Համագործակցության առաջարկ` գյուղնախարարությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության Արևելյան հանձնաժողովի պատվիրակության անդամներ, «ԿԼԱՍ» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային փոխտնօրեն Ռայներ Թաուշերին, Գերմանական Բիզնես Ասոցիացիայի տնօրեն Պատրիկ Յունգին և ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան քարտուղար Կոնստատնտին Ցելենտին:
«Կլաս»-ը գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ Եվրոպայում հայտնի 100-ամյա ընկերություն է, և հյուրերի կողմից այցելության նպատակը վերջինիս արտադրանքը Հայաստանում իրացնելու հնարավորության ուսումնասիրությունն էր:
Նրանք նշեցին, որ ԱՊՀ տարածքում արդեն որոշակի հետաքրքրություն կա իրենց արտադրանքի նկատմամբ, և այս առումով իրենք կցանկանային համագործակցել նաև Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում էր նաև համագործակցությունը բուհական հաստատությունների հետ` գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման հարցերում օժանդակելու նկատառումներով:
Հյուրերի խնդրանքով համառոտ ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացումն այսօր խիստ արդիական է Հայաստանում, այս ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, ուստի «Կլաս»-ի առաջարկը նույնպես հետաքրքիր է:
«Այն կուսումնասիրվի և ձեռքբերման ու ներկրման ընդունելի պայմանների պարագայում հնարավոր կլինի սկիզբ դնել նոր համագործակցության»,- նշեց նախարարը` առաջարկելով սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն ընկերության արտադրանքի մասին: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել