով՝ այսօր ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը վիրավորանքի եւ զրպարտության դեպքում, ըստ էության, նախատեսել է բարոյական վնասի փոխհատուցում. «Ինչո՞ւ պետք է խոսքով «չոռ» ասելը բարոյական վնասի փոխհատուցման խնդիր առաջացնի, իսկ անձին բռնաբարելը՝ ոչ: Եթե բարոյական վնասի փոխհատուցման իրավունք է տրվում, այն պետք է տրվի բոլորին: Ողջ քաղաքակիրթ աշխարհն այդ իրավունքն ունի, իսկ խոսքով պատճառված վնասի բարոյական փոխհատուցունը վերջին տեղերն է գրավում»:

Կարեն Մեժլումյանը խոսեց նաեւ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ հայց ներկայացնողների կողմից, իբրեւ փաստաբանական ծառայությունների համար վճարված ծախս, ահռելի չափի գումարների պահանջի մասին, երբ կարծես պրակտիկա է դառնում, որ նման դեպքերում վիրավորված հայցվորի փաստաբանին փոխհատուցվում է 3 միլիոն դրամ:

«Սրանք այնպիսի գործեր են, որով հայցվորը միայն ասում է, որ հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նրա փաստաբանը նվազագույն աշխատանք է կատարում, իսկ ապացուցման բեռն ամբողջությամբ կրում է պատասխանող՝լրատվամիջոցը»,- նկատում է Մեժլումյանը:

Նա Արա Զոհրաբյանին խնդրեց Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր Գիտավերլուծական կենտրոնում վերոնշյալ խնդիրները դարձնել քննարկման առարկա եւ նշեց, որ իր կարծիքով՝ նշյալ ապաքրեականացված օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ուստի անհրաժեշտ է դիմել նաեւ ՍԴ-ին:

Կարեն Մեժլումյանը նշեց նաեւ, որ թերթերից մեկի դեմ ներկայացված նմանատիպ հայցով ինքը դատարանում պաշտպանում է լրատվամիջոցի շահերը եւ միջնորդելու է, որպեսզի դատարանն ինքը դիմի Սահմանադրական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter