Արմեն Գևորգյանն այցելել է Տավուշի մի քանի գյուղ և Դիլիջան
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ, այսօր Տավուշի մարզում ծանոթացավ Հաղարծին և Աղավնավանք համայնքների դպրոցների վերանորոգման աշխատանքներին, որոնց համար ծրագրով հատկացվել է համապատասխանաբար 19.2 և 28.8 մլն դրամ: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, և նախատեսվում է ավարտվել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը:
Ա. Գևորգյանը ծանոթացավ նաև Հովքի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներին, որոնց համար նույն ծրագրով հատկացված է 19.2 մլն դրամ:
Ա. Գևորգյանն Ա. Ղուլարյանի հետ քննարկեց մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքը: Անդրադարձ եղավ նաև «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին: Փոխվարչապետը հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող ծրագրերի ընթացքը` թե աշխատանքների կատարման ժամկետների ապահովման, թե որակի առումով:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ` Ենոքավան համայնքում փոխվարչապետն Ազգային ժողովի պատգամավոր Մ. Վարդանյանի հետ մասնակցեց համայնքի գազաֆիկացմանը նվիրված արարողությանը: Գազաֆիկացման աշխատանքներն իրականացվել են համայնքային միջոցներով` պատգամավորի աջակցությամբ: Անտառամերձ համայնքի համար գազաֆիկացումը կարևոր նշանակություն ունի նաև անտառպահպանման առումով:
Դիլիջանում Ա. Գևորգյանը ծանոթացավ Թախտա թաղամասի նախկին մանկապարտեզի շենքը որպես տարրական դպրոց վերակառուցելու աշխատանքներին, որոնք կավարտվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: Այս դպրոցի վերանորոգման անհրաժեշտությունն առաջացել էր ավագ դպրոցների ձևավորմամբ, որի արդյունքում քաղաքի որոշ թաղամասերի երեխաների համար դժվարացել էր հասնել տարրական դպրոց: Դպրոցի վերանորոգման համար առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հատկացվել է 38.4 մլն դրամ:
Մարզային այցի ավարտին փոխվարչապետը եղավ Դիլիջանում` «Միմինո» հուշարձանի հանդիսավոր բացմանը, որին մասնակցում էին հյուրեր Ռուսաստանից և Վրաստանից: Դիլիջանում այդ ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացման գաղափարը պատկանում է Ռուսաստանի Վլադիմիրի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին և ռուս բարերարներին, որոնց միջոցներով էլ կանգնեցվել է հուշարձանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել